Utaxi-ն դիմել է ՊԵԿ և ՏՄՊՊՀ՝ ընդդեմ Bolt-ի անբարեխիղճ մրցակցության

«ՅՈՒՏԱՔՍԻ» ՍՊԸ-ն հայտնում է, որ դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտե և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ ընդդեմ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի՝ Հայաստանի Հանրապետությունում իրականացված գործունեության ընթացքում նրա թույլ տված իրավախախտումների, համապատասխան պատասխանատվության միջոցների կիրառման և այդպիսի օրինախախտ վարքագծի առկայության դեպքում՝ վերջինիս դադարեցման նկատառումներով:

Մասնավորապես, «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի մեջ նշված է, որ այս տարվա հուվարից սկսած ՀՀ շուկա է մուտք գործել «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն, որի գործունեությունը կապված է էստոնական «Bolt» էլեկտրոնային հարթակով տաքսի ծառայությունների մատուցման հետ:

Նորաստեղծ ՍՊԸ-ն իր գործունեությունը ծավալելիս, ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի, թույլ է տալիս ՀՀ օրենսդրությամբ ամրագրված մի շարք նորմերի խախտումներ, այդ թվում` հարկային օրենսգրքի որոշ դրույթների։ Ընկերությունը «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի կողմից իրազեկվել էր իր վարքագծում առկա անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ և առաջարկվել վերացնել անբարեխիղճ մրցակցության առկա դրսևորումները, սակայն «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ն ոչ միայն չի վերացրել, այլև ավելին, ամրապնդում է իր անբարեխիղճ վարքագիծը՝ կիրառելով միջոցներ տաքսի ծառայությունների համար ձևավորված գինը արհեստականորեն իջեցնելով, արհեստական զեղչեր, վարորդներին անհասկանալի երաշխավորված բոնուսներ տրամադրելով, սոցիալական կայքերում մոլորեցնող հայտարարություններ և գովազդներ տեղադրելով:

Նշված ընկերության և վերջինիս հետ համագործակցող ընկերությունների և/կամ վարորդների միջև առկա պայմանավորվածությունները, արհեստական զեղչային քաղականությունն ըստ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ի դիմումի՝ ոչ այլ ինչ է, քան հակամրցակցային համաձայնության վառ դրսևորում, որի նպատակն է խաթարել ՀՀ շուկայում գործող մյուս մրցակիցների գործունեությունը՝ անբարեխիղճ մրցակցության դրսևորմամբ: Այս բոլոր ներկայացված հարցերի վերաբերյալ «ՅՈՒՏԱՔՍԻ ՍՊԸ»-ն հայտնել է իր անհանգստությունը և մտահոգությունը իրավասու մարմիններին ներկայացված գրություններում:

Ըստ ծառայության դիմումի՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ՍՊԸ-ի կողմից դրսևորած վարքագիծը խախտում է ՀՀ օրենսդրությամբ ամրագրված բարեխիղճ մրցակցության վերաբերյալ դրույթները հետևյալ հիմնավորումներով՝ մրցակցության սահմանափակում, կանխում կամ արգելում և անբարեխիղճ մրցակցության գործողություն, հասարակության մոլորեցում, հակամրցակցային համաձայնություն:

«Այս բոլոր դրույթների համաձայն՝ «ԲՈԼՏ ՍԵՐՎԻՍԻՍ ԷՅԷՄ» ընկերությունը խախտում է բարեխղճության` ազնվության, արդարության, ճշմարտության և անաչառության սկզբունքները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, Քաղաքացիական օրենսգրքի, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին»,- նշել է ընկերությունն իր տարածած հաղորդագրության մեջ:

Հավելենք նաև, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը փետրվարի 28-ին որոշում է կայացրել «ՅՈՒՏԱՔՍԻ» ՍՊԸ ի կողմից ներկայացված դիմումի հիման վրա հարուցել վարչական վարույթ:

«ՅՈՒՏԱՔՍԻ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը LIVEnews.am-ի հետ զրույցում ասաց․ «Մենք նախապես պաշտոնական նամակով դիմել ենք Bolt-ին, իրենց պատասխան նամակը եղել է հետևյալ բովանդակությամբ, որ նրանք լավ ուսումնասիրել են ՀՀ օրենսդրությունը և գտնում են, որ որևէ օրենքի խախտում իրենց կողմից չի կատարվել, և իրենք գործում են ՀՀ օրենքների շրջանակներում»։

Անդրադառնալով «ՅՈՒՏԱՔՍԻ» ՍՊԸ-ի կողմից  ՊԵԿ և ՏՄՊՊՀ դիմելու պատճառներին՝ Արևշատ Ղիասյանն ընդգծեց․«Մենք ուղղակի նկատեցինք անբարեխիղճ մրցակցության տարրեր, ուրիշ մրցակիցների մասով ոչ մի բան չենք կարող ասել՝ նկատել են, չեն նկատել, նպատակահարմար միգուցե չեն գտել բարձրաձայնելու։ Մեր մասով կարող եմ ասել, որ մենք ուսումնասիրում ենք գործող մրցակիցների վարքագիծը և փորձում ամեն ինչ անել, որ մրցակցությունը լինի արդարության շրջանակներում»։