Ստեփանակերտում բացվել է գերժամանակակից բուժսարքավորումներով հագեցած «Վիտա Մեդ» բժշկական կենտրոնը (լուսանկարներ)

Ստեփանակերտում գործում է «Վիտա Մեդ» բժշկական նոր կենտրոն, որը հագեցած է գերժամանակակից բուժսարքավորումներով:

«Արցախպրես» լրատվական կայքի թղթակցի հետ զրույցում կենտրոնի գործադիր տնօրեն Վարդան Մանուկյանը նշել է, որ կենտրոնի գործունեությունն իր դրական ազդեցությունը կունենա Արցախի բուժօգնության որակի բարելավման գործում, քանի որ կլինիկայում իրականացվում են այնպիսի հետազոտություններ, որոնք մինչ այժմ չեն իրականացվել ԱՀ բժշկական հիմնարկներում:

Վ. Մանուկյանի խոսքով, կենտրոնում աշխատում են հետևյալ մասնագետները՝ էնդոկրինոլոգ, օրթոպեդ, գինեկոլոգ, ընդհանուր թերապևտ, սրտաբան, մանկաբույժ, ովքեր իրականացնում են համապատասխան հետազոտություններ և խորհրդատվություններ:

«Կենտրոնում կա ուլտրաձայնային հետազոտության սարք, որի միջոցով իրականացվում են մարդու բոլոր օրգան-համակարգերի՝ կրծքագեղձի, վահանաձև գեղձի, մանր և խոշոր հոդերի, սրտի և պտղի մանրակրկիտ հետազոտություններ,- նշել է գործադիր տնօրենը:- Հյուսվածքային դոպլերոգրաֆիայի մեթոդով կատարվում է նաև սրտի ուլտրաձայնային հետազոտություն, իսկ «Տրեդմիլ թեստ» սարքավորումով (վազքուղի) ստուգվում է սրտի անոթների նեղացման աստիճանը՝ հետագա բուժման տակտիկան ընտրելու համար:

Բժշկական կենտրոնում Էլեկտրասրտագրության հետազոտությունն իրականացվում է միջազգային ճանաչում ունեցող «BIOLIGHT» Էլեկտրասրտագրի միջոցով, որը հնարավորություն է տալիս իրականացնել էլեկտրասրտագրություն՝ սկսած նորածնային տարիքից: Իրականացնում ենք նաև «Պտղի Դոպլեր» հետազոտություն, այդ հետազոտությունը հնարավորություն է տալիս գնահատել պտղի սրտի արյան, պորտալարի անոթների, արգանդի և ընկերքի միջև արյան շրջանառությունները, ինչպես նաև վաղ ժամկետներում հայտնաբերել պտղի հիպօքսիան (թթվածնային անբավարարությունը) և արյան շրջանառության հետ կապված այլ խնդիրներ: Մենք ունենք նաև սպիրոմետր սարքավորում, որով չափվում է թոքերի կենսական տարողությունը: Կենտրոնի լաբորատորիայում իրականացվում են շուրջ 200 տեսակի անալիզներ»։

Կենտրոնում աշխատում են փորձառու երիտասարդ բժիշկ-մասնագետներ, ովքեր պարբերաբար վերապատրաստումներ են անցնում:

Խոսելով կենտրոնում իրականացվող հետազոտությունների գներից, «Արցախպրես»-ի զրուցակիցն ասել է, որ, ՀՀ-ում գործող բուժհաստատությունների համեմատ, իրենց գնացուցակը բավականին մատչելի է քաղաքացիների համար:

Վ. Մանուկյանը նաև ասել է, որ երկու շաբաթվա ընթացքում կենտրոն է դիմել 192 քաղաքացի, որից 139-ը սրտաբանական և ուլտրաձայնային հետազոտությունների, իսկ 53-ը՝ լաբորատոր զննման համար: