«Զգուշացնում եմ վերջին անգամ»․ Փաշինյանի կոշտ հայտարարությունը

Կառավարության այսօրվա նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց գազալցակայաններում գազի թանկացման թեմայի քննարկումով։

«Երեկվանից սոցիալական ցանցերը հեղեղված են տեղեկատվությամբ, ըստ որի, ավտոգազալցման կայաններում գազի թանկացում է տեղի ունեցել,- ասաց Նիկոլ Փաշինյանը։- Հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին, որպեսզի տեղեկատվություն տա՝ ինչ է կատարվում»:

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանն ասաց, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել։

«Ամսական, միջին հաշվարկներով, գազի խտությունը վերջին տարիներին եղել է 7.1, բայց վերջին օրերին «ՀայՌուսգազարդից» գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է, հետևաբար տնտեսվարողները ծրագրային փոփոխություններ պետք է անեին, չեն արել, դրա համար սպառողները ստիպված են եղել ավել գումար վճարել,- ասաց Արմեն Կոտոլյանը։- Մենք բոլոր տնտեսվարողներին արդեն տեղեկացրել ենք՝ անպայման փոփոխություն կատարել»:

«Հնարավո՞ր է՝ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են պրովոկատիվ գործողություններով, իրենց խելքով, որոշակի դժգոհություն հարուցել»,- ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանին հարց ուղղեց վարչապետը։

«Տեսականորեն հնարավոր է»,- արձագանքեց ՊԵԿ-ի նախագահը:

Վարչապետը շատ կոշտ տոնով հայտարարեց․ «Եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: Զգուշացնում եմ վերջին անգամ. մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան: Որևէ մեկը չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու»: