G20-ում խոստովանել են, որ համաճարակը բացահայտեց առողջապահական համակարգի թույլ կողմերը. «ՌԻԱ Նովոստի»

«Մեծ քսանյակի» երկրների առողջապահության նախարարները կիրակի վիրտուալ հանդիպման ժամանակ խոստովանել են, որ կորոնավիրուսային համաճարակն ի հայտ է բերել առողջապահության համակարգի համակարգային թերությունները: Այս մասին նշված է «Մեծ քսանյակի» հանդիպման արդյունքից հետո կազմակերպիչների տարածած հայտարարության մեջ, որը ներկայում նախագահում է Սաուդյան Արաբիան:

«Առողջապահության նախարարները խոստովանել են, որ COVID-19 համաճարակը բացահայտել է առողջապահական համակարգերում առկա համակարգային թերությունները: Այն նաև ցույց է տվել համաճարակային սպառնալիքները կանխարգելելու և արձագանքելու գլոբալ ունակության խոցելիությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Նախարարները փաստել են, որ անհրաժեշտություն կա բարձրացնել գլոբալ առողջապահական համակարգերի արդյունավետությունը գիտելիքների փոխանակման միջոցով:

Նախարարներին է դիմել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը: Նա G20-ի երկրներին հորդորել է վերացնել առևտրի ոլորտի խոչընդոտները և նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում համագործակցել անհրաժեշտ ապրանքների արտադրության և տեղաբաշխման ծավալները մեծացնելու ուղղությամբ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում գրանցվել է վարակի ավելի քան 2,4 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 165 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 629,2 հազարը: