Արտակարգ դրությունը մամուլը լռեցնելու, գրաքննելու միջոց

Հայաստանի կառավարությունը որոշեց ու մեկամսյա ժամկետով՝ մարտի 16-ից ապրիլի 14-ը  երկրում սահմանեց  արտակարգ  դրություն: Նպատակ պարզ է, ու նաև բնակչության սրտով՝ խոչընդոտել  կորոնավիրուսի տարածմանը։

Արտակարգ դրության պահանջով՝ Հայաստանի ամբողջ տարածքում արգելվեց հավաքների և գործադուլների կազմակերպումը:  Ինչպես նաև,  հանրային միջոցառումների անցկացումը՝  համերգներ, թատերական ներկայացումներ,  սպորտային, մշակութային, կրթական,  ժամանցային,  տոնական ու հիշատակի միջոցառումներ: Այլ պարտադիր միջոցառումների անցկացումն էլ թողնվեց պարետի որոշմանը:

Մի խոսքով՝ հանուն ռիսկի  մեղմման, հարկավոր է նվազեցնել հնարավոր բոլոր շփումները: Ժողովուրդը հասկացավ, ընդունեց  ու ինքնամեկուսացավ: Մարդիկ  անգամ  հաշտվեցին արտակարգ իրավիճակին:

Բայց պարզվում է, որ  արտակարգ դրությունը նաև արտասովոր երևույթներ ի հայտ բերեց: Քանի որ  իշխանությունը  յուրովի է հասկացել արտակարգ դրություն ասվածը:

Նախ, այս իրավիճակը ազատ է արձակել իրավապահների ձեռքերը: Կառավարության կամ խորհրդարանի առաջ  ոստիկանները ցուցարար տեսնելով ՝ արագ բերման են ենթարկում, որ հանկարծ  իրար չկորոնավիրուսեն: Լավ մեթոդ է, չէ՞, դժգոհությունները լռեցնելու: Փաստորեն, արտակարգ դրության ժամանակ իշխանության թուրը կտրող է՝ ինչ ուզի՝ կանի, ինչ ուզի կասի, ինքն է անսխալականը, ոչ բողոքավոր կա, ոչ ընդդիմացող:

ԶԼՄ-ների գործունեությունն էլ սահմանափակվեց:  Վերևից  զգուշացրին՝ կորոնավիրուսի մասին պաշտոնականից դուրս ոչ մի խոսք չասեք ու չտպագրեք, թե չէ՝ կտուգանվեք: Երկրի  վարչապետն անձամբ  հայտարարեց՝  չհավատաք այլ աղբյուրներից  տարածվող տեղեկություններին, հղումը տվեք բացառապես պաշտոնականին: Ասվածն ընդունվեց, հաշվի առնելով այն, որ նման իրավիճակներում անհավանական  տեղեկատվական հոսքերը կարող են  դառնալ անկառավարելի  ու  խոցելի դարձնել  հանրությունը,  պատկերավոր ասած՝  ոչ վիրուսակայուն:  Ի վերջո, կեղծ կամ ուռճացված տեղեկատվությունը  կարող է տոտալ  խուճապի պատճառ դառնալ:  Եվ պայմանավորվեցինք՝ խուճապահար չանել ժողովրդին:  Բայց խուճապը  մի բան է, արտակարգ դրության անվան տակ լրատվամիջոցներին գրաքննելը՝ մեկ այլ բան:

Անկեղծ ասած, իշխանության քայլերից  գրաքննության հոտ է գալիս:

Լրատվամիջոցների աշխատանքին  խոչընդոտելը, դրանք սահմանափակելն այս իշխանության կողմից իդեա ֆիկս է դարձել, ինչի համար պատրաստ է օգտագործել  ցանկացած առիթ։ Ու ստացվեց, որ այս անգամ առիթն իր ոտքով եկավ… արտակարգ դրություն, երանելի վիճակ ԶԼՄ-ների բերանը փակելու համար: Ու ոնց հետևում եմ, այս վիճակը  շատ է դուր եկել իշխանությանը:

Չնայած հայտարարեցին, թե սահմանափակումները  միայն կորոնավիրուսին վերաբերող լուրերի վրա է տարածվում, բայց մենք այսօր այլ երևույթի հետ գործ ունենք: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումը կարծես  դառնում է մամուլը լռեցնելու հերթական միջոց:

«Առավոտ»-ն ու «Հրապարակ»-ը վերևներից արդեն զգուշացվել են՝ հեռացրեք ու  վերախմբագրեք ձեր նյութերը, հակառակ դեպքում կտուգանվեք  500 հազարից մինչև 800 հազար դրամով։ Մեզ հետաքրքրեց, այդ ի՞նչ նյութեր են տեղադրվել հիշյալ կայքերում, որ առաջ են բերել իշխանության զայրույթը: Պարզվեց, որ «Հրապարակ»-ը ոստիկանությունից զգուշացում է ստացել կորոնավիրուսի թեմայի հետ  առնչություն չունեցող նյութի՝  դատապարտյալների դժգոհություններին վերաբերող մի հոդվածի տպագրման հետ կապված:

Aravot.am-ը նույնպես ոստիկանության զգուշացումից հետո  վերախմբագրել է իր նյութը, որը վերաբերում է ոչ թե Հայաստանում, այլ Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը թաքցնելու խնդրին:  Տեղին է  Аravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանի «Ազատության» հետ զրույցում արած ընդգծումը, թե՝ համահունչ մեկնաբանություն ֆեյսբուքյան իր էջում արել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ասելով, որ որոշ երկրներ չեն ներկայացնում կորոնավիրուսի մասին իրական թվերը։ Ի՞նչ է ստացվում, Փաշինյանին կարելի է, լրատվամիջոցներին ո՞չ:

Չի՞ գիտակցվում, որ լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունը հանգեցնելու է անվստահության հե՛նց իշխանության կողմից ներկայացվող տեղեկատվության հանդեպ: Ժողովրդավարական երկրում  գրաքննությո՞ւն… Բա ասում եք՝ Հայաստանը ժողովրդավարության բաստիո՜նն է…

Եվ հիմա մարդիկ  հարց են տալիս՝ ճի՞շտ է, արդյոք, պաշտոնական  լրատվությունը,  իշխանությունը չի՞ խաբում , ինչո՞ւ է նման կեցվածք ընդունել, ինչո՞ւ է լռեցնում լրատվամիջոցներին: Երկու տարում այս ինշխանության կողմից այնքան ստեր են մոգոնվել,  որ վստահության օրեցօր նվազող մթնոլորտում դժվար է հավատալ՝ տրամադրվող լուրերը արդյո՞ք հավաստի են:

Իսկ ո՞ր դեպում է «խուճապ» առաջանում, ինչո՞ւ է իշխանությունն այդ հարցում տեսնում  միայն մամուլի  մեղքը: Կասկածելի չէ՞ իշխանության նման  պահվածքը՝ նետերը մամուլին ուղղելը:  Ակնհայտ է, որ իշխանությունը վերստին թիրախավորում է ԶԼՄ-ներին: Պահն օգտագործում են ու հասարակության մոտ փորձում անվստահություն սերմանել լրատվամիջոցների նկատմամբ:  Իրականում  իշխանության նման  պահվածքն է դառնում  խուճապի և կասկածի պատճառ:

Նկատենք, որ հանրային  խուճապի առաջացման հիմնական պատճառ դարձավ  իշխանության անգործությունն ու  ոչ խելամիտ քայլերը: Հիշո՞ւմ եք, սկզբում մեր ժողովուրդը հումորով էր վերաբերվում այս ամենին, ամեն օր մի նոր անեկդոտ էր ծնվում ֆեյսբուքյան էջերում,  հումորային նկարներ էին շրջանառվում՝  լավաշից դիմակների տեսքով: Դա լավ էր, դա օգնում էր, որ հանրային դաշտում լարվածություն չստեղծվի: Բայց ժողովրդի  հումորը սառեց, լարումն էլ մեծացավ,  երբ նկատեց, որ իշխանությունն էլ է իր պես հումորով  զբաղված՝ գործ  անելու փոխարեն: Նկատեց, որ վերևներում  լրջությամբ չեն վերաբերվում համաճարակին, իսկ վարակվածների թիվն օրեցօր աճում է: Ի դեպ, այդպես  եղավ նաև Իտալիայում: Այնտեղ էլ իշխանությունն անլուրջ վերաբերվեց ու այսօր վարակակիրների թվով  ամենամեծ աճը նկատվում է այդ երկրում: Այնպես որ,  անլրջությունն ու  անգործությունն են հանգեցնում  խուճապի:

Հասարակությանը չվնասելու համար նրան պետք է հավաստի տեղեկատվություն տրամադրել,  ոչ թե փակել մամուլի բերանը, մանավանդ, որ լրատվամիջոցները հրաշալի գիտակցում են ստեղծված պահի լրջությունը ու դրսևորում անհրաժեշտ զգուշավորություն:

Ի վերջո, պետք է գիտակցել, որ միայն կոնսոլիդացված  հասարակությամբ,  պետության հանդեպ բարձր վստահությամբ է հնարավոր դիմակայել  վտանգներին,  մարտահրավերներին՝ լինի համաճարակ, թե պատերազմական իրավիճակ:

Բայց այսօր Փաշինյանն ու իր թիմը ոչ այնքան սևեռվել են վարակը կանխելու վրա, որքան  ԶԼՄ-ներին վերահսկելու: Ինչի համար էլ օգտագործվում է արտակարգ դրությունը:

Մի խոսքով, այսօր բոլորի բերանները փակել են, բացվել է միայն մեկի բերանը… ինչպես  մեկ դերասանի թատրոնում:  Չնայած երկու  տարի է՝ դրա ականատեսն եք, բայց արտակարգ դրության պայմաններում այն մի ուրույն  ոճ է ստացել:  Հայաստանում՝ առավոտից երեկո, միայն մեկ մարդ է խոսում:  Նա և՛ բժիշկ է, ընդորում՝ համաճարակաբան,  և՛ տնտեսագետ է,  և՛ ֆինանսիստ, և խոհարար, և՛ հեքիաթասած:

Ցանկը շարունակելի է…

Արմինե Սիմոնյան