Մոսկվայի և մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ. ՌԻԱ Նովոստի

Ինքնամեկուսացման տնային ռեժիմը հայտարարվել Մոսկվայի բնակիչների համար՝ անկախ տարիքից: Այս մասին հաղորդվում է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի կայքում:

Բնակարանից դուրս գալը թույլատրվում է միայն շտապ բժշկական օգնություն ստանալու և կյանքի ու առողջության համար ուղղակի սպառնալիքների դեպքերում: Բացի դրանից, Մոսկվայի բնակիչներին, ովքեր պարտավոր են ներկայանալ աշխատավայր, կարելի է գնալ աշխատանքի: Թույլատրվում է գնումներ կատարել մոտակա խանութից կամ դեղատանից, ընտանի կենդանիներին զբոսանքի տանել բնակության վայրից հարյուր մետրից ոչ ավելի հեռավորության վրա, ինչպես նաև աղբը թափել:

Առաջիկա օրերին հնարավոր կլինի դուրս գալ հատուկ անցաթղթով: Այն մայրաքաղաքի բնակիչներին կտրամադրվի Մոսկվայի ղեկավարության սահմանած կարգով:

Նոր կանոնները չեն սահմանափակում անձնական և պաշտոնական, հատուկ և հասարակական տրանսպորտի տեղաշարժը:

«Հաջորդ շաբաթվա ընթացքում խելացի համակարգ կտեղադրվի` տնային ռեժիմը վերահսկելու և քաղաքացիներին տեղափոխելու կանոնները սահմանելու համար: Աստիճանաբար, բայց կայուն կերպով մենք կխստացնենք այս իրավիճակում անհրաժեշտ վերահսկողությունը», – ասել է Սոբյանինը:

Նշվում է, որ տնային ինքնամեկուսացման ռեժիմը չի սահմանափակում քաղաքացիների Մոսկվա մտնել-դուրս գալու իրավունքը:

Բացի դրանից, քաղաքապետը կարգադրել է փոխհատուցում վճարել բոլոր գործազուրկներին: Նպաստների և նոր վճարների ընդհանուր գումարը կկազմի ամսական 19,5 հազար ռուբլի:

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում հրամանագրի հրապարակման պահից:

Ավելի ուշ, նման սահմանափակումներ են մտցվել մերձմոսկովյան շրջանի բնակիչների համար: Նրանք պարտավոր են անտեղի չլքել տունը, ինչպես նաև պահպանել առնվազն 1,5 մետր սոցիալական հեռավորություն,  այս մասին հաղորդել են կորոնավիրուսով  պայմանավորված վերահսկման և իրավիճակի մոնիտորինգի Մոսկովյան երկրամասի շտաբից: Մարզի գործազուրկ բնակիչները կսկսեն փոխհատուցում ստանալ ապրիլի 1-ից: