Կոմպլեմենտար քաղաքականությունը միայն աննշան ու հաշվարկված շեղումներ է ենթադրում միջին գծից

Խորհրդային Միության ու համայնավարական ճամբարի փլուզումից հետո անվտանգության ապահովման ու տնտեսության զարգացման նպատակով ներդրողների որոնման ճանապարհին նորաստեղծ պետությունների գերակշիռ մեծամասնությունն իր հայացքը, բնականաբար, ուղղեց միակ պահպանված աշխարհաքաղաքական բևեռի կողմը: Սակայն, տարիներ անց չստանալով ակնկալվող քաղաքական-տնտեսական ներդրումների ցանկալի ծավալները, որոշ երկրներ փոխեփոխ կորուստների ու ձեռքբերումների գնով փորձեր կատարեցին հրաժարվելու միավեկտոր արտաքին քաղաքականությունից և փոքր-ինչ դիվերսիֆիկացնելու այն, այսինքն՝ դիմեցին արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմին:

Կոմպլեմենտար քաղաքականությունն արժանահավատ ընկալվելու և տվյալ երկրի համար արդյունավետ լինելու համար ենթադրում է կտրուկ բնույթի որոշումների, քայլերի ու նույնիսկ առանձին հայտարարությունների բացառում, փոխարենը՝ աննախադեպ ճկունություն ու առնվազն միջնաժամկետ հաշվարկ: Ասել է, թե երկրի արտաքին կողմնորոշման նախապատվությունները կոմպլեմենտար քաղաքականության համատեքստում չպետք է մեծ ամպլիտուդի շեղումներ թույլ տան, այն էլ՝ կարճաժամկետ հեռանկարում: Հակառակ դեպքում այն վերածվում է անլրջության ու տեղիք տալիս խուճապի, իսկ նման երկիրը հաշվարկողից դառնում է հաշվարկվող ու ստանում «աշխարհաքաղաքական խաղալիքի» կարգավիճակ: Մյուս կողմից լիովին սպասելի է, որ երևութական կոմպլեմենտար քաղաքականությունն անպայմանորեն մերկացնելու է իր անարդյունավետությունը հատկապես միջազգային իրավիճակի սրման պայմաններում, ինչը և տեղի է ունենում ներկայումս:

Ասվածը հակիրճ ձևով փորձենք ներկայացնել արդեն այս տարվա ընդամենը երկու ամսվա իրադարձությունների օրինակներով:

Վրաստան․ նախորդ տարին Վրաստանն ամփոփեց երկրի նոր նախագահի ընտրությամբ՝ հանձինս Սալոմե Զուրաբիշվիլու, որը ենթադրաբար մարմնավորելու էր երկրի անցումը կոմպլեմենտար քաղաքականությանը (եթե հաշվի առնենք նրա քաղաքական ծագումնաբանությունն ու իր թեկնածության սատարումը ռուսաստանամետ քաղաքական որոշ շրջանակների կողմից): Նկատենք, որ վերջին առնվազն 15 տարվա ընթացքում Վրաստանն անվերապահորեն «տրվել էր» Արևմուտքին, և այդ ժամանակահատվածի իրադարձությունները կարծես թե անհնարին են դարձրել արտաքին քաղաքական կոմպլեմենտարիզմի գործիքակազմին դիմելու և, առավել ևս, այդ ուղղությամբ հաջողություններ արձանագրելու հավանականությունը: Այնուամենայնիվ, նորընտիր նախագահը Եվրոատլանտյան դաշինքին ու ԵՄ-ին անդամակցելու ցանկության շարունակական հավաստիացումներ տալու հետ մեկտեղ, արդեն փորձեր է ձեռնարկում երկրի գազամատակարարման որոշ ծավալներ ստանալու Ռուսաստանից, ինչպես նաև դիվերսիֆիկացնելու դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման լոգիստիկան՝ չմոռանալով, իհարկե, արդեն տասնամյակներ կրկնվող գազի ու նավթի վրացական հսկայական պաշարների ունեցող հանքավայրերի առկայության մասին միֆը: Թեև, նկատենք, որ այս խնդրում, անշուշտ, որոշակի նշանակություն ունի նաև Վրաստանը թուրք-ադրբեջանական «տնտեսական թակարդից» դուրս բերելու մտադրությունը (ներկայումս Վրաստանը 100 %-ով սպառում է ադրբեջանական գազը):

Բուլղարիա․ գրեթե նույն ժամանակահատվածում ու նմանատիպ «կոմպլեմենտարիզմ» են փորձում ցուցաբերել բուլղարական իշխանությունները: Ընդ որում, ներգրավվելով արդեն ավանդական դարձած հակառուսական քարոզչական թեմաների մեջ («սկրիպալների թունավորում», «ռուսական միջամտության հավանականություն իրենց ներպետական ու եվրոխորհրդարանական ընտրություններին»), բուլղարական կողմը չի դադարում պնդել իր ցանկությունները Ռուսաստանից հարավային ուղղությամբ դեպի Եվրոպա կառուցվող գազամուղներին տարբեր ձևաչափերով ու մասշտաբներով միանալու առումով: Վրաստանի հետ որոշակի զուգահեռներ կարելի է անցկացնել նաև նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական հայտարարությունների առումով: Այսպես, 2017 թ. սկզբում Բուլղարիայի նախագահ ընտրված գեներալ Ռ. Ռադևը, որը երկրի որոշ քաղաքական-հասարակական շրջանակների կողմից ընկալվում էր որպես ռուսաստանամետ գործիչ, ընտրություններից հետո անմիջապես հայտարարել էր․ «Ես ՆԱՏՕ-ի գեներալ եմ, ես առաջին բուլղարացին եմ, որն ավարտել է ԱՄՆ-ի ռազմաօդային ակադեմիան, և ես ավելի ակտիվ միջոցներով եմ պաշտպանելու մեր եվրոատլանտյան անդամակցությունը»։ Դրանից անմիջապես հետո նա հույսեր հայտնեց Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վերահաստատման շուրջ երկխոսությունների նախաձեռնման վերաբերյալ, ավելի ուշ տատանվող վճռականությամբ դա համեմելով ռուսական գազամուղներին միանալու թեմայով: Այս խաղին Ռուսաստանն այն ժամանակ չհավատաց ու շարունակեց այն, ինչն արդեն նախանշվել էր:

Ժամանակն ու հնարավորություններն անդարձելի կորսված չե՞ն, և կոմպլեմենտար քաղաքականության հասցեատերերն արդյոք կհամաձայնվե՞ն այժմ ներգրավվել առաջարկված խաղի մեջ վրացական, բուլղարական կամ այլ օրակարգերով:

 

Լևոն Անդրիասյան