Որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը. Եսայան եղբայրներ

Ինչպես գիտեք, Եսայան եղբայրները, որոնք  «Յուքոմ» ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5,94% բաժնետերերը, ապրիլի 10-ին առաջարկ էին արել մյուս սեփականատերերին՝ ձեռք բերելու մնացած բաժնետոմսերը: 94,06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22 մլրդ 100 մլն դրամ գումար:

Ձեզ ենք ներկայացնում Հայկ Եսայանի հայտարարությունը.

«Բանակցությունները սկսելուց ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ այսքան աշխատակիցներ կորոշեն աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնել՝ հետևելով իմ օրինակին, հայտարարելով, որ պատրաստ չեն աշխատել այլ տնօրենի հետ: Ուստի ես իմ սեփական պատասխանատվությունն եմ զգում աշխատակիցների առջև: Այս պատասխանատվությունից ելնելով և կազմակերպության շարունակականությունը ապահովելու նպատակով՝ որոշում ենք կայացրել վճարել հնարավոր առավելագույն գինը՝ հաշվի առնելով կազմակերպությունում տարիներ շարունակ ներդրված բոլոր գումարները:  Առաջարկի գումարը կազմում է 34,057,000,000 ՀՀ դրամ:

Առաջարկությունը արդեն բանավոր ներկայացված է, սպասում ենք պատասխանի:

Այո՛, մենք պատասխանատվություն ենք զգում մեր ստեղծած հարազատ կազմակերպության շարունակական աշխատանքը ապահովելու համար՝ չվտանգելու արտակարգ դրությունում հայտնված հայաստանցիների հեռավար կրթվելու, տնից առցանց աշխատելու, իրար հետ վիրտուալ կերպով լինելու ապահովումը: Այս պահին արդեն 843 աշխատակիցներ ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ և ցանկանում են անհապաղ դադարեցնել իրենց պարտականությունների կատարումը, և իմ ամենօրյա խնդրանքով է, որ աշխատակիցները չեն լքում աշխատանքը և շարունակում են սպասարկել այս օրերին կենսական նշանակություն ունեցող ցանցը, որով, ինչպես նշեցի, ապահովվում է գործարար և կրթական ամբողջ համակարգի կենսագործունեությունը»,- ասել է Հայկ Եսայանը: