Տանը նստած բոլորս սպասում ենք, որ վարչապետը մեր հարցերը կարգավորի (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Վեոլիա ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Գասպարյանը։ Նա խոսեց Հայաստանում ջրամատակարարման և ջրամաքրման աշխատանքներ իրականացնող ֆրանսիական ընկերության բացթողումներից, որոնց իրենք պարբերաբար անդրադառնում են։

Ըստ Դավիթ Գասպարյանի՝ բացթողումները, խնդիրները առկա են նաև մասնավոր ընկերության վերահսկողությունն իրականացնող պետական կառույցներում։ Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար կազմը փոփոխության ենթարկվեց, բայց կառույցի գործելաոճը ոչնչով չի տարբերվում նախկինից։

«Հանձնաժողովը շարժվում է նախկինի իներցիայով։ Հեղափոխությունը, որը մենք ուզում էինք տեսնել բոլոր ոլորտներում, ՀԾԿՀ-ում չեմ տեսնում գոնե կարգավորման մասով։ «Վեոլիա ջրում» ևս եղավ ղեկավար կազմի փոփոխություն, որը մենք դրական ենք գնահատում, բայց դրանից հետո սպասված արդյունք չենք արձանագրել։ Ավելին, մեզ հասնող ահազանգերից հասկանում ենք, որ համակարգն աստիճանաբար դուրս է մղվում կառավարելիության դաշտից»,- ասաց նախաձեռնության անդամը։

Նրա տեղեկացմամբ՝ իրենք մի շարք խախտումներ են արձանագրել ընկերության նախորդ տարվա գործունեության ընթացքում և կարողացել են որոշները կանխել, վերականգնել սպառողների ոտնահարված իրավունքները։ Օրինակ՝ նախկին և ներկա օպերատորների հասույթի սխալ, անգրագետ վերաբաշխման ու հաշվարկի հետևանքով 40 հազար բաժանորդ 4-5 հազար դրամ ֆինանսական պարտավորությունների տակ էր հայտնվել։ Նախաձեռնության անդամները այդ հարցով դիմել էին ՀԾԿՀ, որն իր հերթին նրանց գրառումն ուղղորդել էր խնդրահարույց ընկերություն։ Եվ միայն կառավարությանը մանրամասն վերլուծություն ներկայացնելուց հետո «Վեոլիա ջրի» պատասխանատուները վերանայեցին իրենց հաշվարկները և սպառողներին ազատեցին լրացուցիչ գումարներ վճարելու պարտավորությունից։

Փաստորեն պետական իրավասու կառույցը նախկին և ներկա ջրային օպերատորների միջև առկա ֆինանսական խնդիրը կարգավորելու փոխարեն դա թողել էր բաժանորդների ուսերին և քաոսային վիճակ ստեղծել, ֆիզիկական անձանց իրավունքների ոտնահարման համար նպաստավոր դաշտ ստեղծել։

Խախտումներ են արձանագրվել նաև ջրաչափերի ստուգաչափման գործընթացում։ Ըստ Դավիթ Գասպարյանի՝ ստուգաչափումներ չեն կատարվել, բայց բազմաթիվ խախտումներ են արձանագրվել բաժանորդների կողմից։

Ֆրանսիական ջրային օպերատորի կողմից մյուս անօրինականությունը փոխարինված ջրաչափերի՝ սահմանված չափորոշիչների հետ անհամապատասխանությունն է։

«Ներմուծված ջրաչափերն իրավունք չկար շուկայահանել Հայաստանի Հանրապետությունում, այդ ջրաչափերը «Վեոլիան» իրավունք չուներ տեղադրել մեր բնակարաններում։ Վարձակալության պայմանագրի համաձայն՝ դրանք համարվում են ջրային համակարգի մաս, և դրանով ընկերությունն էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը․ ոչ ընդունելի, ստանդարտին չհամապատասխանող  ոչ արժանահավատ ջրաչափերի տեղադրմամբ ընկերությունը հասույթ է հաշվառում քաղաքացիներից։ Բայց մի գեղեցիկ օր, երբ այն գնա, մենք ունենալու ենք ջրային համակարգ, որի չափիչ սարքը չի համապատասխանելու ստանդարտներին»,- ասաց Դավիթ Գասպարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում