Արցախի խորհրդարանում հյուրընկալվել են 31 երկրների 173 պատվիրակություններ. Աշոտ Ղուլյան

2015-2020 թվականներին վեցերորդ գումարման ԱՀ Ազգային ժողով է այցելել 173 պատվիրակություն:

Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ հավելելով, որ վերոնշյալ պատվիրակություններից 58-ը այցելել են ՀՀ-ից, 20-ը՝ Սփյուռքից, ևս 95-ը օտարերկրյա են:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ պատվիրակությունների աշխարհագրությունն ընդգրկում է 31 երկիր՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Լիբանան, Հունաստան, Չեխիա, Միացյալ Թագավորություն, Բոլիվիա, Լյուքսեմբուրգ, Ուրուգվայ, Մեքսիկա, Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինա, Իսրայել, Լիտվա, Պորտուգալիա, Թուրքիա, Շվեդիա, Լեհաստան, ԱՄՆ, Կիպրոս, Կանադա, Ռումինիա, Ավստրալիա, Բուլղարիա, Գվատեմալա և Հայաստան, Աբխազիա, Մերձդնեստր, Հարավային Օսիա։

Իսկ ԱՀ ԱԺ պատգամավորները աշխատանքային այցեր են կատարել 24 երկրներ, մասնավորապես՝ ՀՀ, Սիրիա, Գերմանիա, Բելգիա, ԱՄՆ, Լիտվա, Լիբանան, Ֆրանսիա, Արգենտինա, Ուրուգվայ, Ավստրալիա, Ռուսաստանի Դաշնություն, Հարավային Օսիա, Աբխազիա:

«Նշեմ նաև, որ, ընդհանուր առմամբ, այս տարիների ընթացքում կայացել է 230 հանդիպում: Այդ շրջանակներում հանդիպումներ են եղել խորհրդարանականների, քաղաքական և հասարակական գործիչների, ակադեմիական շրջանակների, լրագրողների ու փորձագետների հետ»,- հայտնել է Ա. Ղուլյանը:

Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրել է, որ ԱՀ ԱԺ և ՀՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 6 նիստ է գումարվել: