Այսօր Մարտի 8-ն է, շատերին երջանկություն մաղթեցինք, իսկ ո՞րն է ճշմարիտ երջանկությունը

Այսօր Մարտի 8-ն է, և հայ տղամարդիկ շնորհավորելով իրենց սիրելի մայրերին, կանանց, քույրերին ու դստրերին, ողջ օրվա ընթացքում մաղթել ու դեռ շարունակում են մաղթել երջանկություն: Իսկ ի՞նչ է երջանկությունը… Տարբեր մարդիկ այս հարցին, բնականաբար, տարբեր կերպ կպատասխանեն, բայց ծանոթանանք նաև Զաքար դպիր Սահակյանի տեսակետին՝ հրապարակված qahana.am-ում:

«Մարդիկ ապրում են երջանկության փնտրտուքով: Երջանկությունը տարբեր անձանց համար տարբեր է: Սի մասը գտնում է. որ այն հարուստ լինելն է. մյուս մասը երջանկության հասնելու համար ձգտում է իշխանության, սակայն դրա փոխարեն հանդիպում է թշնամիների, սուտ բարեկամների որոգայթների: Իսկ ո՞րն է իրական երջանկությունը:

Երջանկությունը մտքի ու ցանկությունների հանդարտությունն է, որն իմաստության ու առաքինության մեջ է: Ուստի, յուրաքանչյուր մարդ պիտի փնտրի ու ձեռք բերի իմաստություն ու առաքինություն, որոնցով կկարողանա գտնել բնական երջանկությունն այս աշխարհում և գերբնականը՝ հավիտենական կյանքում: Մարդը մանուկ հասակից սկսում է փնտրել իսկական երջանկությունը: Սկզբում մանուկները բնականից երջանիկ են, եթե կուշտ են, ունեն խաղալիք, անհոգ են: Սակայն, երջանկության այս տարրական պայմանները մանկան համար նույնը չեն մնում, այլ նրա հետ մեծանում և փոխվում են: Ժամանակի հետ սկսվում է նորանոր պահանջներ առաջ գալ, որոնց չբավարարման դեպքում մարդն իրեն դժբախտ է զգում:

Այսօր մեր պահանջները ոչ միայն բազմապատկված են, այլև դրանց մեծագույն մասը կամ այլասերված և կամ արհեստական է:

Աներկբայելի է, որ քչով բավարարվող մարդիկ ավելի հավանականություն ունեն երջանիկ ապրելու, քան բազմապահանջ զանգվածները:

Հեռանալով Արարչից՝ մարդու էությունն այլասերվեց կռապաշտական, բնապաշտական ու հեթանոսական այլ կրոններով, և վերջապես կյանքը լցվեց անհագուրդ ու անվերջանալի պահանջներով:

Խաթարվեց մարդու կյանքի բնականոն ընթացքը: Մարդը դրանց պատճառով հեռացավ երջանկությունից և վերածվեց եսակենտրոն մեքենայի: Հեռանալով ճշմարիտ հավատքից և առաքինի վարքից՝ մարդը դարձավ ապերջանիկ, հոգով կույր և դադարեց տեսնել աստվածային լույսը:

Հիմա մարդկությունը գտնվում է այնպիսի մի իրավիճակում, ուր այլևս գրեթե անհնար է վերադառնալ բնատուր երջանկությանը, բայց և այնպես դեռ չի կորցրել ձգտումը, հույսը, հավատը:

Տեղին է հիշել սուրբ հայրերից մեկի խրատը. «Ոչ ոք չի կարող Աստծո կամքը կատարել հավիտենական կյանքը ժառանգելու համար, եթե Աստծուց չխնդրի և չտրվի այն».- ըստ այնմ. «Խնդրեցեք, և կտրվի ձեզ» (Մատթ. 7.7): Հետևելով պատգամին՝ խնդրենք Աստծուն, որպեսզի այն մեզ տրվի, չէ՞ որ Աստված մարդկանց խոստացավ, և այդ խոստումն իրականացավ Աստծո Որդու մարմնացումով և հնարավորություն տվեց, որ ադամորդին կարողանա իրեն ազատագրել մեղքի ճիրաններից՝ վերագտնելու համար իր կորուսյալ երջանկությունը, քանզի ճշմարիտ երջանկությունն Աստծո հետ ապրելու մեջ է»: