Մեղրիի զորամասում կատարված կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ

Մարտի 23-ին ՀՀ ՊՆ Սյունիքի զորամասերից մեկում տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ դատախազությունում հարուցվել է երկու քրեական գործ։ Այս մասին, «Փաստինֆո»-ի տեղեկացմամբ, հաղորդել է ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ առաջին գործը հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Առաջինը մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց զինծառայողի հրաժարվելն է, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը։

Հիշեցնենք, որ օրերս Մեղրիի զորամասերից մեկում զինծառայողներն, ի նշան բողոքի, ինքնակամ լքել էին զորամասը:

Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության։