Մենք մեղքը համարում ենք առաքինություն, իսկ առաքինությունը՝ մեղք, պատահականությո՞ւն է արդյոք այս համաճարակը

Հարցազրույց ԱՄՆ Արևելյան Թեմում Հայ Առաքելական Եկեղեցու Կիսասարկավագ Արմեն Հարեյանի հետ

Աշխարհն այս օրերին պատուհասել է «Կովիդ 19» թագավարակը: Համատարած խուճապից, վախի մթնոլորտից բացի ամենացավալին այն է, որ մարդկային մեծաթիվ մահեր են արձանագրվում աշխարհի տարբեր երկրներում, և կորոնավիրուսի մարդկային հունձքը, դրա դեմ պայքարի մեթոդներն ու սպասվող սոցիալ-տնտեսական ճգնաժամը համաշխարհային, համամոլորակային աղետի է վերաճել: Աստվածաշնչում այս չարիքի մասին կանխատեսումներ կա՞ն: Այժմ շատ են խոսում մարդկային մեղքերի ու նման աղետների, պատուհասների անմիջական կապի մասին, թեև պնդումներ կան, որ վարակն արհեստականորեն է ստեղծվել և ներմուծվել մարդկանց մեջ՝ ինչ-ինչ նպատակների համար: Հետաքրքիր է, այս իրավիճակի վերաբերյալ հոգևորականի տեսակետ լսել:

– Շատ մարդիկ հարցնում են, թե ինչն է կորոնավիրուսի պատճառը: Արդյո՞ք սա բնական երևույթ է, թե մեծ տերություններ կան, որ առաջացնում են այս վարակը որպես պատերազմի նոր ձև: Մենք պետք է հասկանանք, որ այսպես մտածելը շատ սխալ է: Ուրիշներին մի մեղադրեք: Այլ նախ մտածեք, թե կատարյալ Աստվածը ինչու արտոնեց, որ նման բան պատահի մարդկությանը: Որովհետև ոչ մի բան պատահական չէ: Հիշեք, մեր կյանքում պատահականություններ չեն լինում: Ամեն ինչ կամ հետևանք է, կամ իմաստ ունի, կամ էլ նպատակ: Կորոնավիրուսի պատճառը մեր մեղքերն են: Սա է հոգևոր դիտարկումը, հոգևոր տեսակետը: Քանի որ սա ընդհանուր ցավ է, ուրեմն պարզ երևում է, որ մեր այդ մեղքերը նույնպես ընդհանուր են, համատարած: Եվ այս ամենի պատճառը մեր անտարբերությունն է հոգևոր բաների նկատմամբ, մեր անտարբերությունն է Քրիստոսի նկատմամբ:
Ուրեմն մեք արժանի ենք բաժանվել եկեղեցական արարողություններից և Սբ Հաղորդությունից, որովհետև մենք ընդհանուր առմամբ անտարբեր ենք նրանց նկատմամբ, ովքեր գրեթե ոչինչ չգիտեն հավատքի մասին: Մենք արժանի ենք բաժանվել եկեղեցական արարողություններից և Սբ Հաղորդությունից, որովհետև մենք գիտենք հավատքի մասին ու չենք սգում ու չենք աղոթում մեր հասարակության ու մեր առաջնորդների ապաշխարության համար:
Մենք պիտի լացենք և թախանձագին աղոթենք, համբերելով աղոթենք, հույսով աղոթենք ու սպասենք լուծման:

Կորոնավիրուսի պատճառները հոգևոր են: Մենք ամբողջովին փոխել ենք մեր արժեքների համակարգը: Մենք մեղքը համարում ենք առաքինություն, իսկ առաքինությունը համարում ենք մեղք: Սա ամենավատ բանն է այս ամբողջ պատմության մեջ ու մեր խնդիրների հիմնական պատճառը: Օրինակ, երբ հեռուստատեսությամբ վատ բան են ցույց տալիս, մենք դա համարում ենք նորմալ, կամ ասենք կարճ հագնելն ու մեղավոր մարմինը ցուցադրելը, որպեսզի ուշադրություն գրավի, մեր հասարակությունը համարում է բնականոն, ընդունելի ու անուն էլ է դրել՝ մոդա: Չէ՞ որ Աստուծո Խոսքն արգելում է այսպիսի բաները: Իսկ եթե մի մարդ ելնի ու խոսի նման բաների դեմ, մեր հասարակությունը նրան կհամարի հետամնաց: Եվ այսպես հազար ու մի օրինակներ կարելի է բերել, ուր մենք մեղքը համարում ենք առաքինություն, իսկ իրական առաքինությունը համարում ենք մեղք: Սա մեր խնդիրների հիմնական պատճառն է ու վերջին ժամանակների նշաններից մեկը:

Ընդամենը մեկ ամսում Աստված աշխարհի հետ արեց այն, ինչ նա արեց Եգիպտոսում Մովսեսի ժամանակ: Աստված ոնց որ ասի՝ «ուզում եք սպորտսմեններին ու թիմերի՞ն երկրպագել, ահա ես փակում եմ ձեր բոլոր ստադիոնները: Ուզում եք երկրպագել երաժիշտների՞ն, ահա փակում եմ բոլոր ձեր համերգների կենտրոնները: Ուզում եք երկրպագել դերասաններին ու հայտնիների՞ն, ահա փակում եմ ձեր բոլոր կինո/թատրոնները: Ուզում եք երկրպագել փողն ու հարստությո՞ւնը, ահա փակում եմ ձեր ամբողջ տնտեսությունը: Չե՞ք ուզում եկեղեցի գալ և ինձ հետ հաղորդվել, ահա փակում եմ ձեր բոլոր եկեղեցիները, ոմանք կվառվեն, ոմանք տարիներով կլինեն վերանորոգման տակ՝ ինչպես ձեր Մայր Տաճարը, մնացածն էլ կփակվեն»: Աստված մեզ շատ է սիրում, դրա համար արտոնում է այս ամբողջը, որպեսզի մենք ապաշխարենք: Մեզ ապաշխարել է պետք: Լինեք հոգևորական, թե աշխարհական, ամբողջ ուժով ապաշխարություն քարոզեք, ամբողջ ուժով ապաշխարություն տարածեք, սեփական մեղքերը տեսնել, հառաչանքով զղջալ ու Աստծուն հնազանդվել քարոզեք: «Եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու ետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը»:

Մարդիկ պետք է օգտագործե՛ն այս մեկուսացման ժամանակը, նայեն իրենց ներսը, նայեն մտքերին ու թե ինչին են կարևորություն տվել, հոգոց հանեն, միտքն ու սիրտը տան ամենակարևորին, Տեր Հիսուս Քրիստոսին:

Եթե մեղքը մարդիկ համարեին իսկապես մեղք, ապա նրանք կապաշխարեին, կպայքարեին այդ մեղքի դեմ ու հետ կդառնային դրանից: Եվ Աստված կընդուներ մեր դարձը: Բայց հիմա, երբ մեղքը անցնում է որպես առաքինություն, և դրա համար բերվում է հազար ու մի պատճառ ու արդարացում, ապա մարդկությունը գնում է դեպի ինքնակործանում: Հետևաբար այս դեպքում սկսում են միջամտել հոգևոր օրենքները:
Կան ֆիզիկական օրենքներ և հոգևոր օրենքներ: Սրանք սահմանված են Աստծո կողմից մեր օգուտի ու կյանքի համար: Եթե դուք այս օրենքներին հակառակ գնաք, դուք ձեզ ցավ ու վնաս կպատճառեք: Օրինակ, ձգողականության ուժը ֆիզիկական օրենք է մեր օգուտի համար: Եթե չլիներ, ապա մեր մոլորակի վրա կյանք չէր լինի: Բայց եթե մարդն այնքան հպարտանա, որ այդ օրենքի դեմ հակառակ գնա 9-րդ հարկից նետվելով, ապա ինքն իրեն կկործանի: Նույնպես էլ կան հոգևոր օրենքներ: Օրինակ, եթե դու ամբողջ օրը բամբասում ես, բողոքում, տրտնջում, մարդկանց դատում ու քո սեփական սխալները չես տեսնում, ապա այս ամենը մի օր մի տեղից դուրս է գալու: Եվ ուրեմն նույն կերպ էլ մենք այնքան ենք չարացել ու հպարտացել, որ գնում ենք դեպի ինքնակործանում, և ահա Աստծո հոգևոր օրենքները միջամտում են՝ մեզ դանդաղեցնելու համար: Միգուցե մարդը զղջա ու ապաշխարհի, դառնա Քրիստոսին ու փրկվի:
Այն բոլոր մեղքերը, որոնք մեր հասարակությունը (այդ թվում և ձեզանից շատերը) համարում է առաքինություն, բնականոն, ընդունելի, հանդուրժելի, պատճառ են կորոնավիրուսի համաճարակին: Կորոնավիրուսը մարմնական հիվանդություն է, այնպես չէ՞: Այն գալիս է մեր մարմնի մեջ: Հետևաբար, մեղքերը, որոնց պատճառով գալիս է այս համաճարակը, մարմնական են, այսինքն այն մեղքերը, որ մենք գործում ենք մարմնի մեջ կամ մարմնով: Մենք համակված ենք սեռական աղավաղմամբ, տարված ենք սեռական խեղաթյուրմամբ, ընդունում ենք ցանկացած սեռական աղավաղում ու էլ չգիտենք, թե ինչպես դրանք բավարարել: Օրինակ, Աստծո Խոսքն ասում է՝ համասեռամոլությունը մեղք է, հասարակություններն ասում են՝ նորմալ է և ընդունում են հպարտության շքերթները: Աստծո Խոսքն ասում է՝ շնություն մի արեք, իրար մի գայթակղեք, իսկ մենք սիրում ենք կիսամերկ հագնվել, նկարվել ու գցել «Ֆեյսբուք», թե տեսեք՝ ինչ սիրուն են իմ մարմնի մասերը, իմ արժեքը սա է: Ու մարդիկ սա համարում են նորմալ: Մենք սեռական մեղքը համարում ենք նորմալ բան՝ առաքինություն: Դե, Աստված էլ միջամտում է և մեզ բաժանում մեկս մեկից:

Աստված արտոնում է, որ մենք բաժանվենք մեկս մեկից՝ կարանտինի մեջ դնելով, որովհետև իրար հետ մնալով՝ մարդիկ այնպիսի մեղքեր են գործում, որ ոչնչացնում են իրենք իրենց: Սա շատ կարևոր է հասկանալ:
Եկեք այս կորոնավիրուսի պատճառները մեզանից դուրս ուրիշ տեղ չփնտրենք, թեև հնարավոր է, որ քիչ թե շատ չար հատուկ ուժեր բերած լինեն կամ նպաստեն այս համաճարակի տարածմանը: Բայցևայնպես, այն լրատվությունը, որ տարածվում է աշխարհում՝ մեղադրելով որևէ պետության, կամ կազմակերպության, որ ի վիճակի էր նման բան անել, անօգուտ է և միայն կավելացնի ատելությունը: Սա իրավիճակը չի լուծի և միայն կավելացնի թշնամությունը մարդկանց մեջ: Նորից ասեմ, լուծումն ապաշխարությունն է: Սգալ մեղքերի համար՝  և ձեր, և ուրիշների: Լացել, թախանձագին ու համբերությամբ աղոթել, դիմանալ և հույսով սպասել: Սրանք շատ պարզ բաներ են: Բայց մենք չենք կամենում դրանք կիրառել, որովհետև դրանց կիրառումը պիտի փոխի մեր արժեքների համակարգը: Այս պարզ լուծումները կիրառելու համար դու պիտի շրջես քո արժեքների համակարգը: Դու պիտի տապալես քո սեփական անձի նկատմամբ այդ սերը, որով տարված ես դու: Դու պիտի կործանես քո անտարբերությունը Քրիստոսի նկատմամբ, մարդկանց նկատմամբ, քո մեղքերի և ուրիշների մեղքերի նկատմամբ: Եթե փոխես քո արժեքների համակարգը, եթե անես այս ամենը, դու ուրիշ տեսակի մարդ կդառնաս: Սխալներ թույլ չես տա: Ինքդ քեզ չես կործանի: Ու քեզ պաշտպանող հոգևոր օրենքներն էլ այսպես չեն միջամտի: Խնդրում եմ, լուրջ մտածեք այս բաների մասին: Փառք Աստուծո ամեն ինչի համար:

Շատ են խոսում, թե կորոնավիրուսը հաղթահարելուց հետո աշխարհը կվերաձևվի, կփոխվի: Նաև հոգևո՞ր առումով կլինեն փոփոխություններ՝ հաշվի առնելով, որ մարդկանց շրջանում մահվան հանդեպ վախը կարող է հիշեցնել՝ իրենք միայնակ անզոր են պայքարել հանուն կյանքի: Կա՞ն նախադրյալներ, որ աշխարհն ավելի լավը կդառնա, թե՞ հակառակը՝ այս ամենը նաև մարտահրավեր է հոգևորին:

Չգիտեմ, շատ դժվար է ասել, կանխատեսել: Ամեն մարդ ազատ է իր կամքում: Եթե նա Աստծո ճանապարհով գնա, ամեն ինչ լավ կլինի ու կյանքը դեպի լավը կվերափոխվի: Եթե մարդը չդառնա դեպի Աստված, փորձանքն ու պատուհասը պարբերական, մշտական կլինեն, քանի որ ասված է. «Եթե հանձն չառնեք կատարել այս Գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը՝ չվախենաք ձեր Տեր Աստծո պատվական ու սքանչելի անունից, ապա Տերը նոր նշաններով՝ մեծ ու զարմանալի հարվածներով, խոր ու խիստ ցավերով կպատուհասի քեզ ու քո սերնդին: Նա քեզ կհիվանդացնի եգիպտացիների բոլոր հիվանդություններով, որոնցից սոսկում էիր և որոնք բուն կդնեն քո մեջ»:

Դատավորաց գրքում ներկայացվում է, թե ինչպես են Իսրայելում մարդիկ մեղքերով ապրում են, հետո մի աստվածավախ, առաքինի, հզոր առաջնորդ է հայտնվում, մարդկանց միավորում և նրանց կյանքը փոխում դեպի լավը, այդպես 40-50 տարի լավ է լինում, հետո նորից պատմության հին շրջափուլն է կրկնվում, մարդիկ փչանում են, բարոյալքվում,  տասնյակ տարիներ հետո նորից հայտնվում է առաքինի առաջնորդը ու մարդկությունը լավ է ապրում: Մեր բնությունն է այդպիսին, մենք հիվանդ բնություն ունենք, թուլանում ենք, դրա համար այս աշխարհի վրա ոչինչ չի շտկվելու, ամեն ինչ երկնքում է լինելու: Մեր բնությունը պետք է վերանորոգվի, մենք պետք  է մեռնենք և ինչպես ցորենի հատիկն է ընկնում հողի մեջ, մեռնում ու բազում արդյունք տալիս՝ նոր հասկեր բերելու համար, այնպես էլ մենք պետք է մեռնենք և նորոգված հառնենք:

Փոխվո՞ւմ են արդյոք մարդիկ այս օրերին: Չգիտեմ, բայց դատելով իմ ֆեյսբուքյան էջում արված մեկնաբանություններից՝ տեսնում եմ, որ մարդիկ դրական են ընդունում ապաշխարության կոչը, լսում են, արձագանքում: Չգիտեմ՝ դա մարդկանց քանի տոկոսն է: Աշխարհի այլ երկրներում էլ են խոսում ապաշխարության մասին: Երեկ մի կին գրել էր, որ երեխաների մայր է, սկսել է փոխվել, մտածել, գիտակցել, որ ինքն  է մեղավոր իրեն պատուհասած փորձությունների համար և սկսել է ապաշխարել: Եվ իր կյանքում էլ փոփոխութուններ են լինում, դրական փոփոխություններ: Գրել է, որ այժմ գիտի, թե որ փորձությունն ինչ համար է տրվում, գլուխը կախում է ամոթից այդ պահին: Կարծես որոշ մարդիկ սկսում են հասկանալ, փոխվել: Եվ սա պետք է համատարած լինի: Մարդկության նպատակը ոչ թե պետք է լինի այն, որ իրենք սպասեն հիվանդությունն անցնի, այլ հասկանան, որ մեր կյանքում շատ բան կփոխվի, եթե իրենց նայեն իրենց մեջ, Աստվածաշունչը կարդան ու տեսնեն, թե Աստված ինչ է ասել՝ ինչ չանել և ինչ անել, որպեսզի վատ չլինի և լավ լինի: Անկախ ամեն ինչից, միշտ լավ կլինի նրանց համար, որոնք ապրում են Աստծո օրենքներով, սիրում են նրան:

Պողոս Առաքյալը Նոր կտակարանում հռոմեացիներին ուղղված նամակում՝ ութերորդ գլխի 28-րդ համարում, շատ հետաքրքիր խոսքեր ունի.« Բայց գիտենք թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք և կանչվեցին նրա նախասահմանումով, բայց գիտենք, թե ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն»:

Սա նշանակում է՝ եթե դու սիրում ես Աստծուն, որն ամենաառաջին պատվիրանն է, եթե սիրում ես Քրիստոսին, փրկչին, ինչ էլ կատարվի, ինչ տեսակի նեղություններ էլ լինեն, ամեն ինչ քո լավի համար է, ամեն ինչ դեպի լավն է գնում քեզ համար, որովհետև Աստված սիրող հայր է, եթե նա արտոնում է մի դառը բան, նշանակում է քեզ համար էլ օգուտ կա, դա առիթ է, որ դու խոնարհվես:

Աշխարհը կարող է փոխվել դեպի լավը, եթե մարդիկ արթնանան: Բայց թե մարդիկ որքանով կվախենան, որքանով կանսան Աստծո խոսքին, սա շատ դժվար է ասել, ամեն մարդ ինքը պետք է որոշի: Բայց ամեն արթնացող, ապաշխարող ու Քրիստոսի հետևից գնացողի համար ինչ էլ լինի, ինչ նեղություններ էլ լինեն, դրանք իր բարիքի համար են, իրեն շտկելու, ավելի խոնարհեցնելու համար են և ոչ մի վատ բան չի պատահի նրանց հետ: Հովհաննես առաքյալն իր առաջին նամակում ասում է. «Չարը չի կպչի ձեզ, եթե դուք Քրիստոսով ապրեք»:

Մաթեոսի Ավետարանի ամենավերջին պարբերությունում, որում նկարագրվում է, թե ինչպես է Քրիստոսը համբարձվում երկինք, Փրկչի վերջին խոսքերն են. «Եվ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վերջը»: Հիմա էլ նա մեզ հետ է:

Ղուկասի Ավետարանում, երբ տեր Հիսուսը խոսում է աշխարհի վերջի պատուհասների մասին, ներկայացնում է, որ սարսափելի բաներ են լինելու՝ երկրաշարժեր,պատերազմներ, երկնքի զորություններն են շարժվելու, և մարդիկ վախենալու են, մահանալու են, իրենց հոգին դուրս է գալու աշխարհի վրա գալիք պատուհասների վախից, բայց ասում է. «Երբ դուք այս նշանները տեսնեք, ձեր գլուխները բարձր պահեք և ցնծացեք ուրախությունից, որովհետև ձեր փրկությունը մոտ է»:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը