Ազատության իրավունքի սահմանափակումը պետք է կատարել բացառապես օրենքով (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթներն են:

ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին փոփոխությունների փաթեթին՝ նշեց. «Մեր Սահմանադրությունը և կոնվենցիոն պարտավորությունները մեզ համար պարտավորություն են սահմանում ազատության իրավունքի սահմանափակումը բացառապես կատարել օրենքով: Ինչ վերաբերում է ազատության իրավունքի և տեղաշարժվելու իրավունքի տարբերությանը. տեղաշարժվելու ազատությունը որպես այդպիսին այլ հասկացություն է: Ազատության իրավունքը, երբ անձին մեկուսացնում ենք և առավելապես մեկուսացնում ենք երկու շաբաթ ժամկետով, սա տեղաշարժվելու ազատության հետ կապ չունի, սա կապ ունի ուղղակիորեն  ազատության իրավունքի սահմանափակման հետ, և սա արդեն մեր Սահմանադրության 27-րդ հոդվածի և 76-րդ հոդվածի ուժով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի ուժով ազատության իրավունքին է վերաբերում և բացառապես օրենքով պետք է կարգավորվի»:

Մանրամասները՝ տեսանյութում