Հակաճգնաժամային քայլեր
Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել
Չորս փակ սահմաններով, դադարեցված ավիափոխադրումներով, ներքին խիստ սահմանափակ ռեսուրսներով, համաճարակի տեմպերի աճի վտանգով, հարձակման պատրաստ հակառակորդով՝ Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է։ Երբևէ ռիսկերն այսքան բազմազան և այսչափ միանգամից չեն եղել։ Տրամաբանությունն այնպիսին է, որ մի խնդիրը մուլտիպլիկատիվ մի քանի նոր ինքնուրույն խնդիր է առաջացնելու՝ ոչ պակաս սուր, քան ,մայրե խնդիրը։ Մենք կարող ենք ունենալ «խնդիրների փոխվարակելիության» ֆենոմեն։ Մեզ անընդհատ պետք են լինելու ճիշտ քայլեր՝ իրավիճակային և հեռանկարային։ Ներկայացնում ենք հրատապ քայլերի առաջին խումբը.
- Կառավարության պահուստային ֆոնդից համաճարակի դեմ պայքարի համար ՀՀ կառավարությունը մարտի 13-ի որոշմամբ հատկացրել է 441 մլն դրամ, իսկ հանրաքվեի անցկացման համար՝ փետրվարի 20-ի որոշմամբ, մոտ 3.5 մլրդ դրամ։ Սա աբսուրդ է։ Առաջարկում ենք չեղարկել փետրվարի 20-ի որոշումը և գումարը վերահասցեավորել համաճարակի դեմ պայքարին։ Մեզ առաջիկայում հրատապ զգալի գումարներ են պետք գալու՝ դեղորայքի, բուժսարքավորումների, չարտերային թռիչքների, բուժանձնակազմի հավելավճարների, առաջին անհրաժեշտության ապրանքների և այլ հրատապ ծախսերի համար։
- Կառավարական ամառանոցների դատարկում և դրանց տրամադրումը պարետատանը՝ հակահամաճարակային խնդիրներ լուծելու համար՝ քաղաքացիների մեկուսացում, ժամանակավոր հիվանդանոցներ։ Պետության բալանսի վրա այսօր կան մեծ թվով լավ կամ շատ լավ վիճակում գտնվող առանձնատներ, հյուրատներ և այլն։ Միայն Կոնդի առանձնատներում կա 6-8 դատարկ պատրաստի շինություն, տարածքում բնակվում է միայն երկու ընտանիք։ Ուրիշ ոչ ոք։ Նրանք հանգիստ կարող են տեղափոխվել իրենց տները, և մենք կունենանք մեկուսացման համար չափազանց հարմար վայր։ Մի օր կենտկոմական այդ ,դաչաներիցե պետությունը պետք է հրաժարվի։ Ավելի լավ պահ չկա։ Զգալի թվով պետական առանձնատներ կան Սևանում, Դիլիջանում, որոնք նույնպես կարող են տրամադրվել համաճարակի դեմ պայքարին։ Սա հանրային սոլիդարության մեծ քայլ է՝ դժվար պահին հրաժարվել ճոխությունից։
- Պարետի պաշտոնական դիմումով տարբեր անձինք, որոնք ունեն ճգնաժամային պայմաններում աշխատելու փորձ, գիտելիքներ, կապեր, պետք է հրավիրվեն միասնական աշխատանքի։ Հիմա նեղ ամբիցիաների ժամանակը չէ։ Կան մարդիկ, որոնք 1990-2000-ականների տարբեր ճգնաժամային փուլերում աշխատել են ծանր պայմաններում և կուտակել մեծ փորձ ու գիտելիք, որոնք կարող են իրական օգուտ տալ պետությանը՝ անկախ իրենց քաղաքական նախընտրություններից և օրվա իշխանության անձնական համակրանքից։ Տնտեսական անվտանգություն, պետական ապարատի ճգնաժամային կառավարում, պարենային ապահովում, աշխատաշուկայի վերադասավորումներ, ֆինանսական մեխանիզմների գործադրում, բիզնեսի ճգնաժամային համակարգում, գյուղատնտեսական ճգնաժամի կանխարգելում, քաղաքային կառավարում, սոցիալական ծրագրեր. այս և այլ բազմաթիվ ոլորտներում կան լուրջ փորձ ունեցող մարդիկ, որոնց պետք է ներգրավել աշխատանքներում։
- Հատուկ լիազորություններ տալ նախագահ Արմեն Սարգսյանին։ Դատելով վերջին շրջանի նրա հեռախոսազանգերից ու հանդիպումներից՝ հենց նա է այսօր Հայաստանի անունից բանակցում այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, առողջապահական, գիտական հաստատությունների հետ։ Հայաստանն առաջիկայում կարիք է զգալու մեծ ծավալի օգնության, սա պետք է ընդունել՝ առանց ավելորդ հպարտություն խաղալու։ Իսկ այսօր օգնության համար ճիշտ հասցեով դիմելը, ստանալը և տեղ հասցնելն առանձին հսկայական աշխատանքի ուղղություն է։
- Վերջին շրջանում հայ-ռուսական պաշտոնական հարաբերություններն իջեցված են վարչապետ Միշուստինի մակարդակի։ Սա նկատելի է անզեն աչքով։ Ակնհայտ է, որ Հայաստանին առաջիկայում պետք է գալու Ռուսաստանի զգալի աջակցությունը, որն այդ երկրում բացառապես քաղաքական որոշման խնդիր է, և ոչ երբեք՝ վարչարարական։ Ռուսաստանում քաղաքական որոշումները կայացվում են բացառապես նախագահ Պուտինի մակարդակով։ Հայաստանին պետք է լինելու քաղաքական, ռազմական, նյութատեխնիական, լոգիստիկ, հումանիտար աջակցություն։ Հիմա հարց՝ ինչու՞ պետք է դա անի Ռուսաստանը։ Կարող է հանգիստ չանել՝ հաշվի առնելով իր սեփական ներքին խնդիրները և այլ նրբություններ։ Հայաստանում կա մեկ մարդ, որի զանգը կարող է Ռուսաստանում քաղաքական որոշումների խթան հանդիսանալ։ Այդ մեկ մարդն անազատության մեջ է։
- Հայաստանը պետք է բարձրացնի բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Մի շարք ազդեցիկ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Պուտին, Ռոհանի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բարձրացնում են համաճարակի պայմաններում սանկցիաների, սահմանափակումների՝ ֆինանսական, նյութատեխնիկական, լոգիստիկ, տեխնոլոգիական վերացման խնդիրը՝ համաճարակի դեմ արդյունավետ պայքարելու համար։ Առաջ է քաշվում, այսպես կոչված «կանաչ միջանցքի» գաղափարը։ Հայաստանը պետք է օգտագործի այս պահը՝ Թուրքիայի վրա միջազգային «բարոյական» ճնշում սկսելու համար։ Բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը պետք է բացվի։ Առնվազն՝ այդ հարցը պետք է դրվի։ Սա պետք է հիմա, սա պետք է գալու նաև հետհամաճարակային փուլում։ Մեր պահանջն այս պահին միջազգային հանրության համար լինելու է ընկալելի։
«Այլընտրանքային նախագծեր խումբ»