Հայաստանում նոր քրեական գործ է հարուցվել ՌԴ-ից զենքի մատակարարման մրցույթի պատճառով

Հայաստանի Հանրապետությունում նոր քրեական գործ է հարուցվել այն փաստի առթիվ, որ Պաշտպանության նախարարության աշխատակիցը խոչընդոտել է ՀՀ-ում ռուսական ORSIS ընկերության շահերը ներկայացնող փաստաբանի աշխատանքը։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

2019 թվականին ORSIS-ը ներառվել է ՀՀ զինված ուժերին զենք մատակարարողների «սև ցուցակում», ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլար ռազմական տեխնիկայի մատակարարման մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել է այս ընկերությունը։ Ավելի ուշ Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը խնդրել է ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին հասկանալ այս իրավիճակը՝ ORSIS-ի դեմ կայացրած որոշումը գնահատելով որպես «չհիմնավորված»: Մրցույթի տապալման կապակցությամբ առաջին քրեական գործը հարուցվել է «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով: Ավելի ուշ, ՀՀ-ում ORSIS-ը ներկայացնող փաստաբանը նշել է, որ ընկերությունը հանվել է «սև ցուցակից»:

Ինչպես «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է իրազեկ աղբյուրը, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է նոր քրեական գործ՝  ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցչի կողմից արժեքավոր նվերը յուրացնելու և նույն նախարարության պաշտոնատար անձի կողմից ՀՀ-ում ORSIS-ը ներկայացնող փաստաբանի գործունեությանը միջամտելու փաստի առիթով:

Գործակալության աղբյուրի տեղեկացմամբ, նոր քրեական գործ հարուցելու հիմքը Հատուկ քննչական ծառայության կողմից ստացված նյութերն էին, ըստ որոնց՝ Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում հարուցված առաջին քրեական գործի բացումից հետո, տապալված մրցույթի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներից մեկի օգնականը փորձել է համոզել ORSIS փաստաբանին՝ հրաժարվել իրավապահներին ներկայացրած բողոքից:

Բացի դրանից, 2019-ի սկզբին, որպես համագործակցության ամրապնդման նշան, ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը` ORSIS Arms-ը, ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրել է զենք, որը, սակայն, չի փոխանցվել ռազմական գերատեսչության հաշվեկշռին, այլ յուրացվել և գրանցվել է Պաշտպանության փոխնախարարի անունով, հաղորդել է աղբյուրը:

Հայաստանի Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «ՌԻԱ Նովոստի»-ին հաստատել է ORSIS-ի հայտարարության հիման վրա նոր գործ հարուցելու փաստը՝ առանց մանրամասները նշելու:

«Այժմ երկու գործերը միավորված են», – ավելացրել է Օհանջանյանը:

Թարգմանեց Ծովինար Մանուկյանը