Սա աննախադեպ պրակտիկա է ՀՀ քրեական դատավարության մեջ. Հրայր Թովմասյանի պաշտպան (տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է` հատուկ ծառայության քննիչները և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը: Այս մասին տեղեկացրել է Tert.am-ը։

«Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը, մասնավորապես, հնարավորություն չի տրվում պարոն Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին ամբողջ ծավալով դատարանի որոշմանը ծանոթանալ»,- ասաց նա և նշեց, որ իրենք  համապատասխան միջնորդություն են ներկայացրել:

«Սա աննախադեպ պրակտիկա է  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության մեջ, որ թույլ չի տրվում որոշումը կարդալ: Պատճառաբանություններ, որպես այդպիսին, չեն տրվում: Այն գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, որ գործով պարոն Թովմասյանը ներգրավված է որպես մեղադրյալ»,-ասաց նա:

Ամրամ Մակինյանը տեղեկացրեց, որ այս պահին Հրայր Թովմասյանն իր բնակարանում է և քննչական գործողությունը, որպես այդպիսին, չի սկսվել:

Ըստ հրապարակման՝ առաջին ատյանի դատարանը մերժել է միջնորդությունը, սակայն գլխավոր դատախազը բողոքարկել է, և Վերաքննիչ դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը բավարարել է այն։ Երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները։