Հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ Արցախի տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումն իրականացնելու համար

Ս.թ. փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափման գործընթացը սկսվել է Աղավնո անցակետից (Սյունիքի կողմից):

➡ Մարտի 14-ի՝ ժամը 22։00-ից Աղավնո, Խարխափուտ, Խնձորեսկ ու Կովսական անցակետերում ջերմաչափում է իրականացվել Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձանց շրջանում, որտեղ հետագայում տեղադրվել են բժշկասանիտարական հսկիչ կետեր՝ նախապես սահմանված հերթապահությամբ:

📌 Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ, անհրաժեշտության դեպքում կասկածվող անձանց մեկուսացնելու կամ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։
📌 Հաստատվել է ԱՀ առողջապահության նախարարության, ԱՀ ոստիկանության և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության միջև կնքված համատեղ հրամանը, որում սահմանվել են քաղաքացիների հետ բացատրական աշխատանքները համահունչ տանելու ուղղությամբ սահմանային հսկիչ կետերի կողմից իրականացվող միջոցառումները։
📌Հսկիչ կետերի համար մշակվել են մեթոդական ցուցումներ և անհատական տվյալների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձև։
📌 Բժշկասանիտարական հսկիչ կետերը հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով՝ հանրապետության տարածք մուտք գործող բոլոր քաղաքացիների ջերմաչափումը իրականացնելու համար։

➡ Մարտի 18-ից մինչ մարտի 20-ը ներառյալ, բժշկասանիտարական հսկիչ կետում բուժանձնակազմի կողմից ջերմաչափվել են շուրջ 5000 քաղաքացի: 25 անձի մոտ արձանագրվել է 37˚C-ից բարձր ջերմություն:

📍Գնահատելով իրավիճակի լրջությունը, հակահամաճարակային ծառայության կողմից բժշկասանիտարական հսկիչ կետերում պարբերաբար հսկողություն է իրականցվում, ընդ որում՝ Շահումյանի շրջանի Նոր Խարխափուտի և Քաշաթաղի շրջանի Աղավնոյի բժշկասանիտարական հսկիչ կետեր են գործուղվել նախարարության պատասխանատուներ, ովքեր տեղում մեթոդական ցուցումներ են տվել բուժանձնակազմին,համաձայն որի՝

1️Արցախի Հանրապետության քաղաքացին՝

♦️ունի ջերմություն, սակայն չի ունեցել կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է հսկողություն՝ բնակության վայրի պատասխանատու բուժանձնակազմի կողմից ամենօրյա զանգերի, անհրաժեշտության դեպքում նաև այցերի միջոցով (այսուհետ՝ բժշկական հսկողություն),
♦️չունի ջերմություն, սակայն ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ նույնպես ուղարկվում է տնային մեկուսացման և իրականացվում է բժշկական հսկողություն,
♦️ունի ջերմություն և ունեցել է կոնտակտ կասկածելի վարակակրի հետ՝ ուղարկվում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության նախատեսած մեկուսարան:

2️Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝

♦️ունի ջերմություն՝ տրամադրվում է դիմակ, ձեռնոց, ուղարկվում է տնային մեկուսացման՝ ըստ բնակության վայրի, և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն,
♦️ չունի ջերմություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրվում է դիմակ, ձեռնոց, լրացվում է անհատական տվյալների տեղեկանքը և Արցախի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրականացվում է բժշկական հսկողություն:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։