Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է

Այսօր Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն է։ 1965 թ. Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցի օրերին Երևանում տեղի ունեցան ցույցեր: 50 տարի լռությունից հետո դա հայ ժողովրդի առաջին ընդվզումն էր, առաջինը նաև ԽՍՀՄ պատմության մեջ: Եվ մեր ժողովրդի մեծագույն ողբերգությունը վերջապես դադարեց լինել արգելված հարց։ 1965 թվականից սկսած՝ ամեն տարի ապրիլի 24-ին վաղ առավոտից մարդկային հոսքերն ուղղվում էին դեպի Ծիծեռնակաբերդի բլուր, դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, խնկարկելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Այս տարի համաշխարհային համավարակով պայմանավորված՝ Ցեղասպանության հուշահամալիրը փակ է, մարդկանց հոսքը՝ արգելված։

1892-1923 թթ. Թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանության հիշատակի օրը համարվում է ապրիլի 24-ը, քանի որ 1915 թ. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Երվանդ Սըրմաքեշհանլյան, Ատոմ Յարջանյան, Հովհաննես Հարությունյան…:

Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն. զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

Առաջին փուլով բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդկանց զինաթափեցին ու սպանեցին իրենց թուրք զինակիցները, ապա թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերերին և երեխաներին։ Կազմակերպվեց զանգվածային բռնագաղթ, աքսոր և ջարդ։

1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվեց հայությանը պատճառած վնասի չափը. 14 միլիարդ 598 միլիոն 510 հազար ֆրանկ արևմտահայությանը, իսկ արևելահայությանը՝ 4 միլիարդ 532 միլիոն 472 հազար ֆրանկ:

Չհաշված այն, որ ոչնչացվեցին ու հրո ճարակ դարձան նյութական ու մշակութային հազարավոր հուշարձաններ ու կոթողներ, հարուստ գրականություն ու ձեռագրեր:

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում կոտորվել են 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվել և քանդվել են 2350 եկեղեցի ու վանք, ոչնչացվել 1500 դպրոց ու վարժարան։

Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներ են համարվում երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդին Շաքիրը: Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և Պոնտոսի հույների ջարդերը:

Այս ողբերգական իրադարձութունների հետևանքով աշխարհի բոլոր ծագերում առաջացավ Հայկական սփյուռքը` Օսմանյան կայսրությունից բռնագաղթված և Մեծ եղեռնը վերապրած հայերից:

Հայոց ցեղասպանությունը ճանաչ է 23 երկիր: Սակայն առաջին պետությունը, որ ճանաչեց 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացվածը որպես Ցեղասպանություն, Ուրուգվայն էր` 1965-ին:

Ճանաչել են Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Բոլիվիան, Շվեդիան, Ֆրանսիան, Հունաստանը, Վատիկանը, Կանադան, Լիբանանը, Լիտվան, Լեհաստանը և այլն: Պետություններից զատ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ` Եվրոպական միությունը, Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական շարժումը, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը ընդունել են ԱՄՆ-ի և այլ երկրների մոտ մեկ հարյուրյակ նահանգներ, նահանգային խորհրդարաններ և այլ կառույցներ: