Դատախազը վերացրել է քննիչի որոշումը և Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ հարուցել է քրեական գործ

Դատախազության որոշմամբ վերացվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ասածների համար քրեական գործ չհարուցելու որոշումը, հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրել է  ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

Դատախազությունից հայտնեցին, որ 2020 թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

«Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:

Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,-մանրամասնել են Դատախազության լրատվական բաժնից:

Հիշեցնենք, որ Էդգար Մարուքյանը մայիսի 12-ին ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ներկայացնելով հանցագործության մասին հաղորդում ընդդեմ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի՝ վերջինիս կողմից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների կապակցությամբ։