Հայաստանը` աղետի առջև. COVID-19-ին առնչվող իշխանությունների հանցավոր քաղաքականության հետևանքները

Մեր երկիրը հիմա մի մեծ գժանոցի է նման: Բազմահազար մարդիկ իրենց տգիտության, կրթական, իմացական ցածր մակարդակի, տեղեկացվածության պակասի, տրամաբանելու, վերլուծելու անբավարար կարողությունների, բայց, նախևառաջ, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Թորոսյանի և այլ պաշտոնյաների հայտնի հայտարարությունների և հանցավոր քաղաքականության հետևանքով ոմանց կողմից միտումնավոր տարածվող սուտն ու կեղծիքն ընդունում են ճշմարտության տեղ: Ավելին. իրենք, իրենց հերթին, դառնում դրանք բազմացնողներ և սոցիալական ցանցերում տարածողներ, իսկ ճշմարտությունը հրապարակայնորեն համարում սուտ, կեղծիք, երես թեքում իրականությունից…

Ինչու առաջացավ այս վիճակը. Փաշինյանը, Թորոսյանն իրենց հայտնի հայտարարություններով մեր հասարակության մեծ մասին ենթագիտակցականի մակարդակով ծրագրավորեցին կամ կարողացան ծրագրավորել, նրանց ենթագիտակցության ու գիտակցության մեջ մեխեցին հետևյալը` «Կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչոր պրոբլեմներ առաջացնի» (Փաշինյանն այս մասին «դուխով» հայտարարեց մարտի 1-ին, երբ պաշտոնապես հայտարարվեց ՀՀ-ում նոր կորոնավիրուսով հիվանդության առաջին հաստատված դեպքի մասին), «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա» (Փաշինյանի սիրելի ու հովանավորած կադրը` Արսեն Թորոսյանը, այս հայտարարությունն արել է ՀՀ-ում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի հաստատումից 3 օր առաջ` փետրվարի 27-ին):

Էլի՞ ինչ-որ բաներ հիշեցնենք, օրինակ, «Այո»-ի խայտառակ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ասածը` նոր կորոնավիրուսի հարցը տնական արաղով լուծելու, պինցետով մի կողմ շպրտելու մասին…

Կենսաբանական անվտանգության միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն»‰ կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը (Grigor V. Grigoryan) «Ֆեյսբուք»-ի իր էջում դեռ մարտի 16-ին գրեց.

«Կորոնավիրուսային վարակի վտանգի և Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին բնակչությանը մոլորեցնում են վարչապետի, փոխվարչապետի, առողջապահության նախարարի, ՊՆ խոսնակի և շատ այլ պաշտոնյաների մակարդակով, որ նայում են մարդկանց աչքերին, համառորեն ստում և հորդորում է վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը… հիմա հարց. ԻՆՉՊԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀԻ ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐԻՆ ԵԹԵ ԵՐԿՈՒ (2) ԱՄԻՍ Է ԼՍՈՒՄ Է ՁԵԶՆԻՑ

«կորոնավիրուսային վարակի ներթափանցման տեսակետից Հայաստանը գտնվում է ցածր ռիսկային գոտում»

«քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»

«բերովի դեպքերը վտանգ չեն ներկայացնում»

«կարանտինը արդարացված միջոց չէ, արդյունավետ միջոց չէ և նույնիսկ նպաստում է վարակի արագ տարածմանը»

«կորոնավիրուսը ում շուննա, որ մի հատ էլ մեր կյանքում ինչ որ պրոբլեմներ առաջացնի» և այլն…»:

Վերոնշյալ հայտարարությունների արդյունքում մեր հասարակության մեծ մասի համար արդեն բնավ կարևոր չէ, որ Փաշինյանն ու Թորոսյանը հիմա ճշմարտությունն են ասում` նոր կորոնավիրուսի վտանգավորության, Հայաստանում COVID-19-ով հիվանդության հաստատված դեպքերի և մահվան դեպքերի քանակի, պաշտոնական թվերի իրական լինելու, շնչադիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու, այլ անձանց հետ շփումները նվազագույնի հասցնելու անհրաժեշտության և այլնի մասին, նրանց համար կարևորը Փաշինյանի և Թորոսյանի և այլոց կողմից սկզբում արված հայտարարություններն են: Եթե այս հարցում ինձ չեք հավատում, հարցրեք հոգեբաններին, և նրանք կհաստատեն, որ սոցիալական հոգեբանության մեջ կա «առաջնային տպավորության էֆեկտ» հասկացությունը, որը հենց այն է արդյունքն է, որի մասին վերևում նշեցինք:

Այո՛, հասարակության մեծ մասի համար կարևորը հիշյալ պաշտոնյաների առաջնային, ինչպես նաև դժվարություններից, վտանգից փախչելուն հոգեբանորեն տրամադրված մարդկանց հաճելի վերը նշված հայտարարություններն են, որոնցով նրանք այն ժամանակվանից, ինչպես նշեցինք, ենթագիտակցականի մակարդակով ծրագրավորվել են, այդ հայտարարությունները մեխվել են բազմահազար մարդկանց ենթագիտակցության ու գիտակցության մեջ` զրոյացնելով կամ գրեթե զրոյացնելով նրանց ինքնապաշտպանական զգուշավորությունը, զգոնությունը: Այսինքն` այն, ինչը խիստ անհրաժեշտ է վտանգին համարժեք վարք դրսևորելու, երկրում վարակման և մահվան դեպքերի`բնակչության ու պետության համար աղետալի քանակ չունենալու համար, մի բան, որը, դատելով ամենից, մոտ ապագայում լինելու է անխուսափելի (տես այս թեմայով մեր նախորդ` «Հայաստանում վերահաս աղետը մեղմելու նվազագույն քայլերը. անհապաղ դադարեցնել հասարակական տրանսպորտի աշխատանքը և…» վերտառությամբ հրապարակումը, ինչպես նաև այս թեմայով վերջին մի քանի վերլուծականները, որոնց վերնագրերն ակտիվ հղմամբ բերված են այս հոդվածի վերջում): Պարզապես պետք է բաց աչքերով նայել իրականությանը` համոզվելու համար վերահաս աղետի հարցում:

Այսօր առավոտյան Երևանի ամենամարդաշատ վայրերից մեկում` «Կայարանի շուկա» կոչվածում, ուսումնասիրում էի իրավիճակը. պտուղ-բանջարեղեն վաճառողների, ինչպես նաև վաճառողների և գնորդների միջև սոցիալական հեռավորությունը զանգվածաբար խախտվում էր, մարդկանց գերակշիռ մասն առանց շնչադիմակների էր, և սա` չնայած տարածքում մեծաթիվ ոստիկանների առկայությանը, որոնց կողմից անվտանգության պահպանման կանոնները խախտողներին տուգանելու գեթ մեկ գործողություն չտեսա: Նույն վիճակն է նաև այլուր, ինչն առաջիկայում ունենալու է, պարզապես չի կարող չունենալ իր աղետալի հետևանքները: Սթափվե՛ք:

Իհարկե, բացառված չէ, որ ոստիկանությունը հենց նույն վայրում տուգանվածների ինչ-որ թվեր ներկայացնի, Նիկոլը կամ պարետը Երևանում, Հայաստանում տուգանվածների ինչ-որ թվեր ներկայացնեն, սակայն դրանք ընդամենը հերթապահ ցուցանիշներ ապահովելու համար կատարված և խախտումների իրական քանակին խիստ անհամարժեք տուգանքների քանակն արտահայտող թվեր կլինեն:

Փաշինյանը և Թորոսյանը COVID-19-ի վտանգավորության հարցում իրենց տգիտության, ապիկարության հետևանքո՞վ են արել վերոնշյալ հայտարարությունները, թե միտումնավոր` ԱԱԾ-ն առաջնահերթորեն ձեռնամուխ կլինի պարզելու այն բանից հետո, երբ Փաշինյանը, Թորոսյանը և, ընդհանրապես, իրենց քաղաքական թիմի անդամները ստիպված կլինեն հեռանալ իրենց զբաղեցրած պաշտոններից, այսինքն` ներկայիս իշխանության տապալումից հետո: Անձամբ ես, նկատի ունենալով նաև Փաշինյանի, Թորոսյանի այլ հայտարարություններ և գործողություններ, նրանց կողմից հանցավոր անգործության մի շարք դրսևորումներ, (նույնը կարելի է ասել նաև պարետ Տիգրան Ավինյանի առնչությամբ), կարծում եմ կամ, առնվազն, չեմ բացառում, որ վարչապետի և առողջապահության նախարարի պաշտոններն զբաղեցնողներն վերոնշյալ հայտարարությունները կատարել են միտումնավոր, այսինքն` որոշակի նպատակով: Թե ինչ նպատակով, այդ մասին` առաւջիկա հրապարակմամբ:

Հայաստանում ահավոր վիճակ է, ով ապրեց` ապրեց, ով մեռավ` մեռավ

Նոր կորոնավիրուսով հիվանդ ու խիստ ծանր վիճակում գտնվող բազմաթիվ անձանց շուտով բուժօգնության էլ չեն վերցնելու, մահերը կտրուկ ավելանալու են

Արթուր Հովհաննիսյան