ԱՄՆ-ը պետք է իմանա. «կանխիչ միջուկային հարված» հասցնելու դեպքում ինքը «կսատկի դժոխքում»

Արևմտյան ԶԼՄ-ները մարտի 15-ին տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի միավորված կոմիտեի ներկայացուցիչ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդն ամերիկյան Սենատում լսումների ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը չպետք է հրաժարվի կանխիչ միջուկային հարված հասցնելու քաղաքականությունից։

Հասկանալի է, որ հաշվի առնելով Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Պատրիկ Շենահենի «պատգամը», գեներալ Դենֆորդը նկատի ունի կանխիչ միջուկային հարվածները Չինաստանին և Ռուսաստանին, իհարկե, երբ ԱՄՆ-ի ղեկավարը դա անհրաժեշտ համարի։ Դենֆորդի խոսքերով, ԱՄՆ-ի գործող քաղաքականությունը, որը թույլ է տալիս  առաջինը հարվածել միջուկային զենքով, հակառակորդների համար բարդացնում է գրոհելու վերաբերյալ որոշումների ընդունումը, ուստի և նա խորհուրդ չի տալիս որևէ փոփոխություն մտցնել այդ հարցում։

«Կարող եմ նաև պատկերացնել մի ամբողջ շարք հանգամանքներ, որոնց դեպքում մենք չէինք ցանկանա նախագահի համար բացառել այդ տարբերակը հետագայում»,-հայտարարել է Դենֆորդը, որի ելույթը հրապարակվել է ԱՄՆ Սենատի կայքում։

Դենֆորդի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի պետական իշխանության բարձրագույն ոլորտներում այլևս չնչին վստահություն չկա, թե Միացյալ Նահանգները, ինչպես նախկին տարիներին սիրում էին պնդել ամերիկացիները, «աշխարհի միակ գերտերությունն է»։ Հիշեցնեմ, որ 2019թ. հունվարի վերջին ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատ օրենսդիրների կողմից ներկայացվեց օրինագիծ, որն արգելում է Վաշինգտոնին առաջինը հասցնել միջուկային հարված։ Նշեմ նաև, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական հակառակորդները բազմիցս հայտարարել են, որ վտանգավոր է նրան վստահել «միջուկային կոճակը»։ Այսինքն՝ «ուժային տարբերակի» կողմնակիցների սաստկացող սպառնալից հայտարարությունների հետ միաժամանակ, ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, արթնացել են նաև սթափ, պատասխանատու և ողջամիտ ուժեր, որոնք հասկանում են, որ ԱՄՆ-ի «կանխիչ միջուկային հարվածին» անխուսափելիորեն կհաջորդի ոչ պակաս հզոր և իր հետևանքներով զարհուրելի պատասխանը։ Եվ արդեն կարևոր չի լինի, թե ով «կպատասխանի»՝ Չինաստանը, թե Ռուսաստանը, կամ էլ Եվրասիայի երկու տերությունները միասին ու միաժամանակ…

Նույն օրը՝ մարտի 15-ին, գեներալ Դենֆորդին պատասխանել է ռուսաստանյան հանրահայտ, հեղինակավոր փորձագետ, Գ. Վ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի քաղաքագիտության ու սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Պերենջիևը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցում նա ընդգծել է, որ այն պայմաններում, երբ ԱՄՆ-ը նպատակաուղղված փլուզում է միջազգային միջուկային անվտանգության գոյություն ունեցող համակարգը, պաշտոնական Վաշինգտոնը կարող է տրամադրված լինել հենց առաջինը հասցնելու միջուկային հարված։ Չէ՞ որ այլ տարբերակը, այսինքն՝ միջուկային զենքով առաջինը հարվածելուց ԱՄՆ-ի հրաժարումը, պարզապես անտրամաբանական կթվար։

«Սակայն, փլուզելով միջազգային անվտանգության բուն համակարգը, պաշտոնական Վաշինգտոնն, ըստ էության, լուրջ վնաս է հասցնում նաև սեփական ազգային անվտանգությանը,- ընդգծել է ռուս փորձագետը։- Եվ միջուկային զենքով առաջինը հարվածելու որոշումը ոչ մի կերպ չի բարելավում նրա վիճակը»։

Պերենջիևը հիշեցրել է, որ բուն ԱՄՆ-ում 2018թ․ արդեն ընդունել են, որ առաջինը միջուկային հարված հասցնելը կնպաստի հակառակորդի ոչնչացմանը։ Բայց վերջնական արդյունքում այդ հարվածի հետևանքները կործանարար ռադիացիայի տեսքով կվերադառնան հենց ԱՄՆ։ Ընդ որում, կվերադառնան շատ ավելի մեծ չափով։

«Չէ՞ որ ամերիկացիները ստիպված կլինեն կրել ոչ միայն հակառակորդին հասցրած սեփական հարվածի, այլև նույն այդ հակառակորդի երաշխավորված պատասխան հարվածի հետևանքները,- ասել է Պերենջիևը։- Հասկանալի է, որ խոսքն, առաջին հերթին, Ռուսաստանի մասին է»։

Ի դեպ, ԱՄՆ-ի համար կործանարար միջուկային պատասխան հարվածի է պատրաստ նաև Չինաստանը։ Մանավանդ որ, 2018թ. տարեվերջին ԱՄՆ-ի Հաշվիչ պալատի զեկույցում կային այսպիսի տողեր. «Ռուսաստանի և Չինաստանի հիպերձայնային զենքը կարող է հաղթահարել ԱՄՆ-ի ՀՀՊ-ի գործնականում ցանկացած համակարգ։ Ոչ մի հակամիջոց գոյություն չունի»։ Ավելին․ ԱՄՆ-ի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության և Հյուսիսային Ամերիկայի օդային-տիեզերական պաշտպանության հրամանատարության ղեկավար, գեներալ Թերենս Օ’Շոնեսին խոստովանել է, որ պատերազմի դեպքում ԱՄՆ-ի տարածքն անպաշտպան կգտնվի ռուսական և չինական զենքի առջև։

ԱՄՆ-ի քաղաքական գործիչներն ու զինվորականներն, այնուամենայնիվ, ավելի շատ վախենում են Ռուսաստանից։ Հիշեցնեմ նաև, որ ամերիկյան պաշտոնաթող գեներալ-մայոր Հովարդ Թոմփսոնն ուսումնասիրելով ռուսաստանյան նորագույն սպառազինության վերաբերյալ Միթչելի օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի զեկույցը, հունվարին ամերիկյան «The Hill» թերթում գրել է.

«Ցավոք, հիպերձայնային զենքի մշակման և փորձարկումների ոլորտում ռուսաստանյան հետազոտությունները մեծապես առաջ են անցել ԱՄՆ-ից։ Ձայնի արագությունը բազմապատիկ գերազանցող մարտագլխիկներն  ունեն չորրորդ չափման էֆեկտ և համահարթում են հակաօդային պաշտպանության գոյություն ունեցող միջոցները։ Ռուսաստանյան հիպերձայնային սահաթռչող համալիրը, որը հայտնի է «Ավանգարդ» անվանումով, հաջող փորձնական թռիչք անցավ դեկտեմբերին։ Սահաթռչող բլոկն իբրև հասել է ձայնի արագությունը 27 անգամ գերազանցող արագության։ Ռուսները պնդում են նաև, որ այդ համակարգն այժմ դրված է արտադրության և պատրաստ է թողարկման։ Դաժան իրականությունն այն է, որ հակահրթիռային պաշտպանության մեր ներկայիս համակարգերը, ինչպես նաև մեր օպերատիվ մտածողությունը պարզապես անկարող են դիմակայել այդ սպառնալիքին»։

Զուր չէ, որ ԱՄՆ-ը և Անգլիան ՄԱԿ-ից պահանջեցին «միջամտել» և «արգելել հիպերձայնային զենքը», գերազանց հասկանալով, որ ԱՄՆ-ն այդ սպառազինության մշակման գործում հետ է մնացել Ռուսաստանից ու Չինաստանից։ Չինաստանը նույնպես ստեղծել է DF-ZF աշխատունակ հիպերձայնային բլոկը, որով համալրվում են բալիստիկ հրթիռները։ Ռուսական «Ցիրկոնի» հաջող փորձարկումից անմիջապես հետո հիպերձայնային հրթիռների արգելման վերաբերյալ նախաձեռնություն ցուցաբերվեց «ներքևից», այսինքն՝ ԱՄՆ-ի արբանյակներից, ինչպիսիք են ամեն տեսակի կանադաները կամ լեհաստանները։ ՄԱԿ-ի ամերիկամետ ու խամաճիկային գլխավոր քարտուղարը՝ պորտուգալացի Անտոնիու Գուտերեշը, արդեն կատարել է իր տերերի «պատվերը». հանդես է եկել հիպերձայնային զենքի կիրառումից հրաժարվելու և արդեն գոյություն ունեցողը ոչնչացնելու պահանջով։ Գուտերեշը դատապարտող ոչ մի բառ ԱՄՆ-ի հասցեին դեռ չի հնչեցրել, իսկ այստեղ՝ իսկը վերջնագիր։ Ինձ մնում է միայն հիշեցնել ԱՄՆ-ի քաղաքացիներին ու Գուտերեշին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը. եթե միջուկային պատերազմ լինի, ապա մենք կզոհվենք նահատակների պես, իսկ նրանք «կսատկեն դժոխքում»։

 

Սերգեյ Շաքարյանց