«Չեմ հիշում, որ կորոնավիրուսը պինցետով հանելու և արաղով ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել». Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ հիշում, որ կորոնավիրուսը «պինցետով» հանելու և «արաղով» ախտահանելու վերաբերյալ հայտարարություն եմ արել, գուցե այլ շրջանակում է հնչել այդ հայտարարությունը»,- առցանց մամուլի ասուլիսին այսպես արձագանքեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողի հարցին, որը հիշեցնելով կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում վարչապետի խոսքերը, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով կհանենք ու արաղով կախտահանենք», նշեց, որ հիմա էլ հակահամաճարակային պայմանները չպահպանելու և համաճարակի տարածման համար մեղադրում է նա քաղաքացիներին:

«Հաջորդը՝ կորովիրուսն ում շունն է. էլի որ, ո՞ւմ շունն է, բայց շները նաև կծելու հատկություն ունեն, և մենք ասում ենք՝ կամ եկեք այնպես անենք, որ այդ շան պարանը ձեռքներս պահենք, կամ այնպես պահենք պարանը, որ մեզ չկծի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քաղաքացիների մեղավորությանը, Փաշինյանը նշեց, որ ինքը քաղաքացիներին չի մեղադրել, բայց քաղաքացիների հետ համագործակցությունը իրենց քաղաքական գաղափարախոսության և ուսմունքի անբաժանելի մասն է:
«Իմիջիայլոց ասեմ՝ ընդդիմադիր ժամանակներում ինձ ասում էին՝ իշխանափոխություն տեղի կունենա՞, թե չի ունենա, ես ասում էի՝ եթե ՀՀ քաղաքացին արձանագրի իր կամքը, ապա տեղի կունենա: Այն ժամանակ էլ էին ասում՝ էլի քաղաքացու վրա գցեց, սենց են անում, որ իրենց վրայից պատասխանտվությունը ցրեն: Ի՞նչ եղավ, եղա՛վ»,- ասաց նա: