Հենրիկ Իգիթյանն այսօր կդառնար 88 տարեկան (տեսանյութ)

Ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր, նկարիչ, արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանն այսօր կդառնար 88 տարեկան։ Նա  ծնվել է 1932 մարտի 5-ին՝ Թիֆլիսում։

1960-ականները դարձան ազգային մշակույթի և արվեստի վերազարթոնքի տարիներ:

Առաջնորդի և տեսաբանի անհրաժեշտությունը կար, և այդ գործն իր վրա վերցրեց Հենրիկ Իգիթյանը, նորարարություն մտցնելով գեղանկարչության մեջ։

1970 թվականին իր կնոջ՝ Ժաննա Աղամիրյանի հետ Հենրիկ Իգիթյանը Երևանում հիմնադրում է նախադեպը չունեցող մանկական պատկերասրահը, որը հայտնի է դառնում աշխարհում։

Նա մեկտեղ է հավաքում տաղանդավոր երեխաների արևաշող ստեղծագործությունները, որոնք ցուցադրվում են աշխարհի տարբեր երկրներում, միաժամանակ Հայաստան բերելով աշխարհի երեխաների ստեղծագործությունները` ձևավորելով հարաբերությունների նոր մշակույթ:

Հենրիկ Իգիթյանի համար երեխան անհատականություն էր․ մանկան աչքերը չեն խաբում, նրանք անբիծ են։

1978 թվականին այս պատկերասրահը դառնում Գեղագիտական դաստիարակության կենտրոն, որն այժմ կոչվում է Գեղագիտության ազգային կենտրոն՝ գեղարվեստական բազմազան արվեստանոցներով։

Հիմնվում են Կենտրոնի մասնաճյուղեր՝ Գյումրիում, Վանաձորում, Ապարանում, Գորիսում, Մեղրիում, Իջևանում և Գառնիում։

2016 թվականի փետրվարին կենտրոնը կոչվում է Հենրիկ Իգիթյանի անունով։

Հ. Իգիթյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու և Մխիթար Գոշի անվան մեդալներով: Վախճանվել է 2009 թ. մայիսի 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում