«Ֆեյսբուքը» օգտատերերին հնարավորություն կտա հաղորդակցվել տեսակոնֆերանսի միջոցով. Interfax.ru

«Ֆեյսբուքը» ներկայացրել է իր նոր՝ Messenger Rooms արտադրանքը, որը նախատեսված է խմբային տեսազանգերի համար:

Messenger Rooms-ը թույլ կտա իրականացնել տեսազանգեր մինչև 50 մարդու մասնակցությամբ՝ առանց ժամանակային սահմանափակումների:

Տեսակոնֆերանս կարող եք իրականացնել  օգտագործելով ձեր հաշիվը Messenger- ում կամ Facebook-ում: Հրավեր ունեցող անձը կարող է մուտք գործել տեսակոնֆերանս: Կարող եք մտնել և դուրս գալ տեսակոնֆերանսից ցանկացած պահի, երբ այն միացված է: Տեսազանգերի կազմակերպիչը կկարողանա սահմանափակել դրան հասանելիությունը կամ հեռացնել մյուս օգտատերերին:

BBC հեռուստաալիքին ընկերությունից հայտնել են, որ կորոնավիրուսի պատճառով Messenger Rooms-ը ներկայացվել է ավելի վաղ, քան ծրագրվում էր։

Ընկերությունը չի հայտնել, թե կոնկրետ երբ Messenger Rooms-ը հասանելի կլինի բոլոր օգտատերերին, դա կարող է տևել մի քանի շաբաթ:

Լրատվամիջոցները «Ֆեյսբուքի» նոր արտադրանքը համեմատում են Zoom տեսածառայության հետ, որը զգալի ճանաչում գտավ այն ժամանակ, երբ շատերը ստիպված էին մեկուսանալ: Ապրիլին Zoom-ից օգտվողների թիվը, որոնք խմբակային տեսակոնֆերանսների էին մասնակցում, հասնում էր օրական 300 միլիոնի: