Ռուսաստանը ներսից կործանելը նախապատրաստվում է այստեղ՝ Հայաստանում (տեսանյութեր)

Իսկ ո՞ւր է նայում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը

Փետրվարի 12-ին ռուսաստանցի հայտնի լրագրող, հրապարակախոս, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ընթացքում «Ռաշա Թուդեյ» («Russia Today», RT) հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, սենսացիոն բացահայտում կատարեց․․․

«Ռաշա Թուդեյ»-ի լրագրողական հետաքննությամբ պարզվել է, որ այստեղ՝ Հայաստանում, արևմտյան և հայաստանյան «հեղաշրջման գուրուները» Ռուսաստանից և ՀԱՊԿ անդամ այլ պետություններից ժամանած շուրջ 150 երիտասարդների ԱՄՆ-ի Կոնգրեսի ֆինանսավորմամբ սովորեցնում, վարժեցնում են, թե ինչպես պետք է ստի, կեղծիքի և այլ հնարքների միջոցով հեղաշրջում կազմակերպեն և իրականացնեն իրենց երկրներում։

Կստացվի՞ դա «թավշյա» տեխնոլոգիայով՝ լավ, չի ստացվի, ԱՄՆ-ը, Արևմուտքը միշտ էլ ունեն «պլան Բ» ասվածը․․․

Անշուշտ, միամտություն կլինի կարծել, թե «Ռաշա Թուդեյ»-ի բացահայտումը մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի, ինչպես նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ այլ պետությունների (Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) նկատմամբ մեր իսկ երկրում նյութվող դավի ամբողջական պատկերն է ներկայացնում։

Հասկանալի է, որ շուրջ 150 երիտասարդով, որքան էլ նրանք արհեստավարժ մասնագետների կողմից ուսուցանվեն, զինվեն հեղաշրջման հնարքներով, տեխնոլոգիաներով ու պատրաստվեն որպես «հեղափոխության ուսուցիչներ»՝ իրենց երկրներում այլ ջահելների խելքից հանելու համար, Ռուսաստանի պես հսկայական և անվտանգության հզոր ծառայություն ունեցող երկրում (վերոնշյալ մյուս պետություններին դեռ չհաշված) հնարավոր չէ հեղաշրջում իրականացնել։ Հետևաբար միանգամայն ենթադրելի է, որ «Ռաշա Թուդեյ»-ի կատարած բացահայտումն «հեղափոխականների» ընդամենը մի խմբակի բացահայտումն է, այսինքն՝ այստեղ արևմտյան և հայ խորհրդատուների կողմից մշակվող ռուսաստանցի և այլ երիտասարդների թվաքանակն անհամեմատ մեծ է, իսկ նրանց հետ կատարվող աշխատանքը, ՀՀ ԱԱԾ-ի անտեղյակության կամ թողտվության պայմաններում, բացառված չէ, սկսվել է նույնիսկ «թավշյա հեղափոխությունից» առաջ։ Եվ բնավ չենք զարմանա, եթե վաղը կամ մյուս օրը հանկարծ պարզվի, որ Հայաստանում այդ շուրջ 150 հոգուց բաղկացած խմբից առաջ և (կամ) նրան զուգահեռ պատրաստվել ու պատրաստվում են նաև այլ խմբեր՝ Սորոսի կամ արևմտյան այլ հիմնադրամների, պետությունների ֆինանսավորմամբ։

Պատահական չէ և միանգամայն հասկանալի է, թե ինչու է վերոնշյալ աշխատանքը կատարվում է հենց երիտասարդների հետ։ Բոլորն էլ հիշում են, թե Հայաստանում «թավշյա հեղափոխությունը» հիմնականում ում միջոցով իրականացավ։ Երիտասարդների աշխարհայացքը հիմնականում դեռ ձևավորված չի լինում, գիտակցությունը, հատկապես քաղաքական, աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական հարցերում, դեռ բավական զարգացած չէ, քանի որ, ամենից զատ, սովորաբար հետաքրքրությունների այլ շրջանակ ունեն, անժխտելի է նրանց փորձի պակասը, որպես կանոն, դյուրությամբ են գայթակղվում ու խաբվում, հարբում հեղափոխական ռոմանտիկայով, միաժամանակ, այս հատկանիշներին զուգահեռ, բնավորությամբ ըմբոստ են, ազատատենչ, համարձակ, հակառակվելու, մարտնչելու հակում ունեցող։

Որոշ տեղեկությունների հիման վրա թերևս կարելի է ենթադրել, որ ինչպես Հայաստանում հեղաշրջումը սկսվեց մեր երկրի երկրորդ քաղաքից՝ Գյումրիից, այնպես էլ Ռուսաստանում հեղաշրջման փորձը, եթե այն արվի, սկսվելու է Սանկտ Պետերբուրգից, և հետո տեղափոխվելու է Մոսկվա։ Բացի այդ, Սանկտ Պետերբուրգը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդավայրն ու սիրելի քաղաքն է, և այս առումով նրան ցավ պատճառելու, խոցելու նպատակով, հեղաշրջումը կարող է հենց Սանկտ Պետերբուրգից սկսվել։

Հետաքրքիր է՝ Մարգարիտա Սիմոնյանի կողմից վերոնշյալ տեղեկատվության հրապարակումից հետո ինչ են մտածում և ինչ են անելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, համապատասխան միջոցներ, հարկ եղած դեպքում նաև՝ օրենսդրական, ձեռնարկելո՞ւ են՝ Հայաստանում օտարերկրյա ֆինանսավորմամբ նմանաբնույթ խմբերի պատրաստումը գոնե հետայսու կանխելու, բացառելու համար, թե, ասենք, Բոլթոնի «մռնչոցից» վախենալով, ոչինչ էլ չեն ձեռնարկելու, նախընտրելով թողտվության և Արևմուտքին չնեղացնելու քաղաքականությունը։

Պակաս հետաքրքիր չէ, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր ջերմ հարաբերությունները քանիցս ցույց տված, Ռուսաստանի վերաբերյալ շատ լավ արտահայտված (ինչն, անշուշտ, միայն դրվատելի է) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ինչ է պատասխանելու նրան, եթե ՌԴ նախագահը հանկարծ հետաքրքրվի Հայաստանում իրեն և իր վարչակարգը տապալելու նպատակով այդ և միգուցե նաև այլ խմբերի նախապատրաստման խնդրով ու բնավ էլ ոչ հաճելի հարցեր տա։ Հուսանք, որ այս մասին առաջիկայում հայտնի կդառնա:

 

Արթուր Հովհաննիսյան