Որ այլևս ԼԳԲՏ-ների թանին թթու ասող չլինի, պոկել 1 միլիոն, ստիպել ներողություն խնդրել, խեղճացնել ԶԼՄ-ներին ու լրագրողներին

Ինչ էր ուզում 2019թ. ապրիլի 5-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից որպես տրանսգենդեր հանդես եկած «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ից:

Պահանջը, ինչպես արդեն տեղեկացրել ենք «Էլթոն Ջոնի ասած փոփոխությունների ցունամիից ոգևորված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց» վերտառությամբ մեր հոդվածով, հետևյալն էր` հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից` իր նկատմամբ «Իրատես» թերթի 2019թ. ապրիլի 9-ի համարում «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերտառությամբ հոդվածում հրապարակված և իր կողմից վիրավորական համարված «այլասերված», «սոդոմական մեղքի մեջ գտնվող» արտահայտությունների համար, ինչպես նաև պատասխանող «Տեսակետ» ՍՊԸ-ից, որպես փոխհատուցում,  հօգուտ իրեն բռնագանձել 1 000 000 դրամ:

Այնուհանդերձ, վերը նշվածը, կարծում եմ, տրանսգենդերի սոսկ պաշտոնական, նրա հայցում ձեևակերպված պահանջն էր արտահայտում, իսկ նպատակը չէր սահմանափակվում սոսկ նրանով, որ պատասխանողին պարտավորեցվեր իրենից հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև «Տեսակետ» ՍՊԸ-ից հօգուտ իրեն, որպես փոխհատուցում, 1 մլն. դրամ բռնագանձել:

Հակված եմ այն կարծիքին, որ «Իրավունքի կողմ» ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը զուգահեռաբար նպատակ ուներ և այժմ էլ նպատակ ունի Հայաստանում խեղճացնել մեր ազգային և քրիստոնեական արժեհամակարգի, ավանդույթների պաշտպան բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին, որպեսզի հօգուտ իրեն դատական վեճի հանգուցալուծումը նախադեպ լինի, ԶԼՄ-ների ու լրագրողների նույնիսկ մտքով չանցնի քննադատել իրեն և սեռական մյուս փոքրամասնությունների ներկայացուցիչների քննադատության արժանի պահանջներն ու վարքը, հանրությանը ներկայացնել ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց ոչ ձեռնտու իրականությունը:

Չեմ բացառում, որ իր այս նպատակին հասնելու համար Լիլիթ Մարտիրոսյանն առաջիկայում կարող է ունենալ ԼԳԲՏ անձանց «իրավունքների» պաշտպան միջազգային կազմակերպությունների, ՀՀ-ում Սորոսի և Արևմուտքի այլ «գրանտներով» գործող մի շարք ՀԿ-ների, ինչպես նաև Հայաստանում արևմտյան որոշ պետությունների դեսպանատների և ՀՀ որոշ իշխանավորների արտաքուստ չարտահայտվող աջակցությունը: Դա շատ պարզ կերևա առաջիկայում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների պահվածքից ու, հատկապես, նրանց կայացրած վճռից, եթե Լիլիթ Մարտիրոսյանը դիմի Վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ`դատավոր Զարուհի Նախշքարյանի) ՀՀ օրենսդրության պահանջներից և արդարադատության հրամայականից բխող ս. թ. հունիսի 2-ի իր վճռով, առավել քան բավարար հիմնավորումներով մերժեց իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը: Գործի քննությամբ դատարանի կատարած վերլուծությունը շատ ծավալուն է, հետևաբար կաշխատենք այն հնարավորինս սեղմ ներկայացնել:

Լսելով կողմերի բացատրությունները, ուսումնասիրելով հայցվորի և պատասխանողի կողմից վկայակոչած հանրամատչելի էլեկտրոնային տեղեկատվական աղբյուրները և բառարանները, քաղաքացիական գործում եղած բոլոր գրավոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա գնահատելով յուրաքանչյուր ապացույց, դատարանը հանգեց մասնավորապես հետևյալին.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն,սույն օրենսգրքի իմաստով` վիրավորանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակով կատարված հրապարակային արտահայտությունն է: Սույն օրենսգրքի իմաստով` հրապարակային արտահայտությունը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ կարող է չհամարվել վիրավորանք, եթե այն հիմնված է ստույգ փաստերի վրա (բացառությամբ բնական արատների) կամ պայմանավորված է գերակա հանրային շահով:

Ինչպես նշված է դատարանի վճռում, ՀՀ Վճռաբեկ դատարանն իր 27.04.2012 թվականի թիվ ԼԴ/0749/02/10 քաղաքացիական գործով որոշմամբ արձանագրել է. «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների հայեցողական լիազորության ճիշտ կենսագործման համար անհրաժեշտ է հաշվի առնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) կողմից սահմանված չափորոշիչները խոսքի ազատության իրավունքի և դրա սահմանափակումների վերաբերյալ, մասնավորապես.

  1. Խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները պետք է նախատեսված լինեն օրենքով,
  2. Դրանք պետք է անհրաժեշտ լինեն ժողովրդավարական հասարակությունում,
  3. Դրանք պետք է հետապնդեն իրավաչափ նպատակ,
  4. Կիրառված սահմանափակումները պետք է համաչափ լինեն հետապնդվող իրավաչափ նպատակներին»»:

Ըստ ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ վճռի, ուշադրության է արժանի այս հիմնախնդրի առնչությամբ Սլովենիայի Սահմանադրական դատարանի 10.09.2009թ. որոշման մեջ արտահայտված հետևյալ իրավական դիրքորոշումը. «Համեմատելով արտահայտվելու ազատությունը` մի կողմից, և անձնական արժանապատվության իրավունքը` մյուս կողմից, դատարանները նշված իրավունքների միջև հարաբերությունները չեն կարգավորել այնպես, որ արտահայտվելու իրավունքն անհամաչափորեն սահմանափակվի: Իրենց աշխատանքն իրականացնելիս, լրագրողներն օգտվում են արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանության լայն շրջանակից, ինչը պայմանավորված է հասարակության մեջ նրանց ունեցած դերով: Եթե, այնուամենայնիվ, լրագրողները դուրս գան իրենց կողմից ներկայացվող բանավեճի կամ խնդրի շրջանակներից այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնք ներխուժում են տուժող կողմի անձնական իրավունքների մեջ այն ծավալով, որ էլ հնարավոր չէ փաստարկել, որ իրենք իրենց ներդրումն են կատարում հասարակության համար կարևոր հարցերի բաց հանրային քննարկմանը, նրանք չեն կարող պնդել, որ հասարակության մեջ իրենց ունեցած դերը նշանակում է, որ արտահայտվելու իրենց իրավունքը գերակայում է տուժող կողմի անձնական իրավունքներին միջամտելու նկատմամբ: Սահմանադրական դատարանը գտնում է, որ լրագրողների արտահայտվելու ազատությունը պաշտպանվում է, եթե նրանք գործում են իրենց «առաքելության‰ շրջանակներում»»:

Միաժամանակ, ինչպես նշված է դատարանի նույն վճռում, ՀՀ Սահմանադրական դատարանը դեռևս իր ՍԴՈ-278 որոշման մեջ փաստելով, որ Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին 1950թ. կոնվենցիան, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագիրը և միջազգային մյուս համապատասխան փաստաթղթերը յուրաքանչյուրի` ազատորեն արտահայտվելու, այդ թվում սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունն ամրագրելով, դրա իրականացման կարևոր երաշխիք են դիտում պետական մարմինների միջամտության բացառումը, արձանագրել է, որ օրենքով նախատեսվող հնարավոր սահմանափակումները պետք է լինեն համաչափ և բխեն ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ազգային օրենսդրության ժողովրդավարական սկզբունքների էությունից, չպետք է լինեն այնպիսին, որոնք վտանգեն մարդու իրավունքների հիմնական բովանդակությունը։

Բերված մոտեցումների, ինչպես նաև եվրոպական երկրների այլ դատարանների իրավական դիրքորոշումների համեմատական վերլուծությունը մասնավորապես վկայում է, որ`

Կարևորելով խոսքի ու արտահայտվելու ազատության իրավունքի երաշխավորումը ժողովրդավարական հասարակության համար, այն չի կարող անհամաչափորեն սահմանափակվել` վտանգելով սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը:

Գործնական խնդիրն առավելապես ոչ թե օրենքով իրավաչափ սահմանափակումների կամ պատասխանատվության միջոցների նախատեսման մեջ է, այլ վերաբերում է դրանց համաչափության ապահովմանն ու դատական պրակտիկայում դրա երաշխավորմանը՝ որպես պետության անմիջական պարտականություն: Վերջինս պետք է հենվի այն ելակետային սկզբունքի վրա, որ հանրային շահի գերակայության տեսանկյունից լրատվամիջոցի կանխարգելիչ ու հակակշռող նշանակությունն ավելին է, քան նյութական միջոցներով սխալն ուղղելու անհրաժեշտությունը:

Դատարանը կիրառելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշմամբ ամրագրված վավերապայմանները, արձանագրել է, որ սույն գործով պատասխանողի առարկությունների փաստարկները վերաբերվել են «գերակա հանրային շահ» վկայակոչմանը, ինչպես նաև «գնահատող դատողություն»‰ կատարելու ԶԼՄ-ի իրավունքին: Դատարանը խորությամբ քննել է` արդյոք irates.am կայքում լույս տեսած վերոնշյալ հոդվածում առկա արտահայտությունները դրանք հրապարակելու պահին անհրաժեշտ եղե՞լ են ժողովրդավարական հասարակությունում:

Թե՛ հայցվորի, և թե՛ պատասխանողի կողմից դատարանին ներկայացվել են մի շարք հրապարակումներ, որոնք վկայում են խնդրո առարկա հարցի և, մասնավորապես, ԱԺ-ում Լիլիթ Մարտիրոսյանի հիշյալ ելույթի` հասարակության մեջ լայն հնչեղություն ստանալու և ուշադրության ու քննարկման կենտրոնում լինելու մասին: Ճիշտ եզրահանգումներ կատարելու համար դատարանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել հայցվորի կողմից որպես վիրավորանք ներկայացվող արտահայտությունները` ներկայացված նյութի համատեքստում:

Եվրոպական դատարանի և ՀՀ Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումների լույսի ներքո դատարանը եզրակացրել է, որ հայցի առարկա արտահայտությունները պետք է ընկալել տվյալ պահին ՀՀ-ում Եվրոպական դատարանի կողմից օգտագործվող «հասարակական խիստ անհրաժեշտություն» եզրույթի համատեքստում, մասնավորապես, խնդրո առարկա երևույթների նկատմամբ գաղափարների և տեղեկատվության անհրաժեշտություն արդյոք առկա՞ է հասարակության մոտ, թե ոչ, և պատասխանողի կողմից հրապարակված նյութում առկա ու հայցվորի կողմից որպես վիրավորանք ներկայցվող արտահայտություններն արդյոք համաչա՞փ են եղել հետապնդվող նպատակին, այն է՝ «գերակա հանրային շահին»:

2019թ. ապրիլի 9-ին հրապարակած հոդվածում հեղինակն անդրադարձել է Լիլիթ Մարտիրոսյանի` ԱԺ ամբիոնից վերոնշյալ ելույթին, որը համադրել է ՀՀ քաղաքական, հասարակական միավորումների, կրոնական, առանձին հանրային գործիչների արտահայտած դիրքորոշումների հետ, ներկայացրել է իր տեսակետը տրանսգենդերների գործունեության, իրավունքների, քարոզչության հարցերի շուրջ: Ըստ դատարանի վճռի, հոդվածի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ հոդվածում հեղինակն առաջարկել է ընթերցողին քննարկման առարկա դարձնել ոչ թե անձնապես հայցվորի անհատական հատկանիշները, այլ ուշադրություն է հրավիրել սեռափոխությանը և համասեռականությանը՝ որպես ներկայիս հայաստանյան հասարակության շրջանում առկա երևույթների:

Ընդ որում, ինչպես վերը հիշատակված նյութերով, այնպես էլ տվյալ ժամանակահատվածում ԶԼՄ աղբյուրների ուսումնասիրությունն ակնհայտորեն ցույց է տվել, որ 05.04.2019թ. ուղիղ հեռարձակվող ելույթից հետո այդ թեմաներին անդրադարձել են հայաստանյան, առանց բացառության, բոլոր զանգվածային լրատվամիջոցները, մեծ թվով քաղաքական, հասարակական և կրոնական կազմակերպություններ և անհատ գործիչներ, ինչը վկայում է այն մասին, որ տվյալ ժամանակահատվածում ելույթն առաջացրել է հասարակական բարձր հետաքրքրություն և ակտիվ քննարկում:

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նշված իրավադրույթում ամրագրված «գերակա հանրային շահ» եզրույթին, նշել է, որ յուրաքանչյուր դատական գործի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել` արդյոք ներկայացված փաստացի տվյալները տվյալ իրավիճակում և իրենց բովանդակությամբ բխե՞լ են գերակա հանրային շահից, որն անմիջականորեն պայմանավորված է հասարակության տեղեկացված լինելու իրավունքի շահով, արդյոք հանրության համար այդ տեղեկատվությունը զգալիորեն անհրաժե՞շտ է եղել, արդյոք հասարակությունը հետևե՞լ է այդ տեղեկությունների տարածման ընթացքին և սպասել դրանց հետագա հրապարակմանը: «Գերակա հանրային շահը» գնահատելիս վերոնշյալ հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը բխում է նրանից, որ զանգվածային լրատվության միջոցների վրա է դրված հասարակական հետաքրքրություն ներկայացնող ոլորտների և հարցերի վերաբերյալ տեղեկատվության, այդ թվում` գաղափարների տարածման պարտականություն: ԶԼՄ-ների այդ գործառույթին (պարտականությանը) զուգորդվում (համապատասխանում) է հասարակության կողմից տեղեկատվություն ստանալու իրավունքը:

«Գերակա հանրային շահ» եզրույթում օգտագործվող «գերակա» ածականը բնութագրում է հրապարակվող տեղեկատվության հրատապությունը, այդ տեղեկատվության սոցիալական անհրաժեշտությունը: Հետևաբար` դատարանները նշված եզրույթը գնահատելիս օգտվում են որոշակի հայեցողությունից և կոնկրետ դեպքում պետք է որոշեն, թե արդյոք այս կամ այն տեղեկատվությունը պայմանավորվա՞ծ է եղել սոցիալական անհրաժեշտությամբ, թե այն զուտ մասնավոր բնույթ է կրել: Անհրաժեշտաբար պետք է ընդգծել, որ մամուլում հրապարակվող ցանկացած տեղեկություն չի կարող բավարարել ու չի բավարարում այս պայմանին, քանի որ տեղեկությունները հաճախ կրում են մասնավոր բնույթ և չունեն հանրային լայն հետաքրքրություն:

Տվյալ դեպքում դատարանն արձանագրել է, որ հայցվորի 05.04.2019թ. ուղիղ հեռարձակվող ելույթից հետո հասարակությունում քննարկման առարկա է դարձել ինչպես տվյալ ելույթը, այնպես էլ համասեռականությունը՝ որպես երևույթ, և պատասխանողի հեղինակությամբ քննարկվող հոդվածն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդավարական սկզբունքների հաշվառմամբ խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին, հետևաբար, դատարանը գտնում է, որ տվյալ հոդվածը հրապարակելը տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է եղել գերակա հանրային շահով։

Արթուր Հովհաննիսյան