Ի գիտություն Ստյոպա Սաֆարյանին և Ալեն Սիմոնյանին` եթե Կաթողիկոսը նույնիսկ ների իրենց, բազմահազար հավատացյալներ, հայեր չեն ներելու

Որովհետև կա նաև աններելին

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ հանրային խորհրդի նախագահ նշանակված Ստյոպա Սաֆարյանը News.am-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատասխանի համատեքստից կտրված մեկնաբանությամբ աղավաղելով իրականությունը, այլափոխելով կամ նենգափոխելով Կաթողիկոսի կոչի բովանդակությունը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր առաջնորդի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հենց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ օրերս հրապարակել է հետևյալ հերյուրանքը, իրականությանը չհամապատասխանող վարկաբեկիչ գրառում.

«Փաստորեն, կաթողիկոսին, բացի Ռոբերտ Քոչարյանը, մնացած կալանավորների /դիտավորյալ կամ անզգույշ հանցագործություններ կատարած/ առողջական վիճակը չի հետաքրքրում… Ավելորդ չէ ասել’ մոմդ ծախի, եկեղեցու բիզնեսներին տիրություն արա, պետության գործերին մի խառնվի, միգուցե մի գեղեցիկ օր մեզ արժանի վեհափառ կունենանք…»:

Մինչդեռ, ահա թե իրականում ինչ է պատասխանել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը NEWS.AM լրատվական գործակալության կողմից ստացված հարցմանը: Մեջբերում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի (Info Service Dept of the Mother See) հրապարակումը.

«《Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ի պատասխան NEWS.AM լրատվական գործակալության կողմից ստացված հարցման՝ համավարակի այս պայմաններում ԱՀ առաջին նախագահ և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությամբ՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է.

«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս. Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։

Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։ Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։

Ինչպես ակնհայտ է, հայերենով ու շատ պարզ գրված է. «Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց, ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել» (ընդգծումները` մերը)։ Այսինքն` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը վերաբերվում է ոչ միայն ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ և Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանին, այլև կալանքի և ազատազրկման վայրերում գտնվող բոլոր նրանց, որոնց խափանման միջոց կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելը և ազատ արձակելը հասարակության համար վտանգ չի ներկայացնում:

Ընդգծենք նաև, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տնտեսական գործունեություն ծավալող, շահույթ հետապնդող կազմակերպություն չէ, հետևաբար Եկեղեցին բիզնեսով չի զբաղվում, բիզնես չէ նաև Եկեղեցու մոմավաճառությունը, ոչ էլ Կաթողիկոսն է մոմ ծախում: Ստյոպա Սաֆարյանը գոնե իր ներկայիս տարիքում պետք է իմանար այս ամենի մասին, առավել ևս` հայտնված լինելով ՀՀ հանրային խորհրդի նախագահի պաշտոնին, իսկ եթե գիտենալով հանդերձ է իր վերոնշյալ գրառումը կատարել, ապա, կարծում եմ, դա իր ողբերգությունն է…

Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարության վերաբերյալ, մեղմ ասած, անտեղի և անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը հանդես է եկել հետևյալ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

«Ապրիլի 14-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ի պատասխան News.am գործակալության հարցման կատարված հայտարարությունը տեղիք է տվել տարաբնույթ, այդ թվում և անտեղի ու անհարկի մեկնաբանությունների ու գնահատականների։

Հարկ ենք նկատում հայտնել հետևյալը՝ Վեհափառ Հայրապետի կեցվածքն ամբողջապես համահունչ է Քրիստոսի Սուրբ Եկեղեցու մարդասիրական առաքելությանն ու դավանած արժեքներին։ Հետևաբար, հարկ է չքաղաքականացնել Վեհափառ Հայրապետի դիրքորոշումը և տրվել անպտուղ բանավեճերի։ Ցավոք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի արտահայտած մտքերը ներկայացվում են հատվածաբար, իսկ ՀՀ երկրորդ նախագահին անդրադարձը՝ ենթատեքստից կտրված և այլափոխված։

Նորին Սրբության հորդորին առնչված բոլոր մեկնաբանություններն ու գնահատականները պետք է կատարել՝ խստորեն հետևելով տեքստի բովանդակությանը, ինչպես նաև դրսևորել անհրաժեշտ պատշաճություն և բարեկրթություն տեսակետներ և կարծիքներ արտահայտելիս, առավել ևս երբ դա կատարվում է պաշտոնատար դիրք զբաղեցնող անձանց կողմից։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորն է ամենքին՝ միասնության և համերաշխության ոգով, ջանքերի մեկտեղումով լծվել համավարակի այս ծանր իրավիճակում հայրենիքի և մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը»։

Ստյոպա Սաֆարյանի հիշյալ գրառման առնչությամբ հոգեբան, քաղաքական հոգեբան, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար Միհրդատ Մադաթյանը (Мигрдат Ростомович Мадатян) «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Տիկնայք և Պարոնայք

Այս՝ երեխայի կոշիկը Մարտի 1-ին վեր բարձրացնող և սուտ ինֆորմացիա տարածող սուբյեկտը, ով էլ հենց ընդհարումների առիթ հանդիսացավ, Անահիտ Բախշյանի հետ միասին, որովհետև կրքեր բորբոքեց ստահոդ ինֆորմացիա տարածելով, հիմա հանդիսանում է ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ նախագահ։

Ես նման “հանրության” անդամ չեմ ուզում լինել, որովհետև այս անձի, ուղղակի ներկայությունը այդ խորհրդում, անձնապես վիրավորական է ինձ համար։

Ինչքա՞ն մեր ՀԱՆՐՈւԹՅՈւՆԸ չի նկատելու այս անարգանքը՝ հայրենիքի, ազգի, նրա հերոսների, պետական կրոնի, ընտանիքի, պետականության և այլ արժեքների նկատմամբ։

P.S. Չմոռանամ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ բեմադրված ֆարսի ամենագլխավոր դերերից մեկը՝ հենց այս սուբյեկտի քրոջն էր հանձնարարված…

P.P.S. Ցիտում եմ Վեհափառի խոսքը այս թեմայի շուրջ՝ “Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից”։

P.P.P.S. Մի այլ “դուրսպրծուկ”՝ Ալեն Սիմոնյան վերնագրով էլ արդեն որոշել է Վեհափառին փոխել ((((((( “Սքրինշոթը” մեկնաբանություններում»։

Թերևս շատերին արդեն հայտնի է Կաթողիկոսի հիշյալ պատասխանի առնչությամբ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն«:

Ես էլ, ի գիտություն Ալեն Սիմոնյանի, ասեմ, որ բազմահազար, անհամեմատ ավելի մեծաթիվ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ կարևոր են համարում իր և ներկայիս վարչախմբի, մեղմ ասած, փոփոխության հարցը: Եվ եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր համար քաղաքացի Կտրիճ Ներսիսյան է, ապա Ալենի աշխատավայրն էլ ինձ համար ոչ թե Ազգային ժողով, այլ հիմնականում «Ազգային ժողով» կոչված հաստատության, այդ գաղափարի հետ կապ չունեցող և ընտրողների խաբեության արդյունքում այնտեղ հայտնված ինչ-որ ջահելների ժողովատեղի է, ինքն էլ այսուհետ ընդամենը` քաղաքացի Ալեն Սիմոնյան: Աշխատեցի հնարավորինս քաղաքավարի լինել և այժմ դեռ բավարարվել այսքանով:

Ալեն Սիմոնյանի վերոնշյալ գրառմանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և Թանգարանների տնօրեն, հոգեշնորհ տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը` գրելով հետևյալը.

«ՄԵՐ ԽՈՍՔԸ

Որպես հայ քրիստոնյա և հոգևոր սպասավոր խորապես հիասթափված եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Պարոն Ալեն Սիմոնյանի վերաբերմունքից:

Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին և ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին:

Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ:

Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում:

Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն…

Կսիրեմ հուսալ, որ Ձեզ բնորոշ ողջախոհությամբ կսրբագրեք Ձեր մոտեցումը և կմնաք հարազատ զավակը Ձեր Սուրբ Եկեղեցու՝ հայցելով Ազգիս Սրբազնագույն Հայրապետի հայրական ներողամտությունը»:

Ալեն Սիմոնյանն այսօր ժամը 18:33-ի դրությամբ այդպես էլ չէր սրբագրել իր վերոնշյալ գրառումը:

Արթուր Հովհաննիսյան