Չզբաղվե՛լ պոպուլիզմով, քիչ խոսել, շատ գործ անել

Կան իրավիճակներ, որի ժամանակ կրկին ու կրկին համոզվում ես, թե աշխարհը, մարդկությունը որքան կապված են իրար՝ անկախ ազգությունից, մաշկի գույնից, անկախ կրոնից, մտածողությունից ու սովորույթներից: Աշխարհի միասնական լինելը առավել շոշափելի է դառնում համաճարակների ժամանակ, երբ վերանում են բոլոր սահմանները… Աշխարհի մի ծայրում գլուխ բարձրացրած այդ աղետը կարճ ժամանակում կարող է տարածվել և դառնալ պետությունների, ժողովուրդների առջև ծառացած լրջագույն վտանգի: Ու մարդկությունը կանգնում է չարիքին միասնաբար դիմակայելու անհրաժեշտության առաջ:

Այսօր աշխարհին պատուհասել է կորոնավիրուս կոչված աղետը, այն «ներխուժել է» հարյուրից ավելի երկրներ, կան հազարավոր զոհեր…

Այս համաճարակը կարծես մի ստուգատես է դարձել պետությունների ու ժողովուրդների համար: Յուրաքանչյուր ժողովուրդ ինքնակազմակերպման ինչպիսի՞ ունակություններ ունի: Յուրաքանչյուր իշխանություն որքանո՞վ է ի զորու ճգնաժամային իրավիճակում իրականացնել երկրի արդյունավետ կառավարումը, կանգնեցել պետության առաջ ծառացած տնտեսական, սոցիալական աղետը, ղեկավարել հանրային կյանքն այնպես, որ չարիքը չպատուհասի սեփական ժողովրդին:

Ի վերջո, սա ստուգատես է համոզվելու, թե պետական համակարգերից ո՞րն է առավել արդյունավետ աշխատում արտակարգ իրավիճակներում: Մի բան պարզ է, որ ուժեղ պետական համակարգ ունեցող երկրներն են ի զորու դիմակայել նման աղետներին:

Եվ այս մասին լրջորեն մտածել է պետք:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆԼՐՋՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Դեռ հունվար ամսից, երբ Չինաստանից, Իրանից հետո նաև Իտալիայից մեզ էին հասնում ցնցող լուրեր օրեցօր աճող մահվան դեպքերի մասին, երբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ էր անում անհապաղ ուժեղացնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները, Հայաստանում անլրջության հասնող անտարբերություն էր…

Հայ ժողովրդին սև-ի ու սպիտակ-ի բաժանող իր ելույթներով հանրաքվեի քարոզարշավի դուրս ելած վարչապետ Փաշինյանն ու Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զբաղված էին ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնելով: Այլ կերպ չես կարող բնորոշել նրանց՝ իրավիճակի լրջությունը չգիտակցող անտարբերությունը, ու կորոնավիրուսային թեմայով արվող անհասկանալի հումորը:

Հիշենք, թե ընդամենը մեկ շաբաթ առաջ ինչ էին ասում-խոսում վերոնշյալ պաշտոնյաները, երբ աշխարհում թևածում էր համաճարակը.

Նիկոլ Փաշինյան. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է», «Կոսրոնավիրուսը սովորական գրիպ է»:

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:

Նիկոլ Փաշինյան. «Նախկին իշխանությունները անընդհատ փորձում են մեր ժողովրդին վախեցնել… հիմա էլ նոր մոդա կընկնի, կսկսեն վախեցնել կորոնավիրուսով, բայց մենք ասում ենք՝ չպետք է վախենանք»:

Արսեն Թորոսյան. «Կորոնավիրուսի վտանգն ուռճացված է»:

Նիկոլ Փաշինյան. «Էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք և ուղարկենք իրենց գործերին»:

Եվ մինչ աշխարհի տարբեր երկրները փակում էին իրենց ուղիները, դեպի Հայաստան մարդկանց հոսքը չէր դադարում ու մեր երկիրը շարունակվում էր համաճարակի բարձր աստիճան գրանցած երկրներից հյուրեր ընդունել…

Եվ այսօր ժողովուրդը համոզված է՝ չլիներ իշխանությունների նման անլուրջ պահվածքը, չլիներ նրանց իմիջայլոց վերաբերմունքը, Հայաստանը չէր հայտնվի վիրուսով բարակված վտանգավոր երկրների շարքում: Նախօրեին ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկեց, թե ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով Հայաստանն առաջին տեղում է…

Հանրային շրջանակներում, սոցցանցերում սուր քննադատության է ենթարկվում Փաշինյանի իշխանությունը, որն իր անտարբերությամբ պատճառ դարձավ, որպեսզի կորոնավիրուսը հեշտությամբ ներթափանցի Հայաստան:

Այսօր աշխարհում արտակարգ միջոցառումներ են իրականացվում մի քանի ուղղություններով՝ մարդկային կորուստները նվազեցնելու և տնտեսության կոլապսի հավանականությունը, սոցիալական լարվածությունը հնարավորինս մեղմելու համար:

Արտակարգ դրությունը մի շարք առաջանահերթություններ է դրել նաև ՀՀ կառավարության առաջ: Բնականաբար, առաջնահերթ խնդիր է մեր ժողովրդի առողջության հարցը: Փաշինյանը ժամանակ առ ժամանակ ֆեյսբուքյան լայվով հորդորում է խուճապ չստեղծել: Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, չասե՞լ, որ ժամ առ ժամ ավելանում է կորոնավիրուսով վարակվածների թիվը, չհարցնե՞լ իշխանությանը՝ ի՞նչ ես անում ահագնացող աճը կանխելու համար, չասե՞լ, այն մեթոդները, որ գործի եք դրել արդյունավետ չեն…

Արտակարգ դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ները բացի պաշտոնական լրահոսից՝ այլ տեղեկատվություն տարածելու իրավունք չունեն, և մարդկանց մեջ հարց է առաջանում՝ հավաստի՞ է, արդյոք, պաշտոնական տեղեկատվությունը:

Ցավոք, մենք ժամանակին չաշխատեցինք այս համաճարակի դեմն առնելու ուղղությամբ, չնախապատրաստվեցինք, չնայած այդ ժամանակն ունեինք: Ու հիմա ստիպված ենք գնալ վիրուսի հետևից: Առավոտյան ֆեյսբուքյան իր լայվում Փաշինյանն անկեղծորեն խոստովանեց, թե հայտնվել ենք մի իրավիճակում, երբ «վարակի զարգացման աճի հետևից վազքի մեջ ենք»:

Նախօրեին Փաշինյանը ԱԺ ամբիոնից հարց հնչեցրեց, որն իրականում ուղղված էր իրեն ու իր թիմին. «Հունվարի 30-ից մինչ հիմա որքանո՞վ է կառավարության գործունեությունը եղել ադեկվատ»: Վարչապետի հնչեցրած հարցին կպատասխանենք այսպես. հանրաքվեի նախապատրաստման համար պետական միջոցներից կառավարությունը հատկացրեց 3,7 մլրդ դրամի չափով գումար, մինչդեռ կորոնավիրուսի կանխարգելման համար մեկ դրամ նույնիսկ չնախատեսվեց, այն դեպքում, երբ կար դրա անհրաժեշտությունը, երբ դա անում էին բոլոր երկրները: Կարծում եմ՝ մեր պատասխանից ակնհայտ է դառնում, թե որքանով է ադեկվատ աշխատել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը:

ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ՉԱՐԻՔ Է

Անհանգստացնող են տնտեսագետների դիտարկումները: Մասնագետներն ահազանգում են՝ դեռ տեսանելի չէ, թե ի՞նչ լուծումներ ունի Հայաստանի կառավարությունը, ի՞նչ ծրագրեր է իրականացնում տնտեսությանն սպառնացող վտանգից մեր երկիրը հեռու պահելու համար: Հայտնի չէ՝ գործադիրի սեղանին կա՞ սոցիալ-տնտեսական հիմնավոր փաթեթ: Մի բան փաստ է, սակայն, որ դեռ արդյունավետ քայլերը տեսանելի չեն:

Օրերս հայտարարվեց, թե ստեղծվել է տնտեսական օպերատիվ խումբ՝ համաճարակի բացասական հետևանքների կանխարգելման քաղաքականություն մշակելու, տնտեսության վրա վտանգավոր հետևանքները մեղմելու նպատակով: Բայց պարզվում է, մի կողմից խմբի ստեղծումը եղել է ուշացումով, քանի որ այն զբաղվելու է ոչ թե կանխարգելմամբ, այլ արդեն իսկ առկա բացասական երևույթները գրանցելով: Մյուս կողմից, նաև հայտնի չէ, թե խումբը ո՞ր ուղղություններով և ի՞նչ քաղաքականություն է այսօր իրականացնում:

Այս իրավիճակին գումարվում է դրամի արժեզրկումը, ինչի հետևանքը գնաճն է: Իսկ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ գնաճ կա, ինչն առավել նկատելի է նպարեղենի ու սպիրտի շուկայում:

Նպարեղենի (ոսպ, բրինձ, հնդկաձավար…) շուկայում գնաճը պայմանավորված է մեծ պահանջարկով, մարդիկ մեծ քանակությամբ գնում են այս ապրանքներն ու պահեստավորում: Նկատենք, որ սա միայն Հայաստանին բնորոշ երևույթ չէ, աշխարհում ևս նկատվում է այդ միտումը, մարդիկ մեծ քանակությամբ մի քանի օրվա սնունդ են պահեստավորում: Ինչն էլ հանգեցնում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճին:

Նախօրեին կայացած ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մենք նվազագույնը մեկ ամսվա սննդի պաշար ունենք, սակայն մասնագետները հակադարձում են՝ մեկ ամսվա պաշար ունենալը մեզ համար բավարար չէ, պարենային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է, որ Հայաստանն ունենա առնվազն 3 ամսվա պաշար: Կա վտանգ, որ այս իրավիճակում արտահանող երկրները կսահմանափակեն նպարեղենի արտահանումը: Մասնավորաբար Ռուսաստանը կարող է սահմանափակել արտահանումը, նախ սեփական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով: Եվ դա կարող է թանկ նստել մեր երկրի վրա:

Ու այս իրավիճակում Փաշինյանը հայտարարում է, թե համաճարակից դուրս ենք գալու տնտեսապես ավելի ամրացած: Իրատեսությո՞ւն է, թե՞ հերթական պոպուլիստական հայտարարություն: Տնտեսագետները հումորով են վերաբերվում վարչապետի այդ հայտարարությանը՝ կարճ հակադարձելով. Եվրոպան հայտարարում է տնտեսական անկման ու համաշխարհային ճգնաժամի մասին, ՀՀ վարչապետի հայտարարությունն իրատեսական չէ:

Փաստորեն, գործ ունեք ընդամենը հերթական ականջ շոյող հայտարարության հետ: Ստացվում է, անգամ նման լարված իրավիճակում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվում ձերբազատվել իր պոպուլիստական գործելաոճից:

Մինչդեռ այսօր քիչ խոսելու, պոպուլիզմով չզբաղվելու և միմիայն աշխատելու ժամանակներ են:

Արմինե Սիմոնյան