Մի թերագնահատեք նոր կորոնավիրուսով վարակումից բխող վտանգը, հետո շատ եք զղջալու

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում այսօր առավոտյան հանդես գալով լայվով, նշելով, որ ապրիլի 5-ին Հայաստանում ունեցել ենք նոր կորոնավիրուսի թեստավորման 263 դեպք և դրական է եղել այդ դեպքերից ընդամենը 11-ը, ինչը վերջին շաբաթների համար աննախադեպ դինամիկա է, ասաց.

«Եթե մեր կանխավարկածն արդարանա, կնշանակի, որ երկուշաբթի օրվանից արդեն հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացումների մասին»:

Ըստ Փաշինյանի, եթե մենք առաջիկա օրերին ունենանք դեպքերի դինամիկայի նվազում, կնշանակի, որ կիրառվող ու մեզ բազմաթիվ անհարմարություններ պատճառող միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ, և եթե առաջիկա 1 շաբաթվա ընթացքում ինքներս ավելի խստորեն պահենք պարետատան սահմանած սահմանափակումները, մեր շանսերը կմեծանան, որ մենք ապրիլի 13-ից արդեն սկսենք ռեժիմների թուլացումը և սկսենք մտածել բնականոն կյանքի վերադառնալու մասին:

Այո, հայտնի և իրականում նույնիսկ սոսկ մասամբ իրականացվող սահմանափակումները չէին կարող արդյունք չտալ և տվել են, համենայն դեպս, առանց դրանց, մենք այսօր SARS-CoV-2-ով վարակման, COVID-19-ով հիվանդության ու դրա հետևանքով մահվան դեպքերի ավելի մեծ ցուցանիշներ կունենայինք: Սակայն առաջիկա երկուշաբթի օրվանից սահմանափակումների թուլացումը հանգեցնելու է օր օրի դեպքերի մեծաթիվ աճի, դրանց դինամիկայի էական աճի: Փաշինյանը, իր գլխավորած կառավարության հետ միասին, արդեն իսկ լուրջ սխալներ է թույլ տվել ՀՀ նոր կորոնավիրուսի ներթափանցումը չկանխարգելելու, ներթափանցումից հետո տարածումը բավականաչափ չզսպելու առումներով, խորհուրդ ենք տալիս սխալների շարքը չշարունակել ու կրակի հետ չխաղալ:

Ստորև, ի լրումն ավելի վաղ ներկայացված առաջարկների, ներկայացնում ենք օրախնդիր առաջարկների մի մասը` ուղղված ՀՀ արտակարգ դրության պարետ պարոն Տիգրան Ավինյանին և կառավարությանը.

  1. Նկատի ունենալով, որ «Մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» պարետի իրար հաջորդող որոշումները, դրանցով կարգազանց տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը 6 ժամով արգելելն արդյունավետ չէ, նույն և այլ տնտեսվարողների համար դաս չի լինում հետագայում սահմանված կարգի խախտումները չշարունակելու և թույլ չտալու համար, առաջիկայում սահմանված կարգի խախտումներ թույլ տվող տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) նկատմամբ գործունեության ծավալումը 6 ժամով արգելելուն զուգահեռ կամ դրա փոխարեն (եթե զուգահեռ կիրառումը հնարավոր չէ), կիրառել վարչական խոշոր (նշանակալի) տուգանք:
  2. Պարետի 2020թ. մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի 5-րդ կետի սկզբի մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն հավելվածի 1-ին կետից բացառություն են կազմում հավելված N 2-ով թույլատրված և անձի բնակության կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1000 մետր հեռու գտնվող առևտրի իրականացման վայրեր, դրանցից դուրս գործող առևտրի օբյեկտներ, առավելագույնը 2000 մ հեռավորության վրա գտնվող դեղատներ հաճախելը`», այնուհետև ինչպես առկա շարադրանքում:

Oրինակ, Ուզբեկստանում թույլատրված է միայն այն մթերային և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութներ այցելելը, որոնք գտնվում են բնակության վայրի մերձակայքում (UzNews, https://news.am/arm/news/570548.html):

  1. ՀՀ այն բոլոր այն բնակավայրերում, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը մեծ է, արգելել շնչադիմակ կամ ռեսպիրատոր չկրող մարդկանց գտնվելը հանրային տարածքներում, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գրասենյակներում, ուրիշ պետական հաստատություններում, ձեռնարկություններում, հաստատություններում, կազմակերպություններում, առևտրի, սպասարկման կետերում, հյուրանոցներում, հանրակացարաններում, կայարաններում, օդանավակայաններում, գնացքներում, կանգառներում, տաքսիներում, ինչպես ս. թ. ապրիլի 6-ից արգելվել է Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում: Համեմատության համար նշենք, որ ապրիլի 6-ի ժամը 17:22-ի դրությամբ Ուկրաինայում SARS-CoV-2-ով վարակման հաստատված դեպքերն ընդամենը 1319-ն էին, Հայաստանում` 833 , Ուկրաինայի բնակչությունը 2020թ.հունվարի 1-ի դրությամբ շուրջ 42 միլիոն է, ՀՀ բնակչությունը 3 մլն չկա:
  2. Նկատի ունենալով Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում նոր կորոնավիրուսով վարակված Մարալիկի բնակչի զննումից հետո էպիդեմիոլոգիական անամնեզի բացակայության վրա (արտերկրում չի եղել, հաստատված վիրուսակրի հետ չի շփվել) հույս դնելով, «Գյումրի» բժշկական կենտրոնում նույն պացիենտին օրերս ընդունելու, նշված հետևանքով նրա հետ շփում ունեցած առնվազն 29 բուժաշխատողի դրանից հետո մեկուսացնելու դեպքը, այսուհետ բացառել սոսկ էպիդեմիոլոգիական անամնեզի բացակայությամբ առաջնորդվելը, և նոր կորոնավիրուսով վարակվածության այս կամ այն ախտնանշանի առկայության դեպքում պարտադիր իրականացնել համապատասխան թեստավորում:
  3. Հայաստանի Հանրապետությունում SARS-CoV-2-ով վարակվածության հաստատված դեպքերի նվազումը չհամարել վտանգի վերացման կամ նվազման հիմք և հաջորդ շաբաթվանից կամ առաջիկայում չվերացնել կամ չմեղմացնել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների և անձանց ազատ տեղաշարժման իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները, ինչը կհանգեցնի վարակվածության ու մահվան դեպքերի նոր աճի: Ներքին սահմանափակումները (բացառությամբ` սահմանայինների) կարելի է վերացնել ՀՀ-ում SARS-CoV-2-ով վարակվածության վերջին հաստատված դեպքի գրանցումից առնվազն 14 օր (հնարավորության դեպքում` 1 ամիս) հետո, եթե այդ ընթացքում վարակվածության նոր դեպքեր չլինեն:
  4. Արգելել և այսուհետ բացառել ՀՀ-ում ռապիդ թեստերի (էքսպրես թեստերի) կիրառումը նոր կորոնավիրուսով վարակվածության հայտնաբերման նպատակով, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բազմաթիվ են դեպքերը, երբ դրանցով թեստավորման արդյունքում առողջ մարդկանց պարագայում ստացվել է դրական արդյունք, SARS-CoV-2-ով վարակված անձանց պարագայում` բացասական արդյունք (https://news.am/arm/news/569177.html, https://www.facebook.com/photo.php?fbid=2767227186734080&set=a.107952025994956&type=3&theater, https://strana.ua/articles/analysis/257151-dostovernost-50-mozhno-li-verit-testam-na-koronavirus-i-chem-pomohut-ekspress-testy-iz-kitaja.html, https://strana.ua/news/256337-kto-iz-izvestnykh-ukraintsev-zarazilsja-koronavirusom-shakhov-favorov-skorobohach.html, https://dnipro.depo.ua/rus/dnipro/pomilkoviy-ekspres-test-u-observatsii-dnipri-ne-znayshli-koronavirus-202003301140211, https://dumskaya.net/news/novogo-bolnogo-s-koronavirusom-v-odesse-zakryli-111489/, https://dumskaya.net/news/odesskiy-nulevoy-patcient-s-covid-19-ekspress-te-111408/, https://bykvu.com/ru/bukvy/mikrobiolog-rasskazal-kakie-testy-na-koronavirus-tochnee/, https://glavred.info/ukraine/10160705-dostoverny-li-ekspress-testy-na-koronavirus-virusologi-raskryli-vsyu-pravdu.html): Կիրառել միայն PCR թեստեր, քանի որ ռապիդ թեստերի մեծաքանակ սխալ արդյունքների հետևանքով նոր կորոնավիրուսային վարակով վարակվածության դեպքերը, COVID-19-ով հիվանդների և հիվանդացության հետևանքով մահվան դեպքերի քանակը ՀՀ-ում առաջիկայում ավելի է մեծանալու:
  5. Արգելել ՀՀ-ից կարտոֆիլի արտահանումը` նկատի ունենալով պարենային և գնային այն բացասական և կանխատեսելի իրավիճակը, որն առաջիկայում սպասվում է Հայաստանի Հանրապետությունում:

Արթուր Հովհաննիսյան