ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 16-ին պաշտպանության բանակի սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝  խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը, ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, ՊԲ սննդի մատակարարման ընկերությունների ներկայացուցիչներ, այլ պատասխանատուներ:

Բարձր գնահատելով վերջին շրջանում պաշտպանության բանակի սննդի կազմակերպման գործում իրականացված բարեփոխումները՝ երկրի ղեկավարը նշել է, որ ԱՀ կառավարությունը շահագրգռված է, որ մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները:

«Վերջին տասնամյակում այս ուղղությամբ ձեռքբերումներն ակնառու են, բայց նախանշված ծավալների

ավելացումը և մատակարարման գործում նոր ընկերությունների ներգրավումն ավելի կխրախուսեն տեղական արտադրությունը»,- ասել է նախագահ Ա. Հարությունյանը:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են բանակի ու մասնավոր հատվածի միջև համագործակցության հնարավորությունները և այդ ուղղությամբ գործող պետական աջակցության ծրագրերը: