Փաշինյանը պատրաստվում է մեկնել Իսրայել…

Հայաստանը նոր իշխանություններից ստացավ ևս մեկ ազդակ, որը մտորելու և կասկածելու ցանկություն է ծնում։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը, որը վերջերս Իսրայել էր այցելել հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակության հետ, օրերս հայտարարեց իսրայելական «The Jerusalem Post» պարբերականին, որ Հայաստանը քննարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը, որպեսզի երկու երկրների միջև հարաբերությունները դուրս բերի «նոր, ավելի բարձր մակարդակ»։ Սկզբում, սակայն, խոսենք այն մասին, թե ինչ է ասել ՀՀ ԱԳ փոխնախարարը իսրայելական թերևս հիմնական անգլալեզու թերթին։

Գ. Հովհաննիսյանն ընդգծել է, որ հայկական կողմը չի ցանկանում, որ Իսրայելը զենք վաճառի Ադրբեջանին, բայց նշել է, որ Երևանն այդ հարցը չի դիտարկում որպես նախապայման՝ հրեական պետության հետ հարաբերությունները բարելավելու համար (միանգամից ասեմ՝ և շատ իզուր…)։ Այնուհետ նա չի շարունակել «բացել խաղաքարտերը»։ Սակայն եթե մենք մտածենք, թե Իսրայելի հետ հարաբերությունների այդչափ կտրուկ բարելավումը Հայաստանին պետք է իբր միայն այն պատճառով, որ Թել Ավիվը Ադրբեջանին զենքով ապահովող առաջին (վաճառած զենքի ծավալով) մատակարարն է, ապա դա, ըստ երևույթին սխալ կլինի։ Վերջին մի քանի տարիներին Ադրբեջանն Իսրայելից գնել է մոտ 5 մլրդ դոլարի զենք, իսկ ըստ այլ տվյալների, ավելի քան 6 միլիարդի։ Վերջերս հաղորդվեց նոր գործարքի մասին, համաձայն որի, առաջիկա 2 տարում Իսրայելն Ադրբեջանին կմատակարարի 13 մլն դոլարի «Orbiter 1K» անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք, որ նույնպես վերջերս, անդրադառնալով տվյալ ռազմական համագործակցությանը, Իսրայելում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ ք. Երևան) Արմեն Սմբատյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե հայկական կողմը պետք է ոչ թե նախապայմաններ առաջադրի, այլ լավ հարաբերություններ հաստատի Իսրայելի հետ և փորձի հետ պահել նրան Ադրբեջանի հետ չափազանց սերտ ռազմատեխնիկական համագործակցությունից։ «Մե՛նք պետք է կարողանանք էնպես անենք, որպեսզի մենք էլ կարողանանք ունենանք այդ զենքերը,- ասաց դեսպանը։- Պետք է մե՛նք ուժեղանանք: Ուրիշ բան, որ մենք այնքան մոտ լինենք մեր կոլեգաների հետ, մեր հրեա ընկերների հետ, որ ինչ-որ ձևով կարողանանք զսպել: Դա արդեն ցույց կտա ժամանակը»։

Սմբատյանի խոսքերով, Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Գ. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը Երուսաղեմում, բացի ամենայնից, քննարկել է կազմակերպչական հարցեր՝ կապված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Իսրայել կատարելիք այցի հետ։

Գուշակություններ չենք անի, թե ինչ հարցերով է պատրաստվում այնտեղ մեկնել վարչապետը, բայց նշենք, որ դժվար թե հաջողվի ինչ-որ բան ներշնչել Իսրայելին կամ ինչ-որ բանում համոզել։ Պարզապես պետք է հիշել, որ 1915-23թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը Իսրայելը 1991 թվականից հետո վերածեց մանրադրամի՝ թուրք-իսրայելական փոխհարաբերություններում։ Սակայն նույնիսկ Անկարայի հետ իր հարաբերությունների սրման բարձրակետում Իսրայելը ոչ մի անգամ չի հաստատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն իր խորհրդարանի օրակարգում… Այլ կերպ ասած, իսրայելցիների համար թուրքը շատ ավելի լավ ու մտերիմ ընկեր է, քան հայը։ Ուրեմն ի՞նչ է այնտեղ մտադիր քննարկել Փաշինյանը Մնացականյանի հետ միասին։ Արցախի հարցում Իսրայելը բացարձակ ադրբեջանամետ դիրքորոշում ունի դեռ 1992 թվականից, երբ Իսրայելի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները (ընդ որում, ադրբեջանական հարձակումից 1-2 ամիս առաջ) եղան բախման գոտու մի քանի շրջաններում, ձևանալով «գյուղատնտեսական ընկերությունների ներկայացուցիչներ»։ Իսկ Արցախի հայերի դեմ 2016թ. ապրիլի ռազմական լայնածավալ գործողություններին Իսրայելի մասնակցությունը Թել Ավիվն ինքն է խոստովանել…

Բոլորովին վերջերս տեղի ունեցավ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական այցն Իրան, որտեղ նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով։ Հայաստանի վարչապետն ընդունելության արժանացավ Իսլամական Հանրապետության Գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ Սեյեդ Ալի Հոսսեյնի Խամենեիի մոտ։ Ինչպես հայտնի է, Թեհրանն ավանդաբար նախանձախնդրությամբ է վերաբերվում իր հարևանների քաղաքական ու ռազմական շփումներին Իսրայելի հետ, որի հետ Իրանը դիվանագիտական շփումներ չունի, փոխհարաբերությունները թշնամական են, իսկ դրանց պատմությունը 1979թ․ Իսլամական հեղափոխությունից հետո ծայրաստիճան բարդ։ Իրանը դեռ ինչ-որ կերպ կարող է «հասկանալ ու ներել» Ադրբեջանին՝ հրեական պետության հետ նրա բավական սերտ համագործակցության համար, ներառյալ ռազմատեխնիկական ոլորտում։ Հենց թեկուզ այն փաստի հաշվառմամբ, որ իրենց ներքին պահանջմունքների համար ողջ նավթի մոտ 40%-ը իսրայելցիները գնում են Բաքվից։ Կամ՝ հաշվի առնելով բուն Իրանի շահագրգռվածությունը հարթ հարաբերություններ ունենալու մերձկասպյան այդ երկրի հետ, որը բազմաթիվ առումներով կամուրջ է դարձել դեպի Ռուսաստան իր մի շարք տարանցիկ նախագծերի իրականացման համար։ Վերջապես, Ադրբեջանն առայժմ մոտ 90 տոկոսով շիայական հանրապետություն է, իսկ Իրանում միշտ հաշվի են առնում կրոնական ընդհանրությունը։

Սակայն, Երևանի և Թել Ավիվի մտերմացման չափազանց առույգ տեմպը, որ կարող են ցուցաբերել հայկական նոր իշխանությունները, դժվար թե հանդուրժողաբար ընկալվի Հայաստանի հարավային ամենակարևոր գործընկերոջ կողմից։ Իսրայելին ընդառաջ կատարած «Նոր Հայաստանի» քայլերը Թեհրանում կարող էին հասկացվել, օրինակ, այն դեպքում, եթե հրեական պետության ղեկավարությունը ճանաչեր Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը։ Բայց նման բան չկա ու, դատելով ամենից, չի էլ սպասվում։ Փաշինյանի Իսրայել կատարելիք այցից հետո, հաշվի առնելով նաև, որ դեռ նոր է տրվել հայ-իրանական հարաբերությունների վերամեկնարկի խոստումը, Հայաստանը դժվար թե իրավունք ունենա ակնկալել, թե Իրանը կձգտի օպերատիվ կերպով արձագանքել պաշտոնական Երևանի հայտերին՝ լինեն դրանք Հայաստան մղվող գազի ծավալներն ավելացնելու վերաբերյալ թե Իրանին դեպի Վրաստան գազի մատակարարման «տարանցիկ ծառայություններ» մատուցելու առաջարկի։ Մնացյալ հարցերի առումով առայժմ նույնիսկ ցանկություն չկա ինչ-որ բան ենթադրել ու հաշվարկել։ Նույնիսկ Փաշինյանի իսրայելյան այցի պարագայում էլ կարելի է չկասկածել, որ Թել Ավիվի համար հրեական համայնքների հետ սերտորեն կապված ադրբեջանական էլիտան մնում է շատ ավելի կարևոր գործընկեր, քան ողջ հայ ազգը։

 

Սերգեյ Շաքարյանց