Պաշտպանը դատարանին ներկայացնում է Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մայիսի 8-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատարանին է ներկայացնում է իր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու առաջարկը Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի անունից է:

«Անձնական երաշխավորությունը այն առավելագույն երաշխիքն է, որը կարող է ներկայացվել դատարան կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու համար»,- ընդգծել է Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019 թվականի հունիսի 25-ից։ Նա մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Գործով անցնում են նաև 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը, 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովը և 2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը։