Նարկոլաբորատորիա՝ ռուս եպիսկոպոսի տանը

Ռուսաստանում եպիսկոպոս Ֆլավիանի բնակարանում նարկոլաբորատորիա են հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է «СеверИнформ» գործակալությունը:

Սանկտ Պետերբուրգում խուզարկելով բնակարանը, որում գրանցված է եպիսկոպոսը` Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները նարկոլաբորատորիայից բացի՝ հայտնաբերել են նաև պատրաստի ապրանք:

Նշվում է, որ բնակարանում ապրում է եպիսկոպոսի մտերիմ ընկեր 22-ամյա Կաին Մոնտանելին:

ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները խուզարկություն են կատարել նաև Ֆլավիանի աշխատավայրում` առավել խոշոր չափերի խարդախության մասին քրեական գործի շրջանակում:

Ֆլավիանը խուզարկության մասին լուրերը հերքում է: Եպիսկոպոսի փաստաբանները հայտարարել են, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը և ուղղված են իրենց պաշտպանյալի բարի համբավի արատավորմանը:

Այնուամենայնիվ, Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եպիսկոպոսին հեռացրել է Չերեպովեցյան թեմի ղեկավարությունից և նրան ուղարկել է Պավլո-Օբնորսկյան մենաստանում գտնվող բնակավայր:

Աղբյուրը՝ tert.am