Կորոնավիրուսի վերաբերյալ բազմակողմանի տեղեկատվության հնարավորությունը սահմանափակված է

Հարցազրույց Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Գոհար Մելոյանի հետ

Հայաստանում արտակարգ դրություն է սահմանված, որով նաև որոշակի սահմանափակումներ են նախատեսված ԶԼՄ-ների համար՝ կորոնավիրուսի թեմայով արվող հրապարակումների համար: Մասնավորապես լրատվամիջոցներին արգելվում է կորոնավիրուսով հիվանդների, հիվանդացության և ընդհանրապես կանխարգելիչ միջոցառումների ու արտակարգ դրության հետ կապված պաշտոնական հայտարարություններին ու հաղորդագրություններին հակասող, խուճապ առաջացնող տեղեկություններ հրապարակել: Որքանո՞վ է այս սահմանափակումն իրավաչափ:

– Մարտի 16-ին կառավարությունը Սահմանադրությանը համապատասխան արտակարգ դրություն հայտարարեց երկրում, որով սակայն Սահմանադրության պահանջներն ամբողջությամբ չեն պահպանվել: Դրան կանդրադառնանք ավելի ուշ:

Փաստորեն, կառավարության որոշման տեսքով իրավական ակտ հրապարակվեց արտակարգ դրություն հայտարարելու մասին, որում ներկայացված են սահմանափակումներ մասնավորապես հետևյալ ոլորտներում և իրավունքների շրջանակում՝ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի, տրանսպորտային միջոցների տեղաշարժի, անձանց սեփականության իրավունքի, քրեակատարողական հիմնարկներում, ձերբակալվածներին պահելու վայրերում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրելու, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, հոգեբուժական կազմակերպություններում և ՊՆ զորամասերում, որոնք դրսևորվում են հանձնուքների արգելքի, ելումուտի արգելքի ձևով, հավաքների, հանրային միջոցառումների իրականացման համար, ապրանքների փոխադրման համար և այլն: Մի բաժին էլ նվիրված է լրատվամիջոցների հրապարակումների և հաղորդումների սահմանափակմանը: Արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքով տրվում են հնարավորություններ և իրավունքների շրջանակներ, որոնք կարելի է սահմանափակել, սակայն շատ կարևոր են համաչափության և որոշակիության սկզբունքների պահպանումը։ Արտակարգ դրության մասին օրենքը սահմանում է, որ իրականացվող սահմանափակումները պետք է համապատասխանեն արտակարգ դրության նպատակին և համաչափ լինեն: Մեր դեպքում որքանո՞վ են այդ սահմանափակումները համաչափ: Տրվել են այսպիսի ձևակերպումներ՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ պետության տարածքից դուրս առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, առցանց աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված անձանց շրջանակի, զննում անցնող անձանց, մեկուսացվածների քանակի, խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների, ինտերնետ կայքերով և սոցիալական ցանցերում հրապարակումների համար կատարման պահանջ է սահմանվել, որ պետք է պարտադիր կերպով ֆիզիկական անձանց և զանգվածային լրատվության կողմից հղում կատարվի պաշտոնական աղբյուրին, որը պարետատունն է: Այս ձևակերպումը բավականին անորոշ է, հստակեցումներ չկան, օրինակ՝ ի՞նչ է ենթադրում խուճապ առաջացնելը, ինչ հիմնավորմամբ են սահմանափակում միջազգային հեղինակավոր կառույցների կամ լրատվամիջոցների կողմից հայտնած տեղեկատվության փոխանցումը մեր հանրային դաշտում: Արդյոք այս սահմանափակումները համաչափ են և պահպանվել է Սահմանադրության և արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի պահանջը պահպանելու սահմանափակման համաչափությունը արտակարգ դրության ժամանակ, թե ամեն դեպքում փորձ է կատարվել ազատությունների և սահմանափակումների նուրբ սահմանը հատել՝ օգտվելով ստեղծված իրավիճակից: Մի շարք հարցադրումների և խնդիրների առաջ ենք հայտնվել ներկա պահին, հատկապես երբ հանրությունը յուրաքանչյուր պահի սպասում է որևէ լրատվության, փորձում իրազեկված լինել: Կարծում եմ կառավարությունն առնվազն պետք է լրացուցիչ պարզաբանումներ մտցնի նման անորոշ կետերում, որոնք լայն հնարավորություններ են տալիս ԶԼՄ-ներին սահմանափակելու: Օրինակ, այս ժամանակաընթացքում սահմանափակում են նաև ֆիզիկական անձանց կողմից հրապարակումների իրականացումը, մինչդեռ մեր օրենսդրությունը պատասխանատվության չի նախատեսում ֆիզիկական անձանց կողմից այդ արգելքը խախտելու համար: Զանգվածային լրատվամիջոցների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը հստակ պատասխանատվություն նախատեսում է՝ տուգանք աշխատավարձի 500-ից 800-ապատիկի չափով: Սա ոչ համաչափ վերաբերմունք է:

Լրագրողներն առանց սահմանների միջազգային կազմակերպությունը թվիթերյան էջում հայտարարել է, որ Հայաստանում տեղեկատվության վերահսկողությունը ոչ թե օգնում է պայքարել համաճարակի դեմ, այլ նպաստում է բամբասանքների և վախերի տարածմանը: Դուք ունե՞ք նման մտահոգություն, հետևելով զարգացումներին և սոցիալական ցանցում տիրող տեղեկատվական վիճակին:

– Ես որոշակիորեն կիսում եմ այդ մտահոգությունը: Ինչպես նշեցի, լրատվամիջոցների համար սահմանափակումները բավականին լայն են, գրեթե ամբողջությամբ սահմանափակվել է անդադար լրատվության տարածման հնարավորությունը՝ առանց պաշտոնական աղբյուրին հղում կատարելու: Այն դեպքում, երբ պաշտոնական աղբյուրները, կարելի է ասել, ոչ այնքան ակտիվ են աշխատում տեղեկատվական քաղցի պայմաններում: Մինչդեռ լրատվամիջոցներն արդեն կոնսոլիդացվել էին. Օրինակ՝ Razminfo կայքի կողմից բավական արդյունավետ և օգտավետ էջ էր ստեղծվել, որտեղ զտված, պրոֆեսիոնալ մի շարք միջազգային նյութեր էին զետեղվում կորոնավիրուսի վերաբերյալ: Այսինքն՝ մարդիկ հնարավորություն ունեին բազմակողմանի դիտարկել ստեղծված վիճակը, քանի որ մեզանում պաշտոնական տեղեկատվությունը միակողմանի է: Բացը լրացնում էին միջազգային կազմակերպությունների, մասնագետների վերլուծություններով և ավելի իրազեկ ու պաշտպանված էին զգում: Այդպես հնարավորություն կար ավելի կայունացնելու իրավիճակը, խուսափելու խուճապից:

Իսկ հիմա փաստորեն արգելքները խախտելու դեպքում լրատվամիջոցները կենթարկվեն պատասխանատվության, իսկ ֆիզիկական անձինք սոցցացնցերում անպատիժ կշարունակեն տեղեկություններ տարածել, որոնք պաշտոնականին չեն հղված: Այս ամենի արդյունքում առավել գիտակից շրջանակները կհետևեն արգելքին և կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ չզտված, խուճապային տրամադրություն ստեղծող տեղեկությունները ոչ իրավագիտակից հատվածի կողմից կտարածվեն սոցցանցերում:

Երկրում հայտարարված արտակարգ դրությունը չխանգարեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ եթերով հայտարարի, որ ամենևին չի պատրաստվում կատարել դատարանի՝ օրինական վճռով ուժի մեջ մտած որոշումը և ներողություն հայցել Արա Մինասյանից՝ ասելով, որ վճիռը կողմնակալ էր, և ինքը չի վստահում այսօրվա դատական համակարգին: Արդյո՞ք պետական պաշտոնյան կարող է անպատիժ նման հայտարարություններ անել և չկատարել դատարանի վճիռը, նման դեպքերի համար իրավական պատասխանատվություն նախատեսված չէ՞:

Արսեն Թորոսյանի հայտարարությունը շատ մտահոգիչ է. գործադիր իշխանության ներկայացուցիչը, որը առողջապահության բնագավառի քաղաքականության մշակողն ու իրականացնողն է, մանավանդ երկրում ստեղծված իրավիճակում, երբ հանրությունը սահմանափակումներից ելնելով, իրենցից՝ որպես առաջին աղբյուրից, ամեն պահ տեղեկություն է սպասում իրեն հետաքրքրող հարցի վերաբերյալ, անձնական խնդիրներ է լուծում կենդանի կապի միջոցով և հանրությանը փորձում ներգրավել այդ պրոցեսներին: Հատկապես մտահոգիչ է, որ պետական այրը գործադիր իշխանության ներկայացուցիչ է և պաշտոնապես որակում է տալիս դատական իշխանությանը՝ կրկին անգամ ոտնահարելով իշխանությունների տարանջատման, հակակշռման մեխանիզմներն ու սկզբունքը և իրավունքի գերակայության սկզբունքը, այսինքն՝ իրավական պետության հիմնարար սկզբունքներն է խախտում և արհամարհում՝ հայտարարելով, որ չի պատրաստվում արդեն կայացված դատական ակտը կատարել: Քրեական օրենսգիրքը նախատեսում է  պատասխանատվություն ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու համար, մանավանդ, որ երեք ատյանի դատական ակտերն են: Բայց սա կարող է բացասական հետևանքների նախադեպ դառնալ, քանի որ պաշտոնատար անձ է նման հայտարարություն անողը, և կարող է նրա օրինակը վարակիչ լինել, մի շարք անձինք որոշեն, որ իրենք կարող են նման վարքագիծն ընդօրինակել:

Հարցազրույցը վարեց Թագուհի Ասլանյանը