Աո՜ւ, որտե՞ղ եք, պարոն քաղաքապե՜տ

Պատերազմում առջևից գնում են հրամանատարները, նրանք առաջնորդներ են, առաջամարտիկներ, ու առջևում են, որպեսզի  զինվորը տեսնի և հոգով ամրանա, համոզվի, որ հրամանատարը պատրաստ է իր վրա վերցնել առաջին վտանգավոր հարվածը: Սա պատերազմի օրենքն է: Այսպես է եղել  հնում, այդպես է նաև այսօր:  Բայց այս գրված կամ չգրված օրենքը միայն ռազմի գործում չէ, որ կիրառելի է, այն նաև քաղաքացիական կյանքում գործող ու յուրաքանչյուր պաշտոնյայի համար պարտադիր օրենք է:

Հրամանատար, առաջնորդ, ղեկավար լինելն էլ նախ հոգեկերտվածք է, տեսակ, ամեն ոք չի կարող առաջնորդ ու ղեկավար լինել, դրա համար ներքին ուժ պետք է ունենալ: Պատմությունն էլ ցույց է տալիս՝ ամուր են եղել այն պետությունները, ապահով են եղել այն  ժողովուրդները, որոնք ունեցել են իսկական առաջնորդներ, պետականամետ, ժողովրդասեր, ուժեղ ղեկավարներ:

Ովքե՞ր են Հայաստանի ներկայիս իշխանավորները, պաշտոնյաները, արդյո՞ք նրանք բարդ իրավիճակներում երկիրը, ժողովրդին առաջնորդելու ունակություն ունեցող մարդիկ են, արդյո՞ք նրանք իրենց տեսակով, հոգեկերտվածքով իրապես ուժեղ առաջնորդներ են:

Դատենք գործերից:

Հայաստանի սիրտը Երևանն է՝ մեր մայրաքաղաքը, ու բոլոր հայերիս հայացքն ուղղված է Երևանին: Եվ ոչ միայն հայերիս, նաև օտարների, ու օտարների առաջնորդների հայացքն է ուղղված Երևանին:  Այսինքն՝ Երևանը հայության առաջնորդանիստ քաղաքն է: Դա  նշանակում է, որ Երևանի քաղաքապետը մեր  առաջնորդն է, հրամանատարը, առջևից գնացողը: Այդպե՛ս պետք է լինի,  բայց այդպե՞ս է, արդյոք:  Հայկ Մարությանն արդյո՞ք երևանցիներիս առաջնորդն է, ասել է թե՝ մեր  առջևից գնացող հրամանատարը… Շատերդ քթի տակ գուցեև ժպտաք թերահավատորեն: Բայց գնանք առաջ, ու, ինչպես ասացի՝ դատենք գործերով:

Կորոնավիրուսի տարածման այս դաժան օրերին բոլորիս հայացքը նաև Երևանի հրամանատար-քաղաքապետի վրա է, բայց հրամանատարը չկա, տեղում չէ, ու արդեն վաղուց նա բացակա է՝  Երևանն  անտեր ու անգլուխ թողած, զինվորականի խոսքով ասած՝ պոստը լքած հրամանատար է…

Որտե՞ղ է՝ չգիտեն ո՛չ խոսնակը, ո՛չ  ավագանու անդամները:

Ասում են՝ քաղաքապետ Մարությանը հաճախակի անհետանալու վատ սովորություն ունի,  արձակուրդ վերցնելու թուլություն՝ օրերով կամ շաբաթներով: Իսկ այդ արձակուրդները հիմնականում լինում են չհայտարարված ու չպատճառաբանված:

Մի տեսակ զավեշտի պես բան է ստացվում, ավագանու անդամները ամսվա էս գլխից էն գլուխը ընկած քաղաքապետին են փնտրում ու  չեն գտնում: Այդ փնտրտուքը նրանց մոտ կարծես դառնում է  հաճախ կրկնվող վտանգավոր սովորություն: Պատկերացնո՞ւմ եք, ավագանու անդամները  ճարները կտրած, քաղաքապետի անհետացման մասին հայտարարում են եթերով կամ ահազանգում սոցցանցերով, թե տանից դուրս է եկել ու  չի վերադարձել: Աո՜ւ, որտե՞ղ եք, պարոն քաղաքապետ: Ու հետո պատահաբար մամուլից են տեղեկանում, որ նա հերթական  արձակուրդն է վերցրել ու մեկնել  անհայտ հասցեով, ոչ ոք  չգիտի՝ երկրո՞ւմ է, թե երկրից դուրս: «Ես չեմ կարող ասել, թե ուր է գնացել». սա քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի հերթական պատասխաններից մեկն է՝  Մարությանի հերթական կարճատև արձակուրդից հետո:  Դե, խոսնակն ի՞նչ իմանա, թե շեֆն ուր է թռել ու  ինչ ուղղություններով, մանավանդ երբ շեֆի  արձակուրդները քաղաքային գործերի հետ ոչ մի առնչություն չունեն:

Շատ հետ չգնանք, ընդամենը մարտ ամսին քաղաքապետը մի քանի անգամ  արձակուրդ է վերցրել ու անհետացել. ստացվում է՝ նա աշխատանքի է գնացել ընդամենը մեկ կամ երկու օր: Նրան շենքում տեսնողներ են եղել՝ ընդամենը 2 անգամ:

Այսինքն, մայրաքաղաքի ղեկավարը չի աշխատում, պարապուրդի մեջ է: Ու սա երկրի համար ստեղծված  լարված, համաճարակային իրավիճակում, երբ քաղաքում  բազմաթիվ անելիքներ կան, երբ  վիրուսի տարածման դեմն առնելու համար լուրջ քայլեր պետք է արվեն, երբ քաղաքի ղեկավարը մեկ օր անգամ աշխատանքից բացակայելու  իրավունք չունի:

Ասում են՝ Մարությանը համաճարակներից լուրջ վախեր ունի ու արտակարգ դրության օրերին առհասարակ «գետնի տակ» անցավ: Ասում են խո՜ր  ինքնամեկուսացած է…

Ավագանու անդամներից մի քանիսն էլ իրենց գրառումներում տեղեկացրին,  թե վերջերս մի պահ հայտնվել է, ավագանու նիստը վարել, մի ուղերձ կարդացել ու  կրկին անհետացել: Ընդ որում, խոսքուզրույցի մի թեմա էլ դարձավ այդ  նիստը, որը կազմակերպվել էր  քաղաքապետարանի նախասրահում, իսկ վախվորած քաղաքապետը բոլորից  հեռու էր նստել։

Ու հիմա նորից վիրուսից պաշտպանվելու համար արձակուրդ է վերցրել և կրկին խո՜ր ինքնամեկուսացել: Հրաժարվում է անգամ հանդիպել ավագանու անդամների հետ և իրավիճակ քննարկել: Մերժում է հանդիպման բոլոր առաջարկները:

«Ոչ ոքի չի ընդունում իր մոտ: Ինքս փորձել եմ մտնել իր մոտ ու մերժում եմ ստացել»,- ասել է «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը: ԲՀԿ անդամ Հռիփսիմե Առաքելյանն էլ իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի լուսանկարն ու կատարել հետևյալ գրառումը. «Այ քո տունը շինվի, գոնե մի ստից ասուլիս տուր, մի բան արա, ձև տուր գոնե, որ կաս, առողջ ես, տեղում ես, էս ի՞նչ ես անում, բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել, այն էլ այս արտակարգ պայմաններում»։

Այս օրերին սոցցանցերում պտտվում է մի տեսանյութ, թե ինչպես են Թբիլիսիի քաղաքային  իշխանությունները կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հատուկ նյութերով և տեխնիկայով ախտահանում ամբողջ քաղաքի փողոցները:  Բա հարց չտա՞նք պարոն պետին՝ Երևանի փողոցներն ո՞վ է ախտահանելու: Մեկ տարի առաջ դուք հայտարարում էիք. «Ինչ ես քաղաքապետ եմ, թե՛ շաբաթ, թե՛ կիրակի օրերն անձամբ անցկացնում եմ աղբավայրերում»: Հիմա որտե՞ղ եք աղբավայրերից  տուն չեկող քաղաքապետ, ինչո՞ւ կորոնավիրուսի ճիրաններում հայտնված Երևանի փողոցներն  անհրաժեշտ չափով չեն ախտահանվում:

Շրջեք մայրաքաղաքով մեկ ու կհամոզվեք՝ անգամ աղբահավաքման աշխատանքները կարգին չեն կատարվում, էլ ուր մնաց խոսել ախտահանման մասին: Դարձյալ մեջբերենք  Թեհմինե Վարդանյանի խոսքը. «Պատուհան լվալու փչիկով ու փոշու շորով մաքրություն անելը չի նշանակում քաղաք ախտահանել: Քաղաքական թիմն ու հետևորդներն էլ Թբիլիսիի նկարների տակ գրում են՝ անիմաստ է: Դե հա, ինչ իմաստ կա ախտահանելու, վտանգավոր վիրուս չի, թու-թու-թու կասենք, թթի օղի կխմենք, կանցնի- կգնա»:

2018-ի հոկտեմբերի 13-ին Մարությանը քաղաքապետարանի ամբիոնից սրտակեղեք ձայնով խոստանում էր բարեխղճորեն, ազնվորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները: Մինչդեռ խոստացված 7 կետերը, ինչպես երևանցի օգտատերերից մեկն էր գրել՝ փաստորեն, «մնացին երևանցու վզին…»:

Չէ, սա հումոր չէ,  սա ցավալի իրականություն է, որը հաստատում է մի պարզ ճմարտություն՝ գործ ունենք բարդ իրավիճակում երկիրը, քաղաքը, երևանցուն   թողնող-թռնող ղեկավարի հետ:

Բայց մեզ պե՞տք է նման քաղաքի պետ: Մարությանը պետք է հրաժարական տա ու  գնա իր արձակուրդները  հանգիստ վայելելու: Այդպես լավ կլինի իր համար, ու արդար քայլ՝ երևանցիներիս հանդեպ:

Չարաբաստիկ  կորոնավիրուսը ստուգատեսի պես մի բան դարձավ, իշխանության ներսում եղած թացն ու չորը, խելոքն ու հիմարը, գործունյան ու անգործը ջոկելու համար:

Փաշինյանը պիտի համոզվի, որ իր բերած թիմը թույլիկ է,  ոչ պրոֆեսիոնալների, անբան ու ծույլերի հավաքածու (մի երկուսին հանած), պիտի համոզվի, որ իր թիմում     հրամանատարներ չկան, իսկ անհրամանատար իշխանությունը պատուհաս է ժողովրդի ու երկրի համար:

Փաշինյանը պիտի համոզվի, որ Հայրենիքը բառերով ու ճառերով չեն սիրում,   հայրենիքը խնամք ու  հոգածություն է պահանջում՝ մի՛շտ,  առավելևս բարդ իրավիճակներում:

Իսկ այս  օրերին հայրենիքից թռնողը, չգիտեմ, ինչ անուն ուզում եք տվեք, բայց ինձ համար դասալիք է ու դավաճան:

Արմինե Սիմոնյան