Հայոց ցեղասպանությունն արձանագրված է նաև Թուրքիայի դատարանների դատավճիռներում, ինչը շատ կարևոր է

Ինչո՞ւ չենք հիմնվում նաև դրանց վրա…

Անցյալ դարի սկզբին սկզբում Թուրքիայի դատարանների կողմից ընդունված դատական ակտերի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում նաև դրանք վկայակոչելու, դրանց վրա հիմնվելու կարևորության վերաբերյալ է մեր հարցազրույցը իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ:

Ձեր կարծիքով, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում ի՞նչ դեր ու նշանակություն ունեն կամ կարող են ունենալ 1919-1921թթ. Թուրքիայի դատարանների կայացրած և ցեղասպանության փաստն այս կամ այն չափով արտահայտող դատավճիռները:

– Ի տարբերություն ցեղասպանության ցանկացած այլ փաստի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում դատական ակտերի վրա շեշտադրում չանելու, այդ փաստաթղթերը որպես հիմնական փաստարկներ շրջանառության մեջ չդնելու պրակտիկան, որքան էլ որ այն ոչ իրավաչափ լինի, այնուամենայնիվ, դեռևս շարունակվում է և խոչընդոտում է հիշյալ գործընթացի արդյունավետությանը: Տարաբնույթ ու հավաստի պատմական բազմաթիվ փաստերի կողքին, ցավոք, չեն հայտնվում նաև առավել նշանակալից, իրավական առումով մեծարժեք դատական ակտերը:

Խոսքը, առաջին հերթին, հենց Թուրքիայի ազգային դատարանների կողմից 1919-1921թթ. կայացված այն դատավճիռների մասին է, որոնցով «Իթթիհադը»` երիտթուրքերի ղեկավար կուսակցությունը, թուրք բարձրաստիճան զինվորականները, պետական ու կուսակցական գործիչները և այլ պաշտոնյաներ դատապարտվել են անձանց` էթնիկ հատկանիշով պայմանավորված զանգվածային սպանդ կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև բռնի տեղահանումների համար:

Թուրքիայի դատարանների կողմից ժամանակին զանգվածային բնաջնջումները դատապարտող ակտերի կայացումն արդարադատության ձգտմա՞մբ է թելադրված եղել:

– Բնավ ոչ: Նշածս դատավճիռների կայացումը պայմանավորված է եղել Թուրքիայի միջազգային ու ներազգային մի շարք այնպիսի ազդակներով, որոնք պատմական տվյալ ժամանակաշրջանում հնարավոր են դարձրել դատական այդպիսի ակտերի կայացումը:

Այն, որ այդ ազդակները սոսկ պատմական տվյալ իրավիճակով են թելադրված եղել և, իրոք, բնավ չեն բնութագրում թուրքական քաղաքականության էությունը, ապացուցվում է թեկուզ այն փաստով, որ արդեն 1923թ. մարտի 31-ին, այսինքն` հիշյալ դատավարություններից ընդամենը երկու տարի անց, Թուրքիայում հայտարարվեց համաներում, որով ազատության մեջ հայտնվեցին բոլոր այն ոճրագործները, որոնք դատապարտվել էին Թուրքիայի զինվորական դատարանի և ընդհանուր իրավասության մյուս դատարանների կողմից:

Ավելին. թուրքական դիվանագիտությունը ևս ամեն ինչ արել է, որ հիշյալ դատական գործընթացները չհայտնվեն քաղաքական բանավեճերի ծիրում, չդառնան քննարկման նյութ, հնարավորինս հայտնի չլինեն հանրության լայն շրջանակներին, ինչը նրանց տևական ժամանակ հաջողվել է: Սակայն երբ դրանք անխուսափելիորեն դարձան հրապարակային քննարկման նյութ, գործի դրվեցին դրանց իրավական հիմնավորվածությունը և հավաստիությունը կասկածի տակ դնելուն կոչված արդեն նոր «փաստարկներ»:

Կարելի՞ է նշված դատական ակտերը բնորոշել որպես միջազգային չափանիշներին կամ, թեկուզ, Թուրքիայի ներպետական իրավունքին խստորեն համահունչ արդարադատության իրականացման նմուշներ:

– Ինչ խոսք, դրանք հեռու են այդպիսին լինելուց, սակայն բնորոշն այն է, որ թուրքական քաղաքականությունը կառուցված է անգամ այդ կարգի դատական ակտերում արձանագրված փաստերն ամբողջովին ժխտելու ձգտումների վրա: Պարզվում է, թուրքական գործիչներն ու իրենց գիտնական հորջորջողներն ավելի քան 100 տարի անց կասկածի տակ են առնում իրենց իսկ ազգային դատական ատյանների դատավճիռները:

Ցեղասպանության յուրաքանչյուր փաստի արձանագրման, ընդհանրապես որևէ արարք հանցագործություն բնութագրելու համար անվերապահորեն անհրաժեշտ է մեղադրական դատական ակտ: Սա անվիճելի սկզբունք է, որն իր ամրագրումը ստացել է բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերում և ճանաչվել ազգային իրավական համակարգերով:

Կարծում եմ, որ հայրենական դիվանագիտությունը հարկադրված կլինի լրջորեն անդրադառնալ Հայոց ցեղասպանությունը նաև դատական համապատասխան ակտերով հիմնավորելու խնդրին և չի բավարարվի սոսկ պատմական փաստերի լուսաբանմամբ:

Կարծում եմ նաև, որ Թուրքիային հաջողվել է ոչ միայն խիստ կարևոր քննարկումներում տևական ժամանակով տեսադաշտից հեռու պահել հիշյալ դատական գործընթացները, այլև պարտադրել խնդրի հետազոտման ու քննարկման իր կանոնները, որոնք մի կողմից բարենպաստ են թուրքական քաղաքականության տեսանկյունից, մյուս կողմից` ձևավորում են խնդրի քննարկման այնպիսի ավանդույթներ, որոնք այն ուղղորդում են փակուղի, հնարավորություն չեն տալիս արմատապես վերանայելու ձախողված կարծրատիպերը:

Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքը Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշմամբ սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո արդիական դարձավ Հայոց ցեղասպանությունը դատական ակտով ճանաչելու հարցը: Մյուս կողմից` խնդրի հետազոտմամբ զբաղվող որոշ գիտնականներ (ոչ միայն հայրենական) պնդում են, որ Հայոց եղեռնը ճանաչված է նաև դատական ակտերով: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

– Հետազոտողներից շատերը պնդում են, որ Եղեռնի կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ Թուրքիայում անցյալ դարասկզբին դատական ակտերի կայացման գործում վճռորոշ դերակատարում են ունեցել Առաջին համաշխարհայինում հաղթած գերտերությունները:

Այս հարցը նկատելիորեն չարչրկվածներից է, այն թուրքական քարոզչության հերթական կեղծիքներից մեկն է: Թուրքական և թուրքամետ աղբյուրների պնդմամբ, Մուդրոսյան հաշտության համաձայնագրից հետո Թուրքիան հարկադրված ձեռնամուխ է եղել հիշյալ դատավարություններին, սակայն զրկված է եղել ինքնուրույն դատավարություն իրականացնելու նվազագույն հնարավորությունից և գործել է բացառապես գերտերությունների թելադրանքով:

Այսպիսով մեկնակետ է ընդունվում այն գաղափարը, որ Թուրքիայի իշխանությունները դատավարություններ նախաձեռնելու հիմքեր չեն ունեցել, այն պարտադրվել է արտաքին ոժերի կողմից և իրականացվել է նրանց թելադրանքով:

Ինչ խոսք, սա թուրքական գաղափարախոսության համար չափազանց գրավիչ մեկնաբանություն է, և, որպեսզի այն առավել հավաստի թվա, հընթացս շեշտվում է, որ դատավարությամբ հետազոտված բոլոր ապացույցները (հայերի բնաջնջման վերաբերյալ հրամանները, հեռագրերը, նամակները, վկաների, այդ թվում` թուրք պաշտոնյաների ցուցմունքները, ռազմական գործողությունների սխեմաները և այլ գաղտնի փաստաթղթերը) հայերի կողմից միտումնավոր ոչնչացվել են:

Ինչևէ, վերադառնանք գերտերությունների, այսպես կոչված, ճնշումներին: Ներկայումս մատչելի փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ գերտերությունները հիմնականում պահանջել են դատավարություններ սկսել Թուրքիայի կողմից գերի վերցված իրենց զինվորների նկատմամբ կատարված ոճրագործությունների համար:

Ինչ վերաբերում է հայերի բնաջնջմանը, ապա այն ներկայացվել է իբրև լրացուցիչ, երկրորդական հարց: Ընդ որում, Բրիտանիան սկզբնական շրջանում առաջ էր քաշում բացառապես բրիտանացի զինվորների նկատմամբ ոճրագործություններ կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, և միայն հետագայում համաձայնեց, որ գոնե դրանից հետո քննության նյութ դառնա նաև Եղեռնի կազմակերպիչների հարցը:

Այլ կերպ ասած, հայերի զանգվածային բնաջնջման առնչությամբ ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ցավոք, բացառապես բավարարվել են հայտնի իրադարձությունները դատապարտող հռչակագրերով: Մասնավորապես` 1915թ. մայիսի 24-ին երեք պետություններ` Բրիտանիան, Ռուսաստանը և Ֆրանսիան, ընդունել են Թուրքիայի կողմից «մարդկության և քաղաքակրթության դեմ» ուղղված հանցագործությունները դատապարտող հռչակագիր:

Սակայն, բոլոր դեպքերում, հարկ է նկատել, որ հիշյալ պետություններն այդ հռչակագրերում աներկբայորեն ճանաչել են նշված իրադարձությունները որպես Թուրքիայի կողմից էթնիկական հատկանիշով պայմանավորված զանգվածային բնաջնջումներ:

Հաճախ են հարցեր ծագում, թե որքանո՞վ են հետևողական եղել գերտերությունները հիշյալ դատավարություններն իրականացնելու հարցում:

– Հետևողականություն եղել է, բայց այն ունեցել է բոլորովին այլ ուղղվածություն: Նախ, մինչև դատավարությունը սկսելը, ավելին` մինչև մինչդատական վարույթ նախաձեռնելը, նույն այդ գերտերությունների անմիջական աջակցությամբ Թուրքիան անարգել լքել են բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաները, որոնց նկատմամբ եղել է մահապատիժ սահմանելու հնարավոր վտանգ: Պատահական չէ, որ հենց գերմանական նավով հապճեպ փախուստի են դիմել Եղեռնի գաղափարախոսներն ու անմիջական կազմակերպիչները` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և Նազիմը: Դրանից հետո այս անձանց իրենց հետ համագործակցելու տարաբնույթ առաջարկություններ են արել արդեն Խորհրդային Ռուսաստանն ու մյուսները: Ընդ որում, նշված պետությունների հատուկ ծառայությունները հոգացել են, որպեսզի Հայոց ցեղասպանության գաղափարախոսները և անմիջական կազմակերպիչները հնարավորինս պաշտպանված լինեն, անգամ ապահովել են կեղծ անձնագրերով և անուններով: Օրինակ, Էնվերը Գերմանիայում հանդես է եկել Ալի-Բեյ կեղծանվամբ:

Ուրիշ բան, որ այդ գործիչները հետագայում Խորհրդային Ռուսաստանի իշխանություններին ևս խաբել են ու փորձել վստահությունը չարաշահելու միջոցով իրականացնել միայն իրենց հոգեհարազատ պանթյուրքիզմի գաղափարները:

Հետևաբար գերտերությունների կողմից ի՞նչ թելադրանքի մասին կարող է խոսք լինել, երբ հիմնական ոճրագործներին պատժից զերծ պահելու և նրանց հետ նույնիսկ համագործակցելու նախաձեռնությունը հենց այդ նույն պետությունների կողմից է դրսևորվել: Ավելին. թուրքական բանակում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ազգությամբ գերմանացիներ կամ բրիտանացիներ էին:

Թուրքիայի ռազմական տրիբունալի կողմից 1919-1921թթ. իրականացված դատավարությունները որոշ հետազոտողների կողմից ի՞նչ նկատառումներով ու չափանիշներով են գնահատվում իբրև մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին հակասող:

– Այդպես գնահատող հեղինակներից ամենահետևողականը թերեւս Լևի Գյունտերն է, սակայն նրա աշխատությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք պարզապես բառացի կրկնությունն են թուրքական պաշտոնական գաղափարախոսության ու դրա «տեսաբանների» մտքերի, գնահատականների, որոնք իրենց համակարգված արտացոլումն են ստացել թուրք պատմաբաններ Սինասի Օրելի և Սուրեյ Յուկայի աշխատություններում, չունեն որևէ փաստական հիմք ու համոզիչ չեն նաև հեղինակների մասնագիտական ունակությունների տեսանկյունից:

Վերջին հանգամանքի վրա իր ուշադրությունն է բևեռել նաև ամերիկահայ ճանաչված ցեղասպանագետ, իրավագետ, հայ մեծ պատմաբան, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, լուսահոգի Վահագն Տատրյանը: Վերջինս ստույգ փաստերով ոչ միայն հիմնավորել է Լևի Գյունտերի դիրքորոշումների սնանկությունն ու միտվածությունը, այլև բացահայտել, որ նա պարզապես բավարար չափով չի տիրապետում թուրքերենին, հատկապես, օսմանյան թուրքերենին, թեպետ հղումներ է կատարել այդ լեզվով աշխատությունների վրա:

Տատրյանը հայտնել է նաև այն կարծիքը, որ Լևին ոչ միայն չի տիրապետում լեզվին, այլև միտումնավոր խեղաթյուրում է անգամ թուրքական աղբյուրները՝ փորձելով էլ ավելի համոզիչ դարձնել իր սին գաղափարները: Ընդ որում, Վահագն Տատրյանի գնահատականներին միանգամայն իրավացիորեն իրենց համաձայնությունն են հայտնել միջազգային քաղաքագիտության բազմաթիվ ներկայացուցիչներ:

Թուրքիայի ռազմական տրիբունալի կողմից 1919-1921թթ. իրականացված դատավարությունները մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին հակասող ներկայացնելու, հետևաբար դրանցով կայացված դատավճիռներն անընդունելի համարելու նպատակով ներկայացվո՞ւմ են իրավական ինչինչ փաստարկներ:

– Այդ ակնհայտ ուղղորդված հեղինակին` Լևի Գյունտերին, «մտահոգել է», որ նախաքննության ընթացքում կասկածյալները զրկված են եղել պաշտպանների օգնությունից: Մինչդեռ դատավարության արձանագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ կասկածյալներն ամեն օր ազատ շփվել են միմյանց հետ (հատկապես զբոսանքի ժամերին), ունեցել են պաշտպանական միասնական մարտավարություն մշակելու լավագույն հնարավորություն, բացի դրանից, պարբերաբար օգտվել են կարճատև արձակուրդներից, լքելով մեկուսարանները, որն ազատ հնարավորություն է տվել տևական ժամանակով շփվելու նաև իրենց պաշտպանների հետ:

Նույն այդ հեղինակը մեջբերելով Ստամբուլում Բրիտանիայի գերագույն հանձնակատար Դը Ռոբեկայի խոսքերը, փորձել է պնդել, որ անգամ «պատվիրատու» պետություններն են դժգոհել դատավարություններց: Իրականում նշված անձը դժգոհություններ հայտնել է, սակայն Լևին «մոռացել է» հստակեցնել, որ այդ դժգոհությունը պայմանավորված է եղել կասկածյալների նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բացահայտ հովանավորչությամբ:

Օրինակ, Թուրքիային առաջարկվել է հաշվի առնել զինվորական տրիբունալի կողմից իրականացվող դատավարության միջազգային բնույթը, դատարանի կազմում մասնակից դարձնել այլ պետությունների ներկայացուցիչների, սակայն այդ և նմանաբնույթ բոլոր այլ առաջարկությունները կտրականապես մերժվել են, ինչն էլ իրավաչափորեն դժգոհության տեղիք է տվել: Այսպիսով Լևին փորձել է պարզունակ խորամանկություն բանեցնել և, որպես իր պնդումների հիմնավորում, հատվածաբար հղումներ կատարել այլ, արդեն «հավաստի» աղբյուրների վրա:

Ի դեպ, տեսնելով հովանավորչության ակնհայտ դրսևորումները, անգլիական հրամանատարությունը երիտթուրքերի առաջնորդների և նախարարների գործով 1919թ. ապրիլի 27-ին սկսված դատավարությամբ անցնող թվով 77 կալանավորվածների, այլ ելք չտեսնելով, հարկադրված տեղափոխել է Մալթա, որտեղ դատավարությունը շարունակվել է մինչև 1919թ. հունիսի 26-ը (այս առանցքային գործով դատավճիռն արձակվել է 1919թ. հուլիսի 5-ին):

Այդ դատավարություններում, հասկանալի պատճառներով, որևէ ողջամիտ միջոց չի ձեռնարկվել տուժողների (բացի Անտանտի պետություններից գերեվարված զինվորներից) շահերի պաշտպանության ուղղությամբ: Բնութագրական է, որ դատավարությանը մասնակցած սակավաթիվ հայ փաստաբանների բոլոր միջնորդությունները մերժվել են, կոպտորեն խախտվել տուժող կողմի իրավունքները:

Հավելենք, որ այդ դատավարությունների արձանագրություններն ու մեղադրական ակտերը մինչ օրս հասանելի չեն լայն հետազոտողներին, դրանց որոշ հատվածների մասին կարելի է դատողություններ անել` հիմք ընդունելով միայն թուրք հետազոտողների կամայական որոշ հղումները կամ լրատվության աղբյուրները:

Բոլոր այն անձինք, ովքեր այս կամ այն պատճառով չեն հասցրել փախուստի դիմել, ստացել են ցեղասպանության համար ակնհայտ անհամաչափ, խորհրդանշական պատիժներ: Խիստ սակավաթիվ դեպքերում է սահմանվել 10, 15 տարվա ազատազրկում: Օրինակ, երիտթուրքերի կուսակցության Խարբերդի տեղական կոմիտեի քարտուղար Ռեսնելի Նազիմը մի քանի տասնյակի հասնող բնակչության սպանությունը, բռնաբարությունը, գույքի զանգվածային հափշտակությունը կազմակերպելու համար դատապարտվել է 15 տարվա տաժանակիր աշխատանքի:

Թուրքական կողմն ի՞նչ պատճառաբանություն է փորձում ներկայացնել դատավճիռների հիմքում դրված արխիվային փաստաթղթերի բացակայության առնչությամբ:

– Թուրքական կողմն ու նրա համակիրները պնդում են, որ դրանց ոչնչացման մեջ մեղավոր են հենց հայերը: Որևէ լուրջ հետազոտող ի վիճակի չէ անգամ ենթադրել, որ հայերն են ոչնչացրել իրենց այնքան անհրաժեշտ և ցեղասպանության փաստն ամրագրող այդ արխիվային փաստաթղթերը։ Դա այնքան անհեթեթ դատողություն է, որին նույնիսկ չարժե անդրադառնալ: Ի վերջո, քրեական գործերում առկա և պետական խիստ պահպանության ներքո գտնվող փաստաթղթերը, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, չէին կարող հափշտակվել և ոչնչացվել մասնավոր անձանց կողմից, մանավանդ, ցեղասպանությունից հետո Թուրքիայում հայերի համար ստեղծված, մեղմ ասած, խիստ անբարենպաստ իրավիճակում:

Ինչ վերաբերում է արխիվային փաստաթղթերին, ապա դրանց հիմնական ու առավել առանցքային նշանակություն ունեցող հատվածի կորուստը (պայմանական եմ կորուստ համարում, որովհետև դեռևս վստահ չեմ, որ դրանք գոյություն չունեն) պետք է որ սթափեցներ մեր այն ազգային որոշ գործիչներին, որոնք մի պահ հրապուրվել ու պատմական փաստաթղթերը համատեղ ուսումնասիրելու համար հանձնաժողովներ ստեղծելու քայլեր էին փորձում ձեռնարկել:

Մյուս կողմից` դատավճիռների հիմքում դրված փաստաթղթերի գոյության փաստը չի կարելի ժխտել. վերջին հաշվով, դատավարության մասնակիցները հանգամանորեն հետազոտել են որոշակի փաստաթղթեր, ինչի առնչությամբ կազմվել են արձանագրություններ, հետագայում այդ փաստաթղթերի բացակայությունը չի կարող որևէ կերպ խոցելի դարձնել բուն դատավճիռների իրավազորությունը:

Ի՞նչ է ստացվում. թուրքական կողմը խա՞յծ է նետում` հիմքում դնելով դատարանների կողմից հետազոտված պատմական փաստաթղթերի իբր թե կորուստը, մասնավորապես` հայերի կողմից իբր թե դրանց հափշտակությունն ու ոչնչացումը:

– Այո: Մենք արդեն անդրադարձանք այդ վարկածի սնանկությանը, սակայն առավել անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ այդ վարկածը ոչ միայն չպետք է քննարկման հատուկ նյութ լինի` իր ակնհայտ անհեթեթության պատճառով, այլև գլխավորապես այն պատճառով, որ որևէ իրավական նշանակություն և արժեք չունի, հետևաբար չպետք է կուլ տալ հիշյալ խայծը:

Վերջին հաշվով, խոսքը դատական ատյաններում սահմանված կարգով հետազոտված ապացույցների մասին է, որոնց գերակշիռ մասը, այդ թվում` դատավարությունների արձանագրությունները, հանգամանորեն արտացոլվել են թուրքական մամուլում: Իսկ եթե դրանք հետագայում կորսվել են, ապա դա զուտ Թուրքիայի խնդիրն է ու տեխնիկական բնույթի հարց:

Մի կարևոր նկատառում ևս. եթե թուրքական կողմն արդեն 2 տարի անց եկել էր այն համոզման, որ դատավարություններում քննարկման նյութ դարձած փաստաթղթերը, վկաների ու կասկածյալների ցուցմունքները և այլ ապացույցներ իբր բավարար չափով հավատ չեն ներշնչում, ապա կարող էր անդրադառնալ կայացված դատական ակտերին և նախաձեռնել դրանց բեկանման գործընթաց: Մինչդեռ, ինչպես արդեն նշեցի, 1923թ. ընդունվել է համաներում հայտարարելու մասին օրենք, որով բնավ չեն հերքվել դատական ակտերով արձանագրված փաստերը, այլ պարզապես, հաշվի առնելով «միջազգային բարենպաստ իրավիճակը», հապճեպ նախաձեռնել են պատժված անձանց սոսկ պատժի կրումից ազատելու գործընթաց:

Ընդգծեմ, որ մահապատժի դատապարտված բոլոր անձինք, որոնք Թուրքիայում հետագայում հերոսացվել են և անգամ հանրակրթական դասագրքերում են ներկայացվում որպես Թուրքիայի ազատության ու անկախության համար զոհված նահատակներ, դատական որևէ ակտով չեն արդարացվել:

Փաստաթղթերի շրջանակը միայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներո՞վ է սահմանափակվում:

-Ո՛չ: Իհարկե, տրամաբանական կլիներ, որ բոլոր վերաբերելի ու թույլատրելի ապացույցները պահանջվեին ու հետազոտվեին 1919-1921թթ. դատավարությունների ընթացքում, սակայն, բարեբախտաբար, դրանց մի հատվածը չի դարձել դատաքննության առարկա և, հավանաբար, հենց այդ պատճառով պահպանվել է: Բայց այս հարցն առայժմ առկախենք: Ուղղակի նկատենք, որ ապացույցները ոչ լիարժեք ուսումնասիրելը ևս վկայում է դատական գործընթացներում ի նպաստ մեղադրյալների հովանավորչության և ակնհայտ դեպքերն աղավաղելու կամ հնարավորինս թաքցնելու փաստերի մասին: Բոլոր դեպքերում, առկա են միանգամայն օրինական ուժ ունեցող դատավճիռներ:

Կարծում եմ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հիմնախնդրի առնչությամբ նպատակահարմար է որպես ելակետ ընդունել հետեւյալ եզրահանգումները.

Նախ, Հայոց եղեռնը, ըստ էության, հիմնավորվել ու ճանաչվել է թուրքական դատական ատյանների կողմից 1919-1921թթ. իրականացված դատավարությունների արդյունքում կայացված դատավճիռներով: Դրանք օրինական ուժի մեջ են մտել և երբևէ չեն բեկանվել:

Երկրորդ. Հայոց ցեղասպանության իրավական գնահատականը տրված է նաև Ռուանդայի ցեղասպանության գործով միջազգային դատարանի 2012թ. դատավճռով:

Երրորդ. իրավական որևէ արժեք չունի այն ենթադրյալ փաստարկը, որ իբր դատաքննության փուլում հետազոտված բոլոր ապացույցները հետագայում հափշտակվել և ոչնչացվել են հայերի կողմից, քանզի դրանք արդեն իսկ հետազոտվել և իրավական գնահատման նյութ են դարձել իրավասու դատական ատյանների կողմից:

Չորրորդ. դատական ակտերով Հայոց եղեռնի ճանաչման մարտավարությունը հարկ է դնել այդ ցեղասպանության միջազգային ճանաչման հայրենական դիվանագիտության հիմքում:

Հինգերորդ. նպատակահարմար է նախաձեռնել դատական ակտերից բխող Թուրքիայի, որպես պետության, պատասխանատվության հարցը` նախապես հանգամանորեն մշակելով բոլոր հնարավոր տարբերակներն ու իրավական հետևանքները:

Արթուր Հովհաննիսյան