Փաշինյան, իսկապե՞ս Քրիստոսն եք… Թե՞ ՀՀ բժշկությունը Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի բժշկությունից ավելի զորավոր է

Հեռակա մենախոսություն Փաշինյանի հետ` նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի առնչությամբ

Փաշինյան, այսօր` հունիսի 13-ին, ոչ թե ես, այլ ինքներդ եք հայտարարել Facebook-ի ձեր էջի ուղիղ եթերում, ասել բառացիորեն հետևյալը. «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն. երեկ ունեցել ենք նոր ռեկորդ. 723 նոր դեպք ենք արձանագրել, մահերը թիվը` 6, բուժվածների թիվը` 442»:

Հիշենք, որ հունվարի 12-ին հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն, հունիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 612 նոր դեպք, ապաքինվել է ևս 173 մարդ, արձանագրվել է մահվան 13 դեպք:

Բացի նրանից, որ 723 հաստատված նոր դեպքը, որքան էլ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանի համար շատ մեծ, այնուամենայնիվ, մեր իրականության մեջ չի կարելի համարել նոր ռեկորդ, քանի որ ռեկորդը,  հունիսի 7-ին հայտարարվածի համաձայն, գրանցվել է հունիսի 6-ին` նոր կորոնավիրուսով հիվանդության հաստատված 766 նոր դեպք, մնացյալը, այո, շատ ճիշտ եք ասում` կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն:

Ես նույնիսկ հակառակը կասեի` կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը վատ են, նույնիսկ շատ վատ, որովհետև բավականաչափ պատկերացնում եմ ու գիտեմ. Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգը, որը, ինչպես մի քանի օր առաջ ասացիք, ճկռում է ծանրաբեռնվածությունից, այսպես շարունակվելու դեպքում շուտով, նույնիսկ մեծագույն ցանկության, ճիգ ու ջանքի պարագայում, այլևս չի կարողանալու դիմանալ հարաճուն ծանրաբեռնվածությանը: Եվ հենց այդ ժամանակ կտրուկ բարձրանալու են մահացության թվերը:

Ոչ թե ես, այլ այսօրվա նույն եթերում դարձյալ դուք եք հայտարարել. «Ես պետք է անկեղծ ասեմ, որ դառնացած եմ ոչ միայն այս թվերի հետ կապված: Ես Սևանից եմ աշխատանքի եկել և նույնիսկ մեքենայի պատուհանից երևում է, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել կանոնները: Ամենաբացահայտը դիմակի կրումն է: Սկսել եմ մտածել, որ այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից»:

Փաշինյան, ես էլ եմ դառնացած, ու դարձյալ` ոչ միայն այս թվերի հետ կապված, այլև այս թվերին հանգեցրած, այս թվերի պատճառ հանդիսացող ձեր ու ձեր համապատասխան ենթակաների, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունբի առնչությամբ: Դառնացած եմ մեր հանրապետություն նոր կորոնավիրուսի ներթափանցումը, դրանից հետո երկրում վարակի տարածումը կանխելու, նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ձեր, ձեր նշանակած և ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի, պարետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականության` կատարած մի շարք սխալ, անթույլատրելի հայտարարությունների և գործողությունների, ինչպես նաև, երբ անհրաժեշտ էր գործել, հանցավոր անգործության կապակցությամբ: Մի խոսքով, այդ պայքարը ձախողել եք խայտառակ կերպով:

Դուք Սևանից աշխատանքի վերադառնալիս եք մեքենայի պատուհանից տեսել, որ մարդիկ շարունակում են համատարած չպահպանել հակահամաճարակային կանոնները, ես մի քանի օր առաջ մայրաքաղաքի կենտրոնում եմ տեսել տասնյակ մարդկանց, որոնք չեն պահպանում այդ նույն կանոնները:

Հանուն ճշմարտության պետք է ասեմ, որ Երևանի կենտրոնում հիմա որոշ առումով իրավիճակ է փոխվել. ձեր աշխատավայրի հարևանությամբ, «Վերնիսաժի» պուրակում մարդկանց 10-15 տոկոսն էր առանց շնչադիմակի, անհամեմատ շատ էին սոցիալական հեռավորություն չպահպանողները: Նկատեցի նաև բազմաթիվ մարդկանց, որոնք թեև դեմքերին շնչադիմակ ունեին, բայց չէին օգտագործում այն:

Միաժամանակ նշեմ, որ պուրակում բազմաթիվ ոստիկաններ կային, որոնք այս ամենի հանդեպ անտարբեր էին. շուրջ մեկուկես ժամվա ընթացքում չտեսա որևէ դեպք, որ ոստիկանը մոտենար կարգազանց քաղաքացուն ու տուգանքի արձանագրություն կազմեր: Գուցե ձեր կամ կառավարության որոշմամբ դրամական պա՞րգև սահմանեք այն անձանց համար, որոնք նման դեպքերում ոստիկանների անգործությունն անվիճելիորեն փաստող տեսանյութեր կամ լուսանկարներ կներկայացնեն… Հը, ի՞նչ կասեք, մտածեք այս ուղղությամբ, չէ՞ որ քաղաքացիներին առաջարկում էիք լուսանկարել ավտոմեքենաներում շնչադիմակ չդրած անձանց և ուղարկել լուսանկարները, որի դեպքում, բացի վարորդից, հնարավոր չէ լուծել ավտոմեքենայում գտնված կարգազանց ուղևորների նույնականացման խնդիրը, թեկուզ, ավտոմեքենայի համարանիշերը նկարելու դեպքում:

Հակահամաճարակային կանոնների պահպանման առումով Երևանից շատ ավելի վատ վիճակ է մարզերում, իսկ Երևանում սոցիալական հեռավորությունը զանգվածաբար չպահպանելու խնդրից բացի, առկա է նաև 6 տարեկանից բարձր երեխաների շրջանում հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չպահպանելու խնդիրը: Տեսեք, թե ինչ է կատարվում հատկապես բակերում… Այս պարագայում մանկապարտեզներում դաստիարակների հետևելը, որպեսզի երեխաները սոցիալական հեռավորություն պահպանեն, դառնում է արդյունավետությունից գրեթե զուրկ և անլուրջ:

Այո, ճիշտ եք սկսել մտածել, որ «այստեղ խնդիրը արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից», ուղղակի դա պետք է սկսեիք մտածել այն պահից սկսած, երբ հայտարարեցիք, թե «կորոնավիրուսն ում շունն ա»: Ձեր և Արսեն Թորոսյանի նմանաբնույթ մյուս հայտարարությունների մասին էլ չհիշեցնեմ…

Խնդիրն արդեն դուրս է եկել կորոնավիրուսի շրջանակից, որովհետև մարդիկ այլևս չեն հավատում ձեզ ու ձեր իշխանությանը, կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու, սահմանափակելու, զսպելու դեմ ձեր պայքարը համարում են անլուրջ: Իսկ գիտե՞ք ինչու, բացի ձեր ու ձեր որոշ ենթակաների հայտնի հայտարարություններից…  Հիմա փորձենք բացատրել…

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ընդամենը երեք օր առաջ, պարետատան 2020թ. հունիսի 10-ի նիստից հետո դուք ասել եք, որ «Կորոնավիրուսի ցուցանիշները Հայաստանում կայունացման թույլ և նախնական նախանշաններ են ցույց տալիս»,  կայունացման առաջին նախանշանները կան:

«Իհարկե, կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա, մենք երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, առողջապահության նախարարության և կառավարության գործադրած, ընդհանուր առմամբ, ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար, և, ըստ էության, մենք հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է…»,- ասել եք դուք:

Մեր հրապարակումներից մեկում արդեն նշել, թվերով ու փաստերով ապացուցել ենք, որ ձեր վերոնշյալ հայտարարությունը` հիմնված ոչ թե դրան նախորդած գոնե վերջին մեկ շաբաթվա պաշտոնական վիճակագրությամբ արտահայտված իրողությունների, այլ ընդամենը մեկ օրվա` հունիսի 9-ի անբավարար, խաբուսիկ տվյալի (հիվանդության հաստատված նոր դեպքերի քանակի համեմատ ապաքինվածների քանակի գերազանցումը) վրա, չի համապատասխանում իրականությանը: Եվ, ահա, հիմա` ձեր վերոնշյալ հայտարարությունից ընդամենը 3 օր հետո, դարձյալ դուք հայտարարել եք, որ «Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն»:

Այո՛, այս վերջին դեպքում ճիշտ եք ասել, բայց բոլորը չէ, որ գիտեն դա ու համոզված են այդ հարցում, հետևաբար մտածում են, թե ձեր այս հակասական հայտարարություններից ո՞ր մեկին հավատալ… Եվ շատերը հավատում են հենց առաջին հայտարարությանը, քանի որ այն թեև սուտ, բայց քաղցր սուտ է, իրենց հաճելի և ձեռնտու սուտ` այն առումով, որ այդ ստին (կայունացում է տեղի ունենում, «կայունացումը դառնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար») հավատալու պարագայում, ցավոք, ինքնահանգստանում են, իրենց այնքան էլ պարտավորված չեն զգում պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնց պահպանումը բոլորիս համար էլ որոշակի դժվարությունների, խնդիրների հետ է կապված:

Եվս մեկ օրինակ, թե ինչու են շատ մարդիկ անլուրջ համարում ձեր ու ձեր իշխանության հիշյալ պայքարը: Պահանջում եք սոցիալական հեռավորություն պահպանել, շատ լավ, շատ ճիշտ պահանջ է, ես էլ եմ նույնը պահանջում իմ շրջապատից: Բայց տեղյակ չե՞ք, որ ավտոբուսներում, հատկապես երթուղային միկրոավտոբուսներում, որոնց աշխատանքը վերականգնեցիք մայիսի 18-ից, օրվա ընթացքում հազարավոր ուղևորներ միմյանցից ոչ թե 2, այլ ընդամենը կես մետր հեռավորության վրա նստած են երթևեկում, ընդ որում, այդ առումով որևէ կերպ չխախտելով պարետի սահմանած կարգը: Դրանից հետո այդ մարդիկ մտածում և ասում են, որ սոցիալական հեռավորություն պահպանելու ձեր պահանջն ընդամենը կապիկություն կամ դերասանություն է:

Պահանջում եք շնչադիմակ օգտագործել, շատ ճիշտ պահանջ է, ես էլ եմ նույնը պահանջում, բայց չգիտե՞ք դրանց գինը… Մի քանի օր առաջ դեղատնից սովորական շնչադիմակի հատը 200 դրամով եմ գնել: Մոռացե՞լ եք Արսեն Թորոսյանի ասածը, որ դրանք 1.5-2 ժամը մեկ պետք է փոխել, որովհետև խոնավանալու պատճառով կորցնում են իրենց արդյունավետությունը, դրանց վրա թե դրանց մեջ փոշի ու բակտերիաներ են հավաքվում, որոնք մարդու առողջության համար վտանգավոր են:

Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, թե դրանք կարելի է մինչև 4 ժամ օգտագործել (տվյալ խնդրից Սատանան էլ երևի արդեն գլուխ չի հանում…), աշխատող մարդը տանից մոտ 12 ժամ դրսում է լինում (առնվազն մոտ 8 ժամ իր աշխատանքն է, դրանից բացի ժամանակը ծախսվում է նաև տրանսպորտով գործ գնալու-վերադառնալու, գնումների և այլնի վրա), իսկ 3 շնչադիմակի արժեքը կազմում է 600 դրամ, ամսական` մոտ 18 000 դրամ, պետությունը տալի՞ս է նրանց այդ գումարը… Դե տվեք, հետ պահանջեք տարբեր պաշտոնյաներին տրված, ընդհանուր առմամբ, մի քանի միլիարդ դրամի հասնող պարգևավճարները և տվեք նրանց:

Տվեք ամսական, թեկուզ, 9000 դրամ, եթե պնդեք, թե հոգացել եք, որ լինեն 100 դրամով վաճառվող շնչադիմակներ, որոնց տեղն այդպես էլ չկարողացա իմանալ:Սիրում եք շատ բան մանրամասն հրապարակել, հրապարակեք նաև այն որոշակի հասցեները, որտեղ վաճառվում են 100 դրամանոց շնչադիմակներ:

Մեկ այլ օրինակ էլ բերեմ, թե ինչու են ձեր հայտարարությունները համարում հակասական և անլուրջ, չեն հավատում դրանց և անլուրջ են համարում նաև նոր կորոնավիրուսի դեմ պայքարը:

Վերջերս հայտարարեցիք, թե վարակվել եք նոր կորոնավիրուսով ու վարակել ձեր գրեթե ողջ ընտանիքին (բացի բանակում գտնվող ձեր որդուց): Դեռ այն ժամանակ շատ մարդիկ չհավատացին ձեր այդ հայտարարությանը, մտածեցին, որ ստում եք, որովհետև չնայած ողջ ընտանիքով մի վիրուսով վարակված լինելուն, որի` ձեր օրգանիզմում հետագա զարգացման ընթացքը, ձեր իսկ խոստովանությամբ, դեռ անորոշ էր, այսինքն` կարող էր և վտանգավոր ընթացք ունենալ, այդ մասին հայտարարեցիք ժպտալով ու ծիծաղելով: Նշված հայտարարությունից շուրջ մեկ շաբաթ հետո հայտարարեցիք, թե ձեր ու ձեր ընտանիքի անդամների թեստավորումը բոլորիդ պարագայում բացասական արդյունք է տվել, դուք այլևս վարակակիր չեք համարվում: Ինչպես, այդ ինչ հրաշքով… Իսկապե՞ս Քրիստոսն եք… Թե՞ ՀՀ բժշկությունը Ռուսաստանի ու Մեծ Բրիտանիայի բժշկությունից ավելի զորավոր է…

Դե հիմա մարդիկ ինչպե՞ս չմտածեն, որ ստել եք ձեր ու ձեր ընտանիքի վարակված լինելու վերաբերյալ, կամ թեստերը, որոնցով ստուգվել եք, բանի պիտանի չեն, խոտան են կամ մեծ սխալմունքով են արդյունքներ տալիս: Իսկ եթե կատարվածի հիմքում այս վերջին բացատրությունն է ընկած, պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե Հայաստանում շուտով ինչ մղձավանջային վիճակ է առաջանալու` հազարավոր մարդիկ, որոնք նոր կորոնավիրուսով վարակված չեն, կարող են դեղեր օգտագործելորպես այդ վիրուսով հիվանդներ, հազարավոր մարդիկ, որոնք իսկապես վարակված են, կարող են համարվել չվարակվածներ, և չմեկուսացվելով, բաց թողնվելով հասարակության մեջ, կարող են վարակել բազմահազար մարդկանց, եթե նրանց մոտ այդպես էլ ախտանշաններ ի հայտ չգան կամ դրանք լինեն թույլ արտահայտված:

Արթուր Հովհաննիսյան