Ադրբեջանը ռազմական հանցագործություն իրականացրած պետություն է

2016 թվական, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 03:00-ին Ադրբեջանն արհամարհելով միջազգային կազմակերպությունների կոչերը` ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին, ռազմական ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:

Թշնամին  հարձակման անցավ սահմանի ողջ երկայնքով՝  առաջնագծի հյուսիսարևելյան, հարավային և հարավարևելյան ուղղություններով։

1994-ի հրադադարից հետո սա թշնամու կողմից սանձազերծված ամենալայնածավալ ռազմական գործողությունն էր: Այդ օրերին հակառակորդն օգտագործեց այնպիսի զինտեխնիկա, որը մինչ այդ չէր օգտագործվել: Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, Արցախի սահմանները հրետակոծելու նպատակով, գործի էին դրել ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր տեսակները՝ «Գրադ» ռեակտիվ կայանքներ, 152 մմ հրանոթներ, ականանետներ, տանկեր,  ռազմական ավիացիա: Լայնորեն կիրառվեց անօդաչու թռչող սարքեր՝ ԱԹՍ-ներ, դրանք հիմնականում ուղղվում էի  բնակավայրերի և հենակետների ուղղությամբ: Պարզվեց, որ Ադրբեջանը ԱԹՍ-ները  գնել էր Իսրայելից, իսկ իսրայելցի մասնագետներն իրենց արտադրանքի արդյունավետությունն առաջին անգամ փորձարկեցին հենց հայկական Արցախի վրա…

Թշնամու զինուժը միաժամանակ հրետակոծում էր Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը՝ Տավուշը, Բերդավանը, Կոթին. այս ուղղություններով կիրառվեցին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 և 82 մմ ականանետեր:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է  ՀԱԿԱԳՐՈՀԻ 

Արդյո՞ք թշնամու հարձակման մասին նախապես տեղեկացված է եղել հայկական կողմը, թե՞ այն եղել է անսպասելի: Այս հարցը հնչում է մինչ օրս և առ այսօր ռազմական նախկին ղեկավարությունը վստահաբար պնդում է՝ հարձակումը եղել է անսպասելի, և ճիշտ չեն այն խոսակցությունները, թե իբր հետախուզությունը նախապես հաղորդել էր  թշնամու  հարձակման օրն ու ժամը: Իսկ անսպասելի հարձակումը, ինչպես ասում են ռազմագետները, միշտ էլ նպաստավոր է լինում  հարձակվող կողմի համար: Սրանով էլ բացատրվում է ադրբեջանական բանակի առաջին հաջողությունները: Սակայն Արցախի պաշտպանական բանակի արհեստավարժ գործողությունների արդյունքում թշնամու առաջխաղացումը կասեցվում է: Հայկական կողմը շատ արագ կարողանում է իրավիճակը վերցնել վերահսկողության տակ:

Ապրիլի 2-ին, 3-ին, 4-ին Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները  հակառակորդին պատճառում են և՛ զինտեխնիկայի, և՛կենդանի ուժի լուրջ կորուստներ: Հայտնաբերվում ու ոչնչացվում են  հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերը: Մեր հակաօդային ուժերին հաջողվում է ոչնչացնել թշնամու մի քանի ուղղաթիռ, ԱԹՍ-ներ, տանկեր: Հայկական կողմի ակտիվ գործողությունների արդյունքում հակառակորդի մեծաթիվ ուժերը կորցնում են իրենց մարտունակությունը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՍՆԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՊԼԱՆՆԵՐԸ ԽԱՌՆՎԵՑԻՆ…

Սեփական  զինուժի ձախողումը տեսնելով, Ադրբեջանը Արցախին սպառնում է ռմբակոծել Ստեփանակերտը և այլ բնակավայրեր: Ի պատասխան թշնամու՝ հնչում է Արցախի ՊԲ-ի նախազգուշացնող հայտարարությունը. «Նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

Իր գործելաոճին հարազատ, ադրբեջանական կողմը ռազմական գործողություններին զուգահեռ, վարում էր նաև  տեղեկատվական, քարոզչական պատերազմ: Ազերիները հեղեղել էին սոցցանցերը կեղծ լրատվությամբ, թե իբր բոլոր ուղղություններով  հայկական  կողմին ծանր կորուստներ են պատճառում:

Արցախի ՊԲ-ն, ի պատասխան տարածվող կեղծիքի, մեկը մյուսի հետևից շրջանառում էր մեր զինվորների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների, տանկերի տեսագրություններն ու լուսանկարները:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՖԱՇԻՍՏԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է 

Տարիներ շարունակ հայատյացություն,  թշնամանք քարոզելով՝ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում նոր ագրեսիայի համար: Մինչ 2016-ի ապրիլը Բաքուն  ամենաբարձր մակարդակով խոսում էր այն մասին, որ ռազմական գերազանցության հասնելով՝ հանկարծակի հարվածելու է Ղարաբաղին։

2015 թ. մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարեց. «Հակամարտության կարգավորման համար, նախ և առաջ, մեր երկիրը, բանակը պետք է դառնան ավելի հզոր։ Այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում։ Այսօր մենք շփման գծում լիակատար առավելության ենք հասել, թշնամուն ջախջախիչ հարվածներ են հասցվում․․․»: Օրեր անց՝ մարտի 23-ին նույնաբովանդակ հայտարարություն  հնչեցրեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը. «Ադրբեջանը բավականաչափ տեխնիկա և զինամթերք է ձեռք բերում, որը բավարար է առաջին իսկ հարվածով թշնամու 70%-ի ոչնչացման համար։ Եկել է այդ ժամանակը․․․դա անպայման տեղի կունենա, թող ոչ ոք չկասկածի»։

Բաքուն սպասում էր հարմար պահի, և այդ պահը՝ իր հաշվարկով 2016 թ․ ապրիլի 2-ն էր: Այսպիսով, Արցախի դեմ իրականացված ագրեսիան նախապես ծրագրված ռազմական օպերացիա էր:

Ագրեսիայի առաջին օրերին Բաքուն  չթաքցրեց, որ ինքն է սանձազերծել պատերազմը։ 2016 թ․ ապրիլի 2-ին ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը «Говорит Москва» ռադիոկայանին և «Дождь» հեռուստաալիքին տրված հարցազրույցներում հայտարարեց՝ Ադրբեջանը չունի այլ միջոց, քան հակամարտության ռազմական եղանակով կարգավորումը։ Սակայն կարճ ժամանակ անց շեշտադրումները փոխվում են ու Ադրբեջանի ղեկավարությունը իր իսկ կողմից սանձազերծված  ռազմական ագրեսիան փորձում է բարդել  հայկական կողմի վրա՝ իբրև նախահարձակ կողմի: Ալիևը վայրահաչում էր, թե հայկական կողմն է խախտել հրադադարը ու նախաձեռնել ագրեսիա: Ադրբեջանական կեղծարարությանը վերջ տալու նպատակով Արցախի ՊԲ-ն բազմաթիվ փաստեր, տեսանյութեր դրեց միջազգային հանրության առաջ, որոնցով հստակ ապացուցվում էր, որ  2016-ի Ապրիլյան քառօրյան սանձազերծողը Ադրբեջանն է:

Ադրբեջանի ֆաշիստական բնույթը պարզորոշ երևաց Ապրիլյան պատերազմի ողջ ընթացքում: Ադրբեջանական բանակը՝ դեմ գնալով միջազգային բոլոր նորմերին,  իրականացրեց ռազմական հանցագործություններ՝ հայ զինվորականների ու խաղաղ բնակչության դեմ:  Ապրիլի 2-ին ադրբեջանական դիվերսիոն խումբը մուտք գործելով Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, գնդակահարեց Խալափյան ընտանիքի երեք տարեց անդամներին, խոշտանգեց նրանց դիակները՝ կտրելով  ականջները: Ադրբեջանցի հրոսակները գազանաբար խեղել էին  հայկական բանակի ավելի քան երկու տասնյակ զինծառայողների մարմինները, կտրել  գլուխները, դաստակները, մատներն ու ականջները։ Առնվազն չորս զինծառայողներ կտտանքների էին ենթարկվել դեռևս կենդանության օրոք։ Ադրբեջանցի զինվորները չէին խորշել տեսանկարել ու տարածել իրենց կատարած բռնությունները, որոնք ոչնչով չէին տարբերվում ահաբեկչական խմբավորումների գործելաոճից:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ կատարվածին լավատեղյակ լինելով, սակայն, հարազատ մնացին՝ կողմերին հավասարաչափ մեղադրելու, հավասարակշռություն պահպանելու  իրենց կեղծավոր քաղաքականությանը: Եվ ռազմական հանցագործություն կատարած Ադրբեջանը պատասխանատվության չենթարկվեց ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար: Առայսօր միջազգային կառույցների, համանախագահող պետությունների կողմից կատարվածը չի ստացել  համարժեք գնահատական: Փոխարենը, Ադրբեջանի նախագահը գնահատեց ու շքանշաններով պարգևատրեց հայի գլուխ կտրած իր դահիճ-զինվորներին…

Ագրեսորին պատասխանատվության չենթարկելու հետևանքները չուշացան.  քառօրյա պատերազմից ընդամենը ամիսներ անց՝  2016 թ. նոյեմբերի 12-ին, Ադրբեջանի նախագահը բացահայտ հայտարարեց՝ Ապրիլյան պատերազմի ընթացքում Բաքվի նպատակը Ղարաբաղի ոչնչացումն էր. «Մենք երբեք թույլ չենք տա մեր տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծումը»։ Բաքվի  հայատյաց քաղաքականությունը շարունակվում է…

Իսկ ռազմական հանցագործին համարժեք գնահատական չտալը վաղը հե՛նց նույն միջազգային հանրության համար ծանր գին է արժենալու…

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԲՌՈՒՆՑՔՎԵՑ

Թշնամու սադրիչ  գործողությունների լուրը տարածվելուն պես հայությունը ոտքի կանգնեց:  Արցախ ու առաջնագիծ էին շտապում ոչ միայն  Արցախյան ազատամարտի մասնակից կամավորականները, այլև բազմաթիվ հայ երիտասարդներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից:

Հայությունը՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում շտապեց նեցուկ լինել հայկական բանակին: Ու օրհասական պահին Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հերթական անգամ վերհաստատեց իր կենսունակությունը: Շնորհիվ հայության միասնականության ու հայ զինվորի տոկունության՝ ադրբեջանական «բլիցկրիգը» ձախողվեց:

Ադրբեջանը սխալվեց իր հաշվարկներում, որ թերագնահատել էր հայկական ներուժի հզորությունը: Այդ երկրում թյուր կարծիք էր ձևավորվել, թե հայությունը ներսում պառակտված է, իսկ երիտասարդ սերունդն ունակ չէ հայրենիք պաշտպանելու: Նկատենք, որ նման կարծիքի ձևավորման հարցում Ադրբեջանի տեղեկատվական աղբյուրը  վահանմարտիրոսյանների նման ստահակներն էին, ինչպես նաև արտաքին ֆինանսավորմամբ գործող հայաստանյան որոշ ՀԿ-ներ՝ իրենց անհասկանալի ադրբեջանաճությամբ ու չպատճառաբանված խաղաղասիրությամբ:

ՄԵՐ ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ…

Հայկական բանակը ցավալի կորուստներ կրեց: Ապրիլյան քառօրյան թանկ գին արժեցավ՝ դաժան ու արյունալի: Այդ  կորուստը մեզ համար անդառնալի ցավ է… Մեր հերոսների անունները չեմ թվարկի, նրանք հիմա մեկ անուն ունեն՝ Հայրենյաց  Նահատակներ: Իսկ նրանց  անունները՝ մեկ առ մեկ,  հավերժ գրվեցին հայոց պատմության հաղթական մատյանում:

Ապրիլյանի տղերքը  դեռ մեզ մեծ ուժ են տալու,  դեռ մեզ ոգեշնչելու են գալիք մարտահրավերներին դիմակայելու համար, որպես մեր երկարատև պայքարի ներշնչանքի աղբյուր…

Խոնարհումս ձեր շիրիմներին՝ տղերք… 

ՊԱՐՏՎԱԾ  ԹՇՆԱՄՈՒ  ՀԵՏՆԱՀԱՆՋՆ ՈՒ  800 ՀԱ  ՏԱՐԱԾՔԸ

Կենդանի ուժի, տեխնիկայի զգալի կորուստներ կրած Ադրբեջանը, ոտուձեռ ընկած, Ռուսաստանի Դաշնության միջնորդությանն ապավինած, խնդրում է կազմակերպել հանդիպում Հայաստանի հետ: Մեր երկիրն  ընդառաջ գնաց խնդրանքին: Եվ ռուսական կողմը կազմակերպում է Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետերի հանդիպումը: Այն կայացավ 2016-ի ապրիլի 5-ին Մոսկվայում: Բանակցություններն ավարտվեցին արդյունավետ՝ հրադադարի կնքմամբ:

Հայաստանում շատերը դեմ էին հրադադարին, կար կարծիք, որ իսկական պահն է ագրեսորին մի լավ դաս տալու, ու մեր դիրքերն առաջ տանելու համար: Առավել ևս, երբ թշնամուն էր մնացել մեր 800 հեկտար տարածքը, և կար մեծ ոգևորություն այն հնարավորինս արագ  հետ բերելու հարցում: Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այդ օրերին ասել էր. «800 հա տարածքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղի տարածքներում: Կարծում եմ, որ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում կշոշափվի նաև այդ տարածքի հարցը: Մենք այդ տարածքի մասին չենք կարող մոռանալ»:

Հետագայում, տարբեր բարձրաստիճան անձանց հետ իմ զրույցներում նույն տեղեկատվությունն էի ստանում, թե  հրամանատարական կազմը պատրաստ է եղել հարձակողական գործողություններով թշնամուց հետ վերցնել 800 հա տարածքը, սակայն ՀՀ ռազմական ղեկավարությունը և օրվա գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Սերժ Սարգսյանը նոր զոհեր տալու մտավախությամբ՝ հետ է  պահել նրանց այդ քայլից: 

ԱՊՐԻԼՅԱՆԻ ԴԱՍԵՐԸ

Հասկացանք՝  թշնամին չի փոխվել, որքան էլ փորձում են մեզ հակառակում համոզել: Բաքուն նույն  հայատյացն է, նույնն են նրա գործողությունների բնույթը՝ ֆաշիստական ու նվաճողական:

Վերստին համոզվեցինք՝ Ադրբեջանի մտքում Արցախի ու Հայաստանի, ողջ հայության ոչնչացման ծրագիրն է:

Հասկացանք՝ հանձին Ադրբեջանի գործ ունենք  ռազմական հանցագործություն իրականացրած ու միջազգայնորեն չպատժված մի վտանգավոր պետության հետ:

Ու կրկին հույսներս կտրեցինք, որ Ադրբեջանի նման պետությունից դժվար է ակնկալել կառուցողական քայլեր:

Ապրիլյան քառօրյա պատերազմը մեկ անգամ ևս հաստատեց, որ Արցախի հարցում տարածքային ցանկացած զիջում հանգեցնելու է  արցախահայության ցեղասպանության:

Եվ վերջապես, հասկացանք, որ դեռ շատ գործ ունենք անելու, որ մեր հույսը միայն սեփական ուժի՝ մեր բանակի ու բազկի հզորության վրա է:

Ցանկացած պատերազմ ստիպում է նաև լրացնել ներքին բացերը,  պարտադրում է տեսնել ու շտկել ռազմական թերացումները, փոփոխություններ մտցնել պաշտպանական համակարգում: Ապրիլյան քառօրյան ներքին հարցերում զգաստացնող դեր ունեցավ, այն ցույց տվեց մեր լուրջ բացթողումները, որ առաջնագծում դիրքերի առավել ամրացման անհրաժեշտություն կա:

Ու ամիսների ընթացքում հսկայական աշխատանք արվեց. տեղադրվեցին  տեսանկարահանող ու դիտարկման հատուկ սարքեր, գիշերային տեսանելիությունն ապահովող սարքեր, նշանառման համակարգեր: Ապրիլյան պատերազմից հետո թշնամին դարձյալ դիվերսիոն մի քանի փորձեր արեց, բայց շնորհիվ ձեռք բերված նոր զինտեխնիկայի՝ մերոնք գիշերվա մթության մեջ ոչնչացրին հակառակորդին։

Եվ այնուհանդերձ,  ժողովրդի մեջ կար ու մնաց նույն հարց՝ ինչո՞ւ ավելի վաղ չէին ամրացրել դիրքերը, ինչո՞ւ էինք անտեսել մեր անվտանգության կարևորագույն  հարցերը, երևի շատ էինք արխայինացել, բայց ինչո՞ւ… չէ՞ որ կարող էինք  խնայել մեր լավագույնների կյանքը…

ՎԵՐՋԱԲԱՆԻ  ՓՈԽԱՐԵՆ

Ապրիլյանով թշնամին  շոշափեց մեզ, զգաց ու համոզվեց,  որ արցախյան հարցը ռազմական ճանապարհով կարգավորել չի կարող, որովհետև օրհասական պահերին հայերը համախմբման ու միավորման անասելի ներուժ ունեն, ու դրանով անպարտելի են…

Թշնամին տեսավ, համոզվեց ու փոխեց իր ռազմավարությունը. հիմա լծվել է ներսից, դրսից, օտարի ու մեր իսկ ձեռքով մեզ անխոցելի դարձնող միասնությունը խոցելի դարձնելու գործին:

Հիմա այս մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած՝ ազգովին:

Կգիտակցենք, կշտկենք մեր մեջքը, ուրեմն կլինենք ապրելու ունակ ազգ ու հարատևման արժանի պետություն…

Արմինե Սիմոնյան