29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կողմից իրականացվեց «Օղակ» գործողությունը

29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։

Այս մասին գրում է Արցախի Հանրապետության արտգործնախարարությունը։

Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, և հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման և շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում։