Թրամփը Աստվածաշունչը ձեռքին շրջել է Սպիտակ տան շրջակայքում, կանգ առել նախօրեին հրդեհից տուժած եկեղեցու մոտ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շրջել է Սպիտակ տան շրջակայքում, դիտել Վաշինգտոնի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով հրդեհներից տուժած շենքերը, գրում է The Guardian -ը։

Երկրում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարի մասին Սպիտակ տան Վարդագույն պարտեզում ելույթ ունենալուց հետո պետության ղեկավարը թիկնապահների և լրագրողների ուղեկցությամբ դուրս է եկել Լաֆայեթի պուրակ:

Հայտնի է, որ Թրամփի՝ պուրակ դուրս գալուց մեկ ժամ առաջ ոստիկանությունը լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի օգնությամբ ցրել է այնտեղ հավաքված ցուցարարներին։

Նախագահը շրջել է պուրակով և կանգ առել Սուրբ Հովհաննեսի եկեղեցու մոտ։ 19-րդ դարասկզբի շինությունը պատմական տեսարժան վայր է և նախօրեին խիստ տուժել է հրդեհի հետևանքով։

Աջ ձեռքին պահելով Աստվածաշունչը՝ Թրամփը մոտեցել է շենքին, բարձրացրել այն` ասելով․ «Աստված սեր է»։

Թրամփը ավագ դստեր՝ Իվանկա Թրամփի և նրա ամուսնու՝ Ջարեդ Քուշների հետ լուսանկարվել է եկեղեցու առջև՝ Աստվածաշունչը ձեռքին, ապա լրագրողներին ասել. «ԱՄՆ-ը աշխարհի մեծագույն երկիրն է և այդպիսին էլ կմնա»։

Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է։

Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» էր որակել ԱՄՆ-ում ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերը։