Կառավարության սոցիալական աջակցության շնորհիվ 5 957 շահառու հղի կանայք կստանան աջակցություն

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառման շահառու հանդիսացող 5 957 հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից կամ չեն աշխատել մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, կարող են դիմել բանկ և ստանալ միանվագ աջակցություն։

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

«7-րդ միջոցառման շրջանակն ընդլայնվել է, և այժմ աջակցություն կստանան ոչ միայն այն հղիները, որոնց ամուսիններն ազատվել էին աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, նաև այն հղիները, որոնց ամուսիններն այդ նույն ժամանակահատվածում չեն աշխատել։ Այս պահին ծրագրի շահառու է հանդիսանում 5 957 քաղաքացի, ցանկը թարմացվում է»,- նշեց Բաթոյանը։

7-րդ միջոցառման ֆինանսավորումը սկսվել է ապրիլի 10-ից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համար գործարկել է 11 միջոցառում։