Կատաղած ընձառյուծը ներխուժել է գյուղ ու խեղել մարդկանց (տեսանյութ)
Կատաղած ընձառյուծը քաոս է առաջացրել Հնդկաստանի հյուսիսում գտնվող Փենջաբ նահանգում և հարձակվել տեղի հինգ բնակչի վրա։ Ականատեսների նկարահանած տեսանյութը հրապարակել է տեղական «The Times of India» պարբերականը։
Միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը՝ հունվարի 31-ին, Լամբա գյուղի մարդաշատ փողոցներում։ Կադրերում երևում է, թե ինչպես են հարյուրավոր մարդիկ հավաքվել տների տանիքներին, սարսափահար հետևելով ագրեսիվ գազանին։
«Շուրջն ահավոր խուճապ բարձրացավ, մենք շատ էինք վախենում, որ ինչ-որ մեկը լրջորեն կտուժի»,- նշել է տեղի անտառապահ Խուշվինդեր Սինգհը CNN-ի թղթակցի հետ զրույցում։
Յոթ ժամ շարունակ ոստիկանությունը փորձում էր բռնել ընձառյուծին։
«Մենք երեք անգամ կրակեցինք կենդանու վրա տրանկվիլիզատորի պարկուճով, բայց միայն վերջին կրակոցն էր դիպուկ»,- պատմել է Սինգհը։
Նա բացատրել է նաև, որ այն պահին, երբ ընձառյուծն առանձնակի ագրեսիվ է, պատրաստուկները գրեթե չեն ազդում նրա վրա։ Կարգուկանոնի պահապանները հետապնդել են գազանին գյուղով մեկ և արդյունքում ծուղակը գցել նրան տներից մեկում։ Մի քանի ժամ անց եկել են անասնաբույժները և տարել կենդանուն մոտակա կենդանաբանական այգի։