Էրդողանը չի մոռացել հայկական ու հունական լոբբիի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին ելույթի ժամանակ Թուրքիայի թշնամիներին թվարկելիս չի մոռացել նաև հայկական լոբբիի մասին։

Էրդողանն անդրադարձել է իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) և Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) դաշինքին, որ ժամանակ առ ժամանակ քննարկման առարկա է դառնում։

ԱՇԿ-ը հանդիսանում է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական ահաբեկչական կազմակերպության քաղաքական թևը, ինչպես նաև կուսակցությանն ուղղակիորեն ենթակա «Գաղափարական օջախներ» կոչվող կազմակերպությունների միջոցով Թուրքիայի բոլոր նահանգներում թշնամական տրամադրություններ է տարածում «ներքին և արտաքին թշնամիների», այդ թվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ։

Այս համատեքստում Էրդողանը նշել է, որ ավելի են ամրապնդելու ԱՇԿ-ի հետ դաշինքը և «շարունակելու են համատեղ ընթացքը՝ հակառակ Թուրքիայի վրա բոլոր հարձակումներին ու իրենց թիրախավորող բոլոր խմբերի դավադրություններին»։

Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է․ «Շարունակելու ենք մեր սահմաններին ուղղված սպառնալիքներն ու ոտնձգությունները հետ մղել, ահաբեկչական կազմակերպություններին ու Թուրքիայի դեմ թշնամություն տարածող ուժերին խեղդել իրենց բներում։ Մինչև վերջ պաշտպանելու ենք մեր իրավունքները Միջերկրական ծովում, Կիպրոսում, Էգեյան ծովում։ Դաշտը չենք թողնելու FETÖ-ին (գյուլենական կազմակերպություն, որը Թուրքիայում ահաբեկչական է հռչակված), PKK-ին (Քրդստանի բանվորական կուսակցություն), հայկական ու հունական լոբբիներին, թշնամություն տարածող Պարսից ծոցի չար ուժերին»։

Աղբյուրը՝ «Ակոս»