Իրանցի գեներալ Ջալալին սկսել է «բացել խաղաքարտերը» ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ

Թեհրանում 2020-ի ապրիլ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Իրանի սահմանակից երկրներին հարցնում են, թե որո՞նք են ԱՄՆ կողմից ֆինանսավորվող, Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մոտակայքում տեղակայված ռեֆերենս կենսալաբորատորիաների նպատակները: Մենք գրել ենք, որ սկզբում այս հարցը բարձրաձայնել են իրանցի բժիշկները, ընդ որում՝ պահանջել են Իրանի բոլոր հարևաններից անմիջապես փակել ամերիկյան ռեֆերենս կենսալաբորատորիաները: Բայց այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է՝ Իրանի բոլոր հարևանների համար, այդ թվում՝ Հայաստանի համար, հետևանքներ են լինելու: Եվ բավականին ծանր, եթե այդ երկրները չփորձեն արդեն երկրորդ անգամ լսել Թեհրանից եկող նախազգուշացումները: Բայց այս անգամ Իրանը խոսում էր ոչ միայն իր, այլև Ռուսաստանի և Չինաստանի անվտանգության մասին: Բանն այն է, որ ապրիլի 21-ին Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար, բրիգադի գեներալ Գոլյամրեզա Ջալալին IRIB պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է. «4-րդ մակարդակի 25 ամերիկյան լաբորատորիաներ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի մերձակայքում գաղտնի գործողություններ են անցկացնում՝ առանց միջազգային կազմակերպությունների որևէ վերահսկողության, որպես պլանային կենսաբանական համագործակցության ծրագրի մաս: Այս լաբորատորիաները ի վիճակի են շահարկել վիրուսները՝ դրանք վերածելով կենսաբանական զենքի»:

Գեներալ Ջալալին պաշտոնապես կասկածի տակ է դրել Ասիայում և Անդրկովկասում ԱՄՆ-ի կողմից հովանավորվող 4-րդ մակարդակի 25 լաբորատորիաների հիմնավորվածությունը: «4-րդ մակարդակի լաբորատորիաները օգտագործվում են հեշտությամբ փոխանցվող պաթոգեններն ախտորոշելու և հետազոտելու համար, որոնք կարող են հանգեցնել մահացու հիվանդությունների: Դրանց թվին են պատկանում մի շարք վիրուսներ, որոնք, ինչպես հայտնի է, առաջացնում են վիրուսային հեմոռագիկ տենդ, ինչպիսիք են Մարբուրգի վիրուսը, Էբոլա վիրուսը, Լասսա վիրուսը և Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդը»,- շարունակում էր Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության հրամանատարը: Նա COVID-19 վիրուսի բռնկումից հետո նախազգուշացրել է «այն մեծ վտանգների մասին, որոնց բախվում են այն երկրները, որտեղ գտնվում են ԱՄՆ 4-րդ մակարդակի լաբորատորիաները» և կոչ արել միջազգային հանրությանը մշակել դրանց մոնիտորինգի իրականացման մեխանիզմը: Գեներալ Ջալալին Միացյալ Նահանգները անվանեց կորոնավիրուսի մշակման հիմնական կասկածյալ՝ նկատի ունենալով, որ ԱՄՆ-ն ունի միջոցներ և խթաններ մահացու վիրուսի կենսաբանական ինժեներիայի համար:

Այսպիսով, սկսենք ուղղակիորեն նշել Իրանի այն հարևան երկրներին, որտեղ գործում են ԱՄՆ Պենտագոնի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս կենսալաբորատորիաներ: 1) Ադրբեջան; 2) Հայաստան; 3) Աֆղանստան; 4) Վրաստան. 5) Իրաք. 6) Պակիստան; 7) Պարսից Ծոցի երկրները. 8) Թուրքմենստան; 9) Թուրքիա: Դե իսկ Կասպից ծովով` նաև Ղազախստանը և Ռուսաստանը: Քանի որ Ռուսաստանը 2018-ի ամռանից լուրջ հարցադրումներ է անում այն մասին, թե «ինչ են կորցրել» ամերիկյան ռեֆերենս կենսալաբորաորիաները ՀԱՊԿ դաշինքի երկրների տարածքում, մենք հասկանում ենք, որ այժմ Ղազախստանը ԱՄՆ հանցակից կասկածյալների թվում է: Աֆղանստանն ընդհանրապես հազիվ թե վերահսկվում է որևէ մեկի կողմից, բացի ամերիկացիներից: Պակիստանն ու Թուրքիան ԱՄՆ ուղղակի դաշնակիցներն են, նրանք «ենթականեր» են Վաշինգտոնի համար: Իրաքը նույնպես լիակատար քաոսի մեջ է, չնայած պարզ է, որ ամերիկացիները հիմնականում «տիրում» են Իրաքյան Քրդստանը: Այնպես որ, իրաքյան քրդերը նույնպես ներգրավված են ամերիկյան ռեֆերենս կենսալաբորատորիաների գործունեության մեջ: Արդյո՞ք այդ երկրների, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների իշխանություններն ու վերնախավը, պատրաստ են պատասխանատվություն կրել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի առաջ: Չէ՞ որ շուտով հարցն արդեն ուղղակիորեն դրվելու և ուղղվելու է հենց այս հանրապետություններին:

Թող Հայաստանում ոչ ոքի մոտ տպավորություն չստեղծվի, որ Իրանը մտադիր է միայն «հետապնդել» ու բացառապես Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի նախկին խորհրդային հանրապետություններին: Իրանը նաև շարունակում է ակտիվորեն պատրաստվել պատերազմին, որի սանձազերծումը սպասում է Միացյալ Նահանգներից և նրա դաշնակիցներից: Այսպիսով, ապրիլի 19-ին տեղի է ունեցել «Խալիջ-է Ֆարս» [Պարսից ծոց] և «Մորագհեբ» [Զգոն] ռադարների շնորհանդեսների արարողությունը՝ բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավիի և ՀՕՊ բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդի մասնակցությամբ: Միևնույն ժամանակ, իրանական բանակին են փոխանցվել տասնյակ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ): Բայց ամենակարևորը` այս բոլոր ԱԹՍ-ները կարող են լինել հարվածային, հարձակողական: «Քանի որ ԱԹՍ-ները հագեցված են տարբեր տեսակի ռումբերով և հրթիռներով, դրանք կարող են զորքերի կողմից օգտագործվել մարտական ​​առաքելություններում», – շեշտել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ամիր Խաթամին: Եվ, ինչպես ապրիլի 21-ին հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային նավատորմի հրամանատար, բրիգադի գեներալ Ալիռեզա Թանգսիրին, Իրանն ավելացրել է իր ռազմածովային հրթիռների հեռահարությունը մինչև 700 կմ՝ առանց այլ երկրների օգնության: Ապրիլին հնչեցված իրանական զինվորականների բոլոր այս փաստերն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ հակահարված հասցնելու Իրանի պատրաստակամությունը զգալու են ոչ միայն ԱՄՆ-ը և նրանց անմիջական դաշնակիցները, այլև ԱՊՀ երկրները, որոնք «ծառայում են» Վաշինգտոնին։ Բրիգադի գեներալ Գոլյամրեզա Ջալալիի մեղադրանքների պատասխանը պետք է տրվի մեր կողմից թվարկված երկրներից, այդ թվում՝ Հայաստանից…

Սերգեյ Շաքարյանց