«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Մայիսի 22-ից «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն Արցախում 20 դրամով նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները:

Այս մասին «Արցախպրես»-ի տեղեկացմամբ, ասել է «Ֆլեշ պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության վաճառքի տնօրեն Կարմեն Ասլանյանը՝ նշելով, որ գների նվազումը պայմանավորված է նաև գյուղատնտեսության եռուն շրջանի հետ:

Ի դեպ, Արցախի և Հայաստանի բենզինի տեսականու և դիզվառելիքի գների տարբերությունը կազմում է 10 դրամ. նման գնային քաղաքականություն առաջին անգամ է գործում, որը հետագայում ևս պահպանվելու է:

Կ. Ասլանյանի խոսքով՝ «Պրեմիում» տեսակի բենզինի 1 լիտրի արժեքը ներկայումս կազմում է 320 դրամ, դիզվառելիքը՝ 310 դրամ, իսկ «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը՝ 290 դրամ: Մեծածախ գնումների դեպքում՝ սկսած 500 լիտրից՝ բենզինի տեսականու և դիզվառելիքի գործող գները զեղչվում են 20-ական դրամով: