Սորոսականների փոփոխվող սցենարներն Արցախում

Աշխարհի տարբեր երկրներում, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, հետաձգվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝ ընտրական գործընթացները: Մինչդեռ, այս ամենից իրեն դուրս է դրել Արցախը: Անտեսելով համաճարակի տարածման վտանգը՝ Արցախի իշխանությունները մարտի 31-ին պատրաստվում են նախագահական ու խորհրդարանական ընտրությունների:

Նկատենք, որ կորոնավիրուսը տարածվել է տարածաշրջանի բոլոր երկրներում. վերջիններս փակել կամ նվազագույնի են հասցրել արտաքին աշխարհի հետ իրենց շփումները, այդ թվում և Հայաստանը: Միակը՝ չճանաչված պետություն Արցախն է, որ մինչև երեկ ակտիվ կապի մեջ էր այս պահին 290 վիրուսակիր և, ցավոք, մեկ մահ գրանցած Հայաստանի հետ: Արցախը միակն է, որտեղ հայտարարված չէ արտակարգ դրություն: Մինչդեռ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու հետ մեկտեղ Արցախում ևս այն պետք է հայտարարվեր հենց ա՛յն տրամաբանությամբ, որ Հայաստանն ու Արցախը մեկուսացված տարածքներ չեն:

Եվ ուրեմն, ինչո՞ւ չարվեց կանխարգելիչ քայլը՝ Արցախի մեր ժողովրդին վտանգից հեռու պահելու համար, և ինչո՞ւ են առ այսօր Արցախի իշխանությունները հրաժարվում արտակարգ դրություն հայտարարելու մտքից՝ անտեսելով նախագահի թեկնածուների կողմից հնչեցվող ահազանգերը:

Հիշեցնենք, որ այս հարցում ամենից ակտիվը Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանն է: Լինելով առաջատար թեկնածու, Արցախի հերոսը դեռ 15 օր առաջ զգուշացրեց՝ Արցախի համար նման համաճարակի տարածումը կարող է խիստ վտանգավոր լինել, և իշխանություններին կոչ արեց արտակարգ դրություն հաստատել երկրում այնպես, ինչպես Հայաստանում է: Սակայն նրա կոչը մնաց անպատասխան:

Եվ ուրեմն, ինչո՞ւ են մինչ օրս հապաղում Արցախի իշխանությունները: ԱՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում»: Ահա հե՛նց այստեղ է թաքնված «շան գլուխը»: Արտակարգ դրության հաստատումն ինքնին նշանակում է ընտրությունների հետաձգում: Սա՛ է, որ չեն ցանկանում առաջին հերթին Հայաստանի իշխանությունները: Նիկոլ Փաշինյանն անձամբ շահագրգռված չէ Արցախի ընտրությունների հետաձգմամբ: Օրեր առաջ նա հայտարարեց՝ Արցախում ընտրությունները չպետք է հետաձգվեն, դրա համար հիմքեր չկան: Ի՞նչ հիմքեր են պետք Փաշինյանին՝ համաճարակով վարակված Արցա՞խ, թե հայկական բանակ…

Բացառված չէ, որ արտակարգ դրություն հայտարարելու, ընտրությունները հետաձգելու հարցում Արցախի իշխանությունները կաշկանդված են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմամբ: Ամենայն հավանականությամբ Փաշինյանը ճնշում է գործադրել Բակո Սահակյանի վրա: Բայց սա բոլորովին չի ազատում Արցախի հեռացող նախագահին պատասխանատվությունից, քանի որ նման իրավիճակում վախվորած, ստրկամիտ պահվածքը ոչնչով արդարացված չի կարող լինել, ավելին, այն կարող է դիտվել ժողովրդի դեմ իրականացվող հանցագործություն:

Թե ինչ իրավիճակ կարող է ստեղծվել ընտրատեղամասերում քվեարկության օրը՝ կատարեք մաթեմատիկական մի պարզ հաշվարկ: Արցախի ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել նախագահի 14 թեկնածուներ, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն. աննախադեպ թիվ Արցախի համար: Եթե ընտրատեղամասերում ընտրական հանձնաժողովի անդամների թվին գումարեք քաղաքական ուժերի, թեկնածուների մի քանի հոգանոց վստահված անձանց թիվը, սրան էլ գումարեք դիտորդների ու լրագրողների թիվը: Այս մարդիկ առավոտից երեկո գտնվելու են միևնույն տարածքում: Չմոռանաք նաև եկող-գնացող ընտրողների թվաքանակն էլ ավելացնել: Պատկերացնում եք չէ՞, թե որքան մարդաշատ են լինելու ընտրատեղամասերը: Ինչպե՞ս է Արցախի իշխանությունն ապահովելու ընտրողների անվտանգությունը: Փաստորեն համաճարակի բռնկման համար «հրաշալի» պայմաններ են ստեղծվում:

Բակո Սահակյանն ու Նիկոլ Փաշինյանը ստանձնո՞ւմ են պատասխանատվություն արցախահայության ու մեր բանակի առողջության, անվտանգության համար: Հայտնի չէ: Այս մասին նրանք լռում են:

ԻՆՉՈ՞Ւ Է ՇՏԱՊՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԸ

Այսպիսով, Արցախում չի հայտարարվում արտակարգ դրություն, որպեսզի չհետաձգվեն ընտրությունները: Ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի քաղաքական վերնախավը սեփական քաղաքական շահերն առաջնային համարելով՝ անտեսում է ժողովրդի շահը, նրա անվտանգությունը, վտանգում է արցախահայության գոյությունն իր հայրենիքում: Ու սա ամենևին չափազանցություն չէ:

Նկատենք, որ այս օրերին կորոնավիրուսի տարածումն Արցախում կանխելու համար Փաշինյանը որոշակի քայլեր ձեռնարկեց: Նախ, ժամանակավորապես արգելվեց բոլոր քաղաքացիների մուտքը հայկական երկրորդ հանրապետություն։ Երկրորդ, հայտարարվեց, որ Արցախում կայանալիք ընտրությունների մասնակից դիտորդները նախօրոք կթեստավորվեն։ Նկատենք, որ սրանք համաճարակի կանխարգելմանն ուղղված փոքր քայլեր են, հետևաբար, առավելապես միտված են պատասխանատվությունից խուսափելուն: Հետո դրանք պետք կգան, որ «լայվ» մտնի ու ապացուցի, որ անհրաժեշտն արել է Արցախը վարակից հեռու պահելու համար: Մինչդեռ հիմնական կանխարգելիչ քայլը՝ արտակարգ դրության հայտարարումը, ուշանում է: Ինչն էլ ի ցույց է դնում Փաշինյանի իրական նպատակը՝ արագ կազմակերպել ընտրություններն ու Արցախում ձևավորել Երևանի սրտի իշխանություն:

Ինչո՞ւ է շտապում Փաշինյանը՝ օր առաջ Արցախում ունենալ նախագահի իր նախընտրելի թեկնածուին, ինչո՞ւ է այդ հարցն առավել կարևորում, քան արցախցիների անվտանգությունը: Արդյո՞ք սա Արցախը թուրքին հանձնելու դավադիր սցենարի քայլերից մեկը չէ:

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՒՄ ԵՔ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱ՞ԿԸ

Երեկ լուր տարածվեց, թե կորոնավիրուսը ներթափանցել է հայկական բանակ… Ի՞նչ գործողություններ են արվում, որ այն տարածում չունենա, ու չհասնի սահման պահող մեր զինվորին։ Իշխանության ղեկն իր ձեռքում պահած մարդիկ ի՞նչ քայլեր են անում այդ ռիսկը զրոյացնելու համար: Քայլերը տեսանելի չեն: Իսկ համաճարակն ամեն օր նոր թվեր է գրանցում: Դեմն առնելու արդյունավետ միջոցներն էլ չկան…

Մեր բանակը թուլացնելը, թիրախավորելը եղել ու մնում է սորոսականների հիմնական նպատակներից մեկը: Տարիներ շարունակ սրանք, իրենց անլուրջ ծրագրերով զբաղված են եղել հայկական բանակը վարկաբեկելով: Ու այսօր այդ ուժերի համար եկել է գրանտային ծրագրերը կյանքի կոչելու հարմար պահը՝ կորոնավիրուսել հայկական բանակը, զրոյացնել մեր անվտանգության երաշխավորի մարտունակությունը ու բացել թշնամու ձեռքերը… Չգիտեմ, թե որքանո՞վ է իրավիճակով մտահոգ Հայաստանի իշխանությունը, մանավանդ երբ իր շարքերում ունի այդ գործին լծված սորոսականներ, բայց մի բան պարզ է, որ համաճարակային խառնաշփոթն Արցախում ձեռնտու է մեր թշնամուն: Ու նորից պիտի հարց հնչեցնեմ՝ ո՞ւմ պատվերն եք կատարում դուք՝ Հայաստանի իշխանություններ…

ՄԱՐԳԻՆԱԼՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՀԵՏԱՁԳԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սորոսն իր մանկլավիկներով միշտ է նպատակ ունեցել խցկվել Արցախ, ինչը, սակայն, Հայաստանի նախկին իշխանությունների զգոն քաղաքականության արդյունքում չէր հաջողվում իրականացնել: Այսօր նրանց առաջ բացվել են դեպի Արցախ անարգելք մուտք գործելու դռներ: Եկել է Արցախն ապականելու, թշնամու հետ քիրվայություն անելու պիղծ ծրագրերը կյանքի կոչելու ժամանակը:

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակավորապես արգելեց Հայաստանի քաղաքացիների մուտքը Արցախ այն բանից հետո, երբ արդեն անհրաժեշտ քանակով Արցախ էին գործուղվել սորոսական կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Ծռերը», «թավշյա հեղափոխության պահապաններ» կոչված խումբը: Մի խոսքով, «տրոյական ձին» մուտք գործեց Արցախ, տեղավորվեց, վրաններ խփեց, ու դրանից հետո միայն եղավ Փաշինյանի հրահանգը՝ փակել Հայաստանից դեպի Արցախ մուտքը: ԱԽՔ Արմեն Գրիգորյանն էլ տեղում ամեն ինչ կարգավորեց այնպես, որ գրանտակերները հաջողությամբ ամրանան Արցախում: Հետևանքները չուշացան, սորոսիստները սադրանքներ են հրահրում, խառնակչական գործողություններ իրականացնում, ամեն ինչ անում են Արցախի ներքին կայունությունը խաթարելու համար, Ստեփանակերտն էլ ողողել են իրենց նախընտրելի թեկնածուի գովազդային «պալակատներով»:

Սորոսիստների նախագահի թեկնածուն հայտնի է՝ Մասիս Մայիլյանն է, որին աջակցում է նաև Նիկոլ Փաշինյանը: Չնայած Փաշինյանը երկու լարի վրա է խաղում. սորոսիստ Մայիլյանից բացի՝ աջակցելով նաև Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին:

Սորոսականները Արցախի նախընտրական ու հետընտրական գործընթացների համար տարբեր սցենարներ են մշակել: Գաղտնազերծված հետընտրական սցենարներից մեկի համաձայն, մարտի 31-ին ամեն ինչ կարվի սղղացնելու Մայիլյանի թեկնածությունը: Ընտրությունների ավարտից հետո՝ կեսգիշերին, Մայիլյանը իրեն կհռչակի Արցախի ընտրված նախագահ: Եվ եթե առավոտյան մյուս թեկնածուների կողմից ընտրությունների կեղծման հարցում կասկած կհայտնվի, ապա գործի կանցնեն սորոսական հրոսակախմբերը: Կհրահրեն հետընտրական խժդժություններ ու մեղքը կբարդեն նախագահի մյուս թեկնածուների, քաղաքական ուժերի վրա:

Մյուս սցենարը հետևյալն է. ընտրությունների անցկացումից ու Մասիս Մայիլյանի նախագահ հռչակումից անմիջապես հետո իշխանությունը կհայտարարի արտակարգ դրություն՝ կորոնավիրուսի վտանգը կասեցնելու նպատակով: Սրանով, փաստորեն, մի կողմից կլռեցնեն կեղծված ընտրությունների դեմ բարձրացած դժգոհությունները ու հնարավորություն կտան սորոսական Մայիլյանին ամրացնել իր դիրքերը: Մյուս կողմից կհայտարարեն՝ արտակարգ դրությո՞ւն էիք ուզում՝ խնդրեմ, այն հաստատված է:

Ժամ առ ժամ իրողությունները փոփոխվում են Արցախում. անդրադառնամ մի ուշագրավ հանգամանքի ևս: Պարզվում է, որ արտակարգ դրության սահմանման հարցում սորոսականների շրջանում նկատվում է տրամադրությունների փոփոխություն:

Հայաստանի իշխանության կողմից կառավարվող մարգինալ ուժերն այսօր սկսել են պահանջել հետաձգել ընտրությունները՝ կորոնավիրուսի վտանգից խուսափելու համար: Նման հայտարարություն են անում «Սասնա ծռերը»: Անգամ հայտնի սորոսիստ Դանիել Իոաննիսյանն իր մտահոգությունն է հայտնել, թե կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ, մարդիկ կաշկանդված են ու չեն գնա ընտրատեղամասեր: Եվ ակնարկում է՝ հետաձգել ընտրությունները:

Միամտություն կլինի կարծել, թե սորոսիստները մտահոգված են արցախահայության առողջությամբ: Իհարկե ոչ, նրանց հուզում է սեփական քաղաքական ծրագրերի ձախողումը: Իսկ դիրքորոշման փոփոխությունն էլ պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին, երբ տարածվեց լուրը, թե Ռուսաստանը փակել է Մասիս Մայիլյանի ու նրա հովանավորի՝ Սամվել Բաբայանի մուտքը երկիր, սա տրամադրություններ փոխեց Արցախում: Իջավ Մայիլյանի վարկանիշը, ինչն էլ խառնել է սորոսականների հաշվարկները: Նրանք վտանգ են տեսնում, որ ժողովուրդը կարող է քիչ ձայններ տալ Մայիլյանին: Երկրորդ պատճառը, ինչը սորոսականներին հետ է պահում մարտի 31-ին ընտրություններ անցկացնելու որոշումից, միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունն է՝ կորոնավիրուսով պայմանավորված:

Հիմա արդեն Փաշինյանի շրջապատում կա վախ, որ միջազգային դիտորդների չմասնակցությունը կարող է ոչ լեգիտիմ դարձնել իրենց սրտի թեկնածուի ընտրությունը, ու ձախողել Արցախի հարցում իրենց քաղաքական դավադիր ծրագրերի իրականացումը: Ահա թե ինչով է պայմանավորված սորոսականների դիրքորոշումների փոփոխությունը՝ ընտրությունների հետաձգման ու արտակարգ դրություն հայտարարելու հարցում:

Արմինե Սիմոնյան