«Քեմալական կուսակցության անդամները գրեթե ճանաչում են Հայոց ցեղասպանությունը». թուրք ծովակալը քննադատել է թուրքական ընդդիմությանը և իշխանությանը

Թուրքական բանակի պահեստազորի ծովակալ Ջեմ Գյուրդենիզը թուրքական հեռուստաալիքներից մեկի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին: Այս մասին տեղեկացնում է aydinlik.com.tr կայքը:

Գյուրդենիզը քննադատության է ենթարկել Թուրքիայի և՛ իշխանություններին, և՛ ընդդիմությանը: Ծովակալն առանձնահատուկ անդրադարձել է Թուրքիայում ներկայում ընդդիմադիր գլխավոր ուժ համարվող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչների դիրքորոշմանը Հայոց ցեղասպանության հարցում:

«Աթաթուրքի ստեղծած կուսակցության երևելի գործիչները գրեթե ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Նրանց հայտարարությունների մեջ երևում է իմպերիալիստական երկրների մտածելակերպը: Ես շատ եմ հիասթափվում՝ կարդալով նրանց հայտարարությունները: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես են մտածում և ինչպես են նման բաներ ասում այդ մարդիկ»,- նշել է Գյուրդենիզը:

Ծովակալը հայտարարել է նաև, որ Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը հեռացել են հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի սկզբունքներից: