Սվետլանա Գրիգորյան. Իմ ճակատագիրը կոմեդիան է, իմ տունը` թատրոնը. Ես եմ, եկել եմ

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ՝ բացառիկ հարցազրույցը ՀՀ ժողովրդական արտիստուհի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի հետ

Սվետլա Գրիգորյանին հարցազրույցի հրավիրելն այնքան էլ հեշտ չէր, նա չէր սիրում անկեղծանալ լրագրողների հետ, հայտնվել մամուլում, խոսել իր անձնական կյանքից… Դերասանուհին համեստաբար բոլորին մերժում էր` պատճառաբանելով, որ իր գործը ոչ թե հարցազրույց տալն է, այլ բեմում խաղալը, ինչը նա նվիրումով կատարեց գրեթե մինչև կյանքի վերջը: Իսկ մենք դերասանուհու հետ հանդիպել էինք նրա բեմական կյանքի 55-ամյակին՝ տասը տարի առաջ: Այդ ժամանակ դերասանուհին արդեն յոթանասուն տարեկան էր, բայց երիտասարդական ավյունով, առաջինը, լավագույնը լինելու ձգտումով ու խանդով խաղում էր բեմում՝ իր արտիստական ներուժի ամբողջ ներդրմամբ:

Այսօր Սվետլանա Գրիգորյանը մեզ հետ չէ, բայց թերևս Թատրոնի միջազգային օրը լավագույն առիթն է դերասանուհու երբեմնի երկրպագուներին, թատերասերներին, արվեստագետներին ու նրա խաղընկերներին ներկայացնելու այն հարցազրույցը, որը մինչ այս այդպես էլ ամբողջական լույս չի տեսել: Իսկ դերասանուհու հոգին թող լույսով պարուրվի, նրա դերասանական հետագիծը դեռ շատ դերասանների համար է լույս վառելու դեպի թատերաբեմ:

 Տվածուրիկ  դերասանուհին

Դերասանուհուն  հանդիպեցի իր «alma mater»-ում` Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղից էլ ըստ էության սկսվել է նրա շռնդալի վերելքը փառքի դժվարին ճանապարհով: Այդ ընթացքում նա կերտել է հարյուրից ավելի դերեր` մոտ 3000 անգամ բեմ բարձրանալով  ու հեռանալով՝ բուռն, հոտնկայս ծափահարությունների ներքո:

Շատշատերը կոմեդիայի թատրոն էին գնում նրա խաղը տեսնելու համար: Եվ ամենևին անհամեստություն չի լինի, եթե ասենք, որ արտիստուհին իսկապես կոմեդիայի թատրոնի այցետոմսն էր:

Թատրոնի դերասանի մասնագիտության մասին  Սվետլանան երազել է դեռ մանկուց, երբ պատերազմի` զրկանքներով լի տարիներին փորձում էր մտքերը կենտրոնացնել ընթերցանության վրա` քաղցի զգացումը ինչ-որ կերպ բթացնելու մղումով: Հատկապես շատ էր սիրում Շեքսպիր. բարձրանալով իրենց բակի բարձր ծառին` հարմար տեղավորվում էր ու խորասուզվում ընթերցանության մեջ: Ավելի ուշ նա քույրերի հետ հնարավորություն ունեցավ երեկոները ներկա գտնվել հաճախ իրենց տանը հյուրընկալվող Դանզաս ամուսինների ներկայացումներին: Թերևս հենց այդ ժամանակ էլ փոքրիկ Սվետայի մեջ ծնվեց սերը թատրոնի նկատմամբ, որը հետագայում պետք է վերաճեր պաշտամունքի:

Դերասանուհի դառնալու հաստատակամությամբ ութերորդ դասարանն ավարտելուց հետո տանեցիներից գաղտնի գործերը հանձեց Երևանի Նեմիրովիչ Դանչենկոյի անվան թատերական ուսումնարան: Սակայն չավարտեց այն, քանի որ ուսումնարանում սովորելու տարիներին Երևանում բացվել էր թատերական ինստիտուտը, և ուսումնարանի սաներին ընդունում էին ինստիտուտի նախապատրաստական բաժին: Բուհը վճռորոշ դեր է խաղում ապագա դերասանուհու մասնագիտական կյանքում. հենց այստեղ նա պետք է հանդիպեր դերասանապետ Վարդան Աճեմյանին ու նրա քաջալերանքով սկսեր իր հաղթարշավը բեմական քառուղիներով: Առաջին անգամ տեսնելով այդ նրբիրան, աշխույժ, ծիծաղկոտ ու խանդավառ աղջկան` Վարդան Աճեմյանը նրան փայլուն ապագա էր կանխորոշել: Վարպետը չէր սխալվել…

Արվեստի չափանիշներում ես մաքսիմալիստ եմ` չեմ սիրում միջակություն, տանել չեմ կարողանում անշնորհալիներին

– Տիկին Սվետլանա, Վարդան Աճեմյանի օրհնա՞նքն էր «պատճառը», որ Ձեր տաղանդը ծառայեցրիք օպերետային ժանրի թատրոնին:

– Վարդան Աճեմյանն իսկապես որոշիչ դեր է խաղացել իմ բեմական ճակատագրում. թե ուսանող տարիներին և թե ինստիտուտն ավարտելուց հետո նա միշտ ուղղորդել է ինձ դեպի այնտեղ, ուր ես առավելագույնս կարող էի դրսևորել իմ դերասանական կարողությունները: Իսկ այն, որ օպերետային թատրոնում էր տեղի ունենալու իմ կայացումը որպես դերասանուհի, որոշվել էր դեռևս ուսանելու տարիներից: Սակայն կարևոր պատճառներից մեկը օպերետային թատրոնի` այդ տարիների հռչակն էր ու դերասանական կազմի այն հզոր աստղաբույլը, որի հետ աշխատելու ցանկությունը ցանկացած դերասանի երազանքը կարող էր լինել: Աստված իմ, ինչ դերասաններ էին, ինչպիսի մեծություններ` Իզաբելա և Հայկ Դանզասներ, Էդվարդ Համբարձումյան, Արմենակ Տեր-Աբրահամյան, Ալլա Անդրեասյան, հայ թատրոնի ռեժիսորական արվեստի մեծ ռահվիրաներ Թադևոս Սարյան և Վարդան Աճեմյան: Եվ իհարկե, բոլորի կենտրոնում բացառություն էր Կարպ Խաչվանքյանը` թատերական օրենքի բացառություն, ով գրեթե 50 տարի իմ բեմական խաղընկերը եղավ: Աշխատել ու տառապել ենք միասին, 30-ից ավելի դեր խաղացել, բեմում օգնել ու լրացրել իրար: Պարոնյանում խաղացած առաջին դերս` Սիմա Ռոշչինան էր «Մի քաղաք կա Վոլգայի ափին» օպերետում, որտեղ Կարպ Խաչվանքյանը խաղում էր Սաշա Գլազկինի դերը: Իսկ մեր վերջին ներկայացումը «Ախ, ներվեր, ներվերն» էր, որը ցավոք մեծ դերասանի կարապի երգը եղավ:

Երբ Կարպուշան (Կարպ Խանչվանքյանը,-խմբ.) կենդանի էր, մենք շատ էինք ուզում, որ նա խաղար Խլեստակով, ես էլ՝ կամ աղջկա, կամ կնոջ դերը: Նա հիանալի պատրաստի Խլեստակով էր: Իսկ կյանքի վերջին տարիներին նա ցանկանում էր «Կարինե» բեմադրել և ինքն էլ այնտեղ խաղալ հոր… աղայի դերը: Պատկերացրեք՝ փայլուն երիտասարդների դերերից հետո…

Թատրոնի խաղացանկում ընդգրկված էին դասական օպերետների և երաժշտական կատակերգությունների ամենաբարդ գործերը` «Թագավորը զվարճանում է», «Սիլվա», «Գնչուների բարոն», «Կրկեսի իշխանուհին», «Կարինե», «Ուշ լինի, նուշ լինի», «Ատամնաբույժն արևելյան»: Եվ մենք` դերասաններս, ոգևորված ու ներշնչված էինք դրանցով, խաղում էինք առանց մտածելու մեր կյանքին ճակատագրի միջամտության մասին: Թատրոնն իր ոսկեդարն ապրեց, երբ գեղարվեստական ղեկավարի պաշտոնն ստանձնեց մեծատաղանդ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: Նա թատրոն ներմուծեց մեծածավալ մտածողություն: Թատրոնը նրա ձեռքերում ծաղկեց: Աճեմյանական շրջանը դերասանների համար մեծ դպրոց էր: Ստեղծագործական այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ թեպետ ամիսներով աշխատավարձ չէինք ստանում, բայց լուսացնում էինք թատրոնում` չզգալով քաղց, հոգնություն:

– Դժվար չէ՞ր նորավարտ դերասանուհու համար խաղալ դերասանների այդ  աստղաբույլի կողքին և փայլել:

– Բավական բարդ էր ու մեծ ջանքեր, աշխատասիրություն և նվիրում էր պահանջում: Վախ, պատասխանատվության զգացում և վարպետներին հասնելու բուռն ցանկություն կար: Բայց դրա հետ մեկտեղ ստեղծագործական ձեռքբերումների ձգտում կար: Արվեստի չափանիշներում ես մաքսիմալիստ եմ` չեմ սիրում միջակություն, տանել չեմ կարողանում անշնորհալիներին: Սիրում եմ աշխատել ուժեղների, տաղանդավորների հետ, որոնցից սովորելու բան ունես և նրանց հետ ոտք մեկնելու համար պիտի ձգտես, տառապես, որոնես, գտնես:

Իմ բախտը բերել է. ես միշտ խաղացել եմ լավ դերասան-դերասանուհիների հետ, դրա համար աշխատել եմ ուժերիս ողջ լարումով:

Ի դեպ, իմ խաղացած առաջին ներկայացումը` «Մի քաղաք կա Վոլգայի ափին», պետք է խաղայի Կարպ Խաչվանքյանի հետ. ես` սկսնակ դերասանուհի, նա` արդեն  սիրված և ճանաչված դերասան: Ինձ համար շատ մեծ պատասխանատվություն էր նրա կողքին խաղալը: Չգիտեմ` ինչպես կատարեցի ինձ վստահված առաքելությունը, սակայն ներկայացման ողջ ընթացքում խաղալուն զուգահեռ հիանում էի բեմընկերոջս արտակարգ խաղով ու հմայքով, որով նա իրեն էր ենթարկում դահլիճը:

Աշխատելով օպերետային ժանրի վարպետների հետ, փոխառելով նրանց հարուստ փորձը և գնահատվելով նրանց չափանիշներով` ինքս էլ քիչ-քիչ «կոփվեցի» և իրավունք ստացա կանգնելու նրանց կողքին:

– Եվ այդ դերից կարելի է ասել` սկսվեց  Ձեր բեմական հաղթարշավը… Այսօր ցանկացած թատերագիր և Ձեզ ճանաչող յուրաքանչյուր ոք կվկայի, որ Սվետլանա Գրիգորյանի մարմնավորած ամեն կատարում երևույթ է դարձել թատրոնի պատմության մեջ: Սակայն լայն զանգվածները Ձեզ ավելի շատ հիշում են «Տաքսի, տաքսի», «Սերն աստղերի տակ» կատակերգություններում կերտած անզուգական դերերով:

– Ես այն երջանիկ դերասանուհիներից եմ, որը չունենալով դերածավալի սահմանափակում` խաղացել է տարբեր ժանրերում` սուբրետից մինչև բնութագրական, կատակերգականից քնարական ու հնարավորություն ունեցել տարբեր` միմյանց հակասող ու լրացնող խառնվածքի կանանց մարմնավորել` լրացնելով դերացանկում ընդգրկված կերպարների քանակը, որոնք հասնում են 300-ի («Ատամնաբույժն արևելյան» Մարթա, «Խանդից պատուհաս» Վարդանուշ, «Պահանջվում է ստախոս» Պիպիցա, «Երեք գրոշանոց օպերա» Սելյա Փիչեմ, «Ախ, ներվեր, ներվեր» Թագուհի, «Սխալների կոմեդիա» Ադրիանա, «Իմ զոքանչը» Սաթենիկ, «Խանումի արարքները» Խանում, «Ես եմ, եկել եմ» Հրանուշ… ): Բայց իմ դերերից շատերը այսօր քչերն են հիշում: Այնինչ Ռոզայի, Կարմենի դերերը մինչ հիմա էլ ասոցացվում են անվանս հետ: Գուցե պատճառն այն է, որ այդ ներկայացումները, հատկապես «Տաքսի, տաքսին», երկար ժամանակ ցած չեն իջել թատրոնի խաղացանկից, հյուրախաղերի ենք մեկնել և հոգեհարազատ են դարձել աշխարհի համասփյուռ հայությանը: Մի կղզի կա, որտեղ երկու հայ են ապրում, և նրանց տեսադարանում նույնպես պահպանվում է «Տաքսի, տաքսին»: Սարսափելի է:

Բայց չէ՞ որ ես և Կարպ Խաչվանքյանը շատ ավելի հաջողված ու հրաշալի դերեր ենք կերտել:

Սիրել և սիրում եմ իմ խաղացած բոլոր դերերը

– Կա՞ որևէ դեր, որն ամենից շատն եք սիրում և կուզենայիք նորից խաղալ:

– Սիրել և սիրում եմ իմ խաղացածս բոլոր դերերը: Սակայն կան մի քանիսը, որոնք ամբողջացնում են իմ ստեղծագործական դիմանկարը, ինչպես օրինակ` հարավսլավացի դրամատուրգ Նուշիչի «Տիկին մինիստրուհին» կատակերգության հերոսուհի Ժիվկան, որը դարձավ իմ փորձաքարը, երբ ես դեռ 25 տարեկան էի: Հոգեբանական բազում երանգներ պարունակող կերպար էր` իշխանատենչ, դաժան, հանուն դրամի և իշխանության ոչնչի առաջ կանգ չառնող: Շատ կուզենայի նորից Ժիվկա խաղալ: Բայց թող տպավորություն չստեղծվի, թե դա միակ դերն է, որը նույնիսկ երազում եմ տեսնում: Լավ դերեր շատ եմ ունեցել, յուրաքանչյուրին տվել եմ հոգուս մի մասնիկը:

– Ձեր դերերից մի քանիսը երկարակյաց են` բեմում են գրեթե 30-38 տարի: Ինչպե՞ս է հաջողվում միշտ արդիական պահել դրանք: Ո՞րն է դրա գաղտնիքը:

– Ոչ մի գաղտնիք չկա: Դա պարզապես բեմի հանդեպ դերասանի ունեցած սերն ու պրոֆեսիոնալիզմն է: «Իմ զոքանչը» վոդևիլը բեմ է բարձրացել 3000 անգամ, բայց ամեն անգամ, երբ մտնում եմ հարդասենյակ, նստում հայելու առաջ, դնում Սաթենիկի կեղծամն ու սկսում շպարվել, մոռանում եմ, թե քանի անգամ է այն բեմ բարձրացել: Մուտքից առաջ խաչակնքում եմ և խաղում որպես առաջնախաղային ներկայացում` այդ պահին ծնված իմպրովիզացիաներով: Ամեն անգամ ես ինչ-որ նոր գույն եմ բեմ բերում:

Ես հավատում եմ թատրոնի վաղվա հաջողությանը….

– Տիկին Սվետլանա, հանդիսատեսը ձեզ հիշում է նաև ռադիոբեմադրություններից և հեռուստատեսային ներկայացումներից. հեռուստաթատրոնի հիմնադիրներից եք եղել և քիչ ավանդ չունեք նաև այդ ասպարեզում: Ի՞նչ հետք են թողել դրանք ձեր ստեղծագործական կյանքում:

– Իսկապես երանելի տարիներ էին: Ստեղծվել էր իր տեսակի մեջ ինքնատիպ թատրոն: Յուրաքանչյուր երկուշաբթի մենք նոր ներկայացում էինք խաղում: Հեռուստաթատրոնը ստեղծագործողների մեծ բանակ հավաքեց: Ներկայացումներին մասնակցում էին նշանավոր դերասաններ` Վահրամ Փափազյանից սկսած: Այդ թատրոնի դերը մեծ եղավ իմ արտիստական կյանքում` նոր ու սիրելի դերեր խաղալու հնարավորություն ընձեռելով: Իսկ ամենակարևորը առիթ եղավ շփվելու տարբեր ռեժիսորների ու դերասանների հետ, որոնցից խելացի ստեղծագործողը շատ բան կարող էր սովորել:

– Ի՞նչ կպատգամեք երիտասարդ խաղընկերներին:

– Նախևառաջ` սիրել թատրոնը, ապրել նրանով, չդավաճանել, չլքել` որքան էլ պայմանները դժվար լինեն: Դերասանը կայանում է միևնույն թատրոնում երկար աշխատելու ընթացքում: Թատրոնի պատմության մեջ քիչ են փաստերը, որ դերասանը տարբեր թատրոններ տեղափոխվելով` կարող է դառնալ լիարժեք ստեղծագործող:

Կա աստվածաշնչյան ճշմարտություն` «երնեկ նրան, ով չի տեսել, բայց հավատում է»: Ես հավատում եմ թատրոնի վաղվա հաջողությանը…

Ես երբեք դեր չեմ խնդրել, ինձ առաջարկել են

– Եղե՞լ են դերեր, որ չեք ցանկացել խաղալ:

– Այո, երբ մտածել եմ, որ մեկ ուրիշն այդ դերն ավելի լավ կխաղա: Բայց լինում էր և հակառակը, սակայն համեստորեն լռել եմ… Պրոֆեսիոնալ դերասանը տեսքից ու խաղալու տաղանդից բացի պետք է նաև խելք ունենա, հոտառություն… Ես երբեք դեր չեմ խնդրել, ինձ առաջարկել են:

Իմ խաղացած բոլոր դերերը եղել են ինձ համապատասխան, թեև տարբեր կերպարներ եմ խաղացել: 26 տարեկանում Վարդան Աճեմյանն ինձ վստահեց «Ատամնաբույժն արևելյան» պիեսում Մարթա խաղալ` 60 տարեկան տիկնոջ: Ձեռքերս էի մոռացել մի բան անել, որ տարիքով կնոջ ձեռքեր լինեն, և մատնել էին ինձ, տանեցիները դրանից հասկացել էին, որ ես եմ:

– Ձեր թատերական կյանքը Պարոնյանի բեմում անցավ, վստահ եմ՝ եղել են հրավերներ նաև այլ թատրոններից: Երբևէ չե՞ք գայթակղվել:

– Շատ են եղել հրավերներ, երբ Վարդան Աճեմյանը հեռացավ թատրոնից, ինձ ու Կարպին շատ այլ թատրոններից էին հրավիրում, բայց մեր թատրոնի տնօրենը մեզ հասկացրեց, որ մեր գնալուց հետո Պարոնյանի մեջքը կկոտրվի: Ինձ Գեղամ Հարությունյանն ասաց՝ դու իսկական թագուհի ես քո թատրոնում, ինչո՞ւ գնաս այլ տեղ ու զրոյից սկսես»:

Ինձ նաև բնակության համար են այլ երկիր հրավիրել: Բազմիցս են կանչել ԱՄՆ-ից մշտական բնակության, սակայն հրաժարվել եմ: Ես Երևանի պատվավոր քաղաքացի եմ և ի՞նչ եմ կորցրել ԱՄՆ-ում խոնավ եղանակին: Ամերիկյան միջավայրը իմ տեղը չէ:

– Մեծ կինոյում նկարահանվելու ցանկություն չի՞ եղել երբևէ: Դուք հայտնի եք միայն թատրոնի ձեր կերտած դերերով:

– Ես նկարահանվել եմ, բայց չեմ հավանել, դա իմ ասպարեզը չէր: Նայելով դերը՝ հասկացա, որ ամեն մեկն այն կարող է խաղալ: Չեմ կարծում, որ ծնվել եմ կինոյի համար: «Բաղդասարն ամուսնանում է» ֆիլմում ինձ մի դեր էին առաջարկել, ես պետք է մի տեսարանում գծավոր լողազգեստ հագնեի: Ես ընդդիմացա ինքս իմ մեջ, գնացի ռեժիսորի մոտ և ասացի, թե իբր պիտի հիվանդանոց պառկեմ, ինչ է, թե չնկարվեի: Կինոն, հեռուստատեսությունն իմը չեն՝ միկրոֆոններ, տեսախցիկներ…

Նաև սերիալում են հրավիրել նկարահանվելու: Բայց ես բոլորին ասել եմ, որ մոռանան իմ հեռախոսահամարը: Ես իմ արվեստը չեմ վաճառում:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք:

– Իսկական արվեստագետներից շատ քչերին եմ հիշում, որ երջանիկ են եղել: Բայց ես երջանիկ եմ, որ ժողովուրդն ինձ սիրում է…

Թատրոնը նվիրում է պահանջում, պետք է անձնական երջանկությունդ թողնես մի կողմ և լծվես թատրոնին, հակառակ դեպքում հաջողություն չես ունենա:

Բայց ամեն ինչ իր ժամանակն ունի: Երբեմն մտածում եմ, որ լավ է, շուտով վերջին ակորդներն եմ տալու, ժամանակն է հեռանալ, մարդ պետք է քաջություն ունենա և ժամանակին թողնի թատրոնը…

Զրուցեց Թագուհի Ասլանյանը, 2010 թ.