Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը, «Տատիկիս վարսերը» և ՀՀ քննչական կոմիտեն

ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ:

ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում այս կապակցությամբ հրապարակված տեղեկատվության  մեջ նշված է.

«ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով  յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու գործն ուղարկվել է դատախազություն՝ ՀՔԾ ուղարկելու միջնորդությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. Կաննի կինոփառատոնին ՀՀ պատվիրակության մասնակցության ծախսերը հոգալու պատրվակով ՀՀ մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և միջնորդավորված, մաս-մաս ստացել է նշված ֆիլմի նկարահանումների համար նախատեսված գումարներից շուրջ 6.800.000 դրամ գումար:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ ըստ քննչական ենթակայության ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ»:

ՀՀ քննչական կոմիտեն ծանուցել է նաև, որ «Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Թեև ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տեղեկատվության մեջ նշված չէ ՀՀ մշակույթի նախկին նախարարի անունը, բայց հայտնի փաստ է, որ 2016-2018 թթ. ՀՀ մշակույթի նախարարը եղել է Արմեն Ամիրյանը: Լինելով բավական ապահովված անձնավորություն, նա դժվար թե վերոնշյալ յուրացման կարիքն ունենար կամ դիմեր նման քայլի, սակայն, ինչպես ասում են, ժամանակից առաջ չընկնենք, սպասենք նախաքննության, իսկ հետագայում, եթե լինի դատավարություն, նաև դատաքննության արդյունքներին: